Դերասանուհի Անաիս Սարդարյանը հանրությանը հայտնի է որպես թիթիզ աղջիկ. այդպիսին են կերպարները, որոնցով նա ներկայանում է էկրաններին։ Իրական կյանքում Անաիսն այդքան թիթիզ չէ, սակայն միշտ ոճային է։ BlogNews.am-ի Նորաձևության բաժնում այս անգամ հյուրընկալել ենք Անաիսին։

-Անաիս, միշտ աչքի եք ընկնում հետաքրքիր ոճով։ Համագործակցո՞ւմ եք ոճաբանների հետ, թե՞ ինքնուրույն եք որոշում՝ ինչ հագնել։

-Նույնիսկ շատ փոքր տարիքում ինքս եմ որոշել՝ ինչ հագնել, թեև նկարներս նայելիս հասկանում եմ, որ փոքր տարիքում այդքան էլ ճաշակով չեմ եղել, նայում եմ ու ինքս ինձ ամոթանք տալիս։)

«Քաղաքում» սերիալում ինքս էի որոշում ինչ հագնել։ «Խոպանի տեսությունում» ունենք ոճաբան, ով շատ լավ ճաշակ ունի, ու այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի եղել։ Եթերից աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայի տեսնել մյուսին։ Օրինակ՝ սերիալը դիտում են 13-14 տարեկան երեխաներ, և  չպետք է ցույց տալ փնթի հագուկապ։

Կարծում եմ՝ հանրային մարդը տանից դուրս գալուց պետք է միշտ հիշի, որ իրեն կարող են ճանաչել, մոտենալ, նկարվելու ցանկություն հայտնել։ Ես էլ կուզեի ամեն օր սպորտային կոշիկներվ լինել, սակայն դա անհնար է դառնում, քանի որ օրվա ընթացքում ունենում եմ գործնական հանդիպումներ։

-«Fashion» նորություններին հետևո՞ւմ եք։

-Այո, բայց ինձ համար ես եմ որոշում՝ ինչն է առավել թրենդային։ Ես ամեն տարի թարմացնում եմ զգեստապահարանս։

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք։

-Այո, բրենդներին ուշադրություն դարձնում եմ, քանի որ հաճախ համոզվում եմ, որ երբ զգեստս գեղեցիկ է ու համապատասխանում է ինձ, ես շատ ավելի ինքնավստահ եմ, ինչը շատ կարևոր է կնոջ համար։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ շատ դժվար է յուրահատուկ հագուստ ընտրել տարբեր խանութներից։ Բոլոր այն զգեստներս, որոնցով միջոցառում եմ վարում, բրենդային են։ Ընկերներս ինձ հետ շատ են վիճում՝ ասելով, որ շատ գումար եմ ծախսում հագուստի, կոշիկի վրա, սակայն ես միշտ ասում եմ, որ ինձ ավելի լավ եմ զգում, երբ ներկայանում եմ այդ զգեստներով։

-Առօրյայում է՞լ եք բրենդային հագուստներ հագնում։

-Չէ։ Գնումներ եմ անում այն բրենդներից, որոնք այսօր Հայաստանում շատ հասանելի են։ Ինձ համար առաջնայինն այն է, որ հագուստը լինի ճաշակով։ Եթե մարդը չունենա ճաշակ և ունենա գումար, կարող է ամենալավ բրենդներից ընտրել ամենավատ տարբերակը։ Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություններս թույլ տային ստանալ այնքան աշխատավարձ, որ կարողանայի հագնել այն, ինչ ես եմ ցանկանում։ Ես աշխատում եմ միջին աշխատավարձով, աստղաբաշխական հոնորարներ չեմ ստանում, սակայն կարողանում եմ հագնվել այնպես, որ ամոթով չմնամ։

Մեզ մոտ մի քիչ ավելի դժվար է՝ հաշվի առնելով մարդկանց նյութական վիճակը։ Հայերը շատ ճաշակով են, մեր ազգային տարազը շատ եմ սիրում ու հպարտությամբ հագնում եմ։ Կարծում եմ՝ հայ աղջիկներն ունեն պոտենցիալ՝ ճաշակով հագնվելու, ուղղակի չունեն հնարավորություն։

- Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք տրամադրում հագուստներին։

- Ես գնային հարցեր քննարկել չեմ սիրում։

- Շոպոգոլի՞կ եք։

- Չէ։ Քանի որ ես մենակ եմ ապրում, ինձ համար առաջնայինն այն է, որ տանս ամեն ինչ լինի, սառնարանս պետք է լեփ-լեցուն լինի, եթե անգամ շաբաթը մեկ ամբողջ պարունակությունը  թափում եմ։ Համարում եմ, որ յուրաքանչյուր կին ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի հյուր ընդունելու։ Միևնույն  ժամանակ ես մատներիս վրա կարող եմ հաշվել, թե «Քաղաքում» սերիալում նկարահանվելուս 3 տարիների ընթացքում քանի անգամ են զգեստներս կրկնվել, այն դեպքում, երբ ամբողջը եղել է իմ հագուստը։

- Նույն հագուստն առօրյայում է՞լ եք հագնում, թե՞ այն հայտնիներից եք, ովքեր չեն սիրում նույն հագուստով երևալ և՛ եթրում, և՛ առօրյայում։

- Ունեմ հագուստներ, որոնք հագնում եմ միայն եթերում, որովհետև կարճ շրջազգեստներ, շորիկներ առօրյայում չեմ հագնում, նախընտրում եմ ջինսեր։ Երբ հանրության ուշադրության կենտրոնում ես լինում, բաց հագուստն ավելի մեծ ուշադրություն է գրավում։

Ես ամեն հարցում մինիմալիստ եմ, չեմ սիրում փայլուն, ոսկեգույն հագուստներ։ Նմանատիպ բաներ հագնում եմ  միայն հատուկ դեպքերում, երբ կերպարիս համապատասխան է։

- Առօրյայում է՞լ չեք սիրում նույն զգեստը մի քանի անգամ հագնել։

- Վատ բնավորություն է, բայց ոչ։ Ես շատ հասարակ ընտանիքում եմ մեծացել, մեզ երբևէ երես չեն տվել, շռայլ բաներ ինձ թույլ չեմ տվել, բայց փոքր տարիքում էլ դպրոց գնալիս ասում էի, որ նույն հագուստը երկրորդ օրը չեմ հագնի, գոնե մի քանի օր պետք է անցնի։ Հիմա ինքս եմ աշխատում ու որոշում՝ ինչպես ծախսել գումարս։ Մայրիկս միշտ ասում է, որ ավելի կարևոր բաներ կան, քան հագուստը։ Ես նրա հետ համաձայն եմ, բայց ես դերասանուհի եմ, ու կարևոր է, որ գեղեցիկ հագնված լինեմ։

-Երբ մարդը սկսում է սեփական գումարն աշխատել, կա՛մ շատ ավելի շռայլ է դառնում, կա՛մ տնտեսող, Ձեր դեպքում ո՞ր տարբերակն է։

-Ես տնտեսող շռայլ եմ։ Ես այն մարդկանցից չեմ, ով միանգամից ծախսում է իր աշխատավարձը։ Ես ինձ տնային լավ տնտեսուհի եմ  համարում, որովհետև երբևէ չի լինում, որ ինձ մոտ ինչ-որ մի բան վերջացած կամ պակաս լինի։ Ընկերներս թույլ չեն տա, որ ստեմ, ինձ մոտ երբեք չի լինում այնպիսի իրավիճակ, որ որևէ մեկից պարտքով գումար խնդրեմ։ Ինձ համար դա տաբուի պես մի բան է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել