Վերջին շրջանում ակտիվ քննարկումների առարկա են դարձել Վրաստանի նախկին նախագահ և այժմ ուկրաինական պետական ապարատի ակտիվ դերակատար Միխեիլ Սաակաշվիլիի գործողություններն Ուկրանիայում: Նախ պետք է նշել, որ, իսկապես, քննարկում, քննադատում, խոսում, վերլուծում են նրան, ով կարողանում է ինչ-որ բան անել ընդհանրապես: Որպես քաղաքական կերպարի նրան կարելի է դասել այս շարքերում:

Սաակաշվիլին «սկանդալային» գործիչ է: Բայց այդ «սկանդալային» եզրույթի մեջ ոչ միայն ամփոփվում է մեր կողմից ընկալելի բացասական իմաստը, այլ նաև խիստ դրականը: Ասվածի վառ օրինակն էր ընդամենը օրեր առաջ Օդեսայի նահագահի՝ դատախազների հետ հանդիպումը, որտեղ Սաակաշվիլիին զայրացրել էր Ուկրաինայի դատախազների վարքագիծը ներդրողների հանդեպ: Բայց նրա քաղաքական հետագիծն ուսումնասիրողների համար դա նրա հերթական գործելաոճի դրսևորումներից էր: Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հայացք նետել նրա` Վրաստանում կառավարման տարիներին, ուր գրեթե ամեն օր ականատեսն էինք նման ֆորմատի տրամադրության:

Իհարկե, շատ մասնագետներ սա դիտարկում են որպես PR քաղաքականություն սեփական անձի նկատմամբ: Սակայն բոլոր ժամանակներում էլ PR-ը որպես գործիք խաղացել է ու խաղում է իր դերը գրեթե ամենուր: Բայց Միշայի, ինչպես վրաց ժողովուրդը կոչեց նրան, վարած քաղաքականությունն ապացուցել է, որ PR-ը ոչ թե եղել է նպատակ, այլ դա նա օգտագործել ու օգտագործում է որպես միջոց` նպատակին հասնելու համար:

Այսպիսով, անկասկած, ցանկացած թե՛ քաղաքական, անգամ թե՛ բիզնես-աշխարհի ներկայացուցչի գործունեությունն առանց քննադատությունների պարզապես անհնար է: Սա երևի թե նրանից է, որ աշխարհում գոյություն չունի ընդհանուրի համար ընդունելի և ոչ մի բան: Մարդն անահատականություն է, և նրա կողմից ընկալելի իրադարձությունները տարբերվում են մարդուց մարդ, պետությունից պետություն:

Հ.Գ. Հայերի հանդեպ նրա վարած քաղաքականությունը դիտարկելիս չպետք է մոռանալ «շվիլի», «ձե», «իա» վերջածանցների մասին` կիզակետում ունենալով վրացական պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել