Իրաք-Իրան պատերազմի նահատակների հիշատակության օրվա կապակցությամբ Թեհրանում արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդին մոտ կանգնած որոշ քաղաքական ուժեր քննադատական ելույթներ են հնչեցրել ԻԻՀ գործող նախագահ Հ. Ռուհանիի և Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Հ. Ռաֆսանջանիի հասցեին: Քննադատությունների առանցքում եղել է վերջիններիս՝ պետական կառավարման համակարգը «ընտրյալների» մենաշնորհ դարձնելու քաղաքականությունը: Այլ հարցերի համատեքստում ևս հնչել են քննադատություններ:

Որքան մոտենում է «5+1» երկրների հետ հերթական հանդիպման ժամկետը, որը կարող է դառնալ վճռորոշ ԻԻՀ հիմնախնդրի լուծման տեսանկյունից, այնքան Իրանում ավելանում է ԻԻՀ գործող կառավարության՝ տարբեր ոլորտներում որդեգրած քաղաքականության քննադատների թիվը: Հաշվարկված սցենար և ծանոթ իրավիճակ, որը միտված է առնվազն երկու նպատակի՝ ցույց տալ աշխարհին, որ Իրանը պատրաստ է նաև բանակցությունների անարդյունավետ ավարտի վատագույն տարբերակին, իսկ իրանական հասարակությանը ցույց տալ, որ Իրանի իսլամական վարչակարգը կառչած չէ միջուկային հիմնախնդրի լուծման գաղափարից և ունի այլընտրանքային լուծումներ:

Միջուկային հիմնախնդիրը, որը լրջագույն ռիսկեր է պարունակում, մշտապես ծանրացել է ԻԻՀ կառավարությունների «ուսերին», որոնք գիտակցել են այն իրողությունը, որ բանակցությունների ձախողման դեպքում մեղավորը միմիայն կառավարությունն է լինելու, հակառակ այն տրամաբանության, որ հաջողության պտուղներն ու փառքն իսլամական կառավարման ողջ համակարգին է բաժին հասնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել