Վստահ եմ որ շատերին դուր չի գալու եզրակացությունս, բայց ռուսական կայսրապաշտական (ցարական ռուսաստան, սովետական ռուսաստան, պուտինական ռուսաստան) բացիլը, վարակը մեզանում ամենատարածվածն ու վտանգավորն է: Վտանգավոր է ոչ միայն այնքանով որ խանգարում է ճանաչել ու սիրել ազատությունը, այլ եւ կուրանալ, խլանալ, համրանալ, անդամալուծվել....Այսինքն, ինչպես շատ ու շատ հիվանդություններ՝ ունի իր սոսկալի բացասական հետեւանքները: Ի դեպ, այդ հետեւանքներն արտահայտվում են ոչ միայն սեփական երկիրն ու ժողովրդին ազատագրելու ճանապարհից հետ պահելու փորձերին, այլ նույնիսկ ուրիշ երկրների ու ժողովուրդների ազատագրությունը տեսնելիս: Օրինակ, հայությունը 90-ականներին ատում էր Չեչենստանը որովհետեւ այդ ժողովուրդը ոտքի էր ելել իր ազգային ազատագրության համար եւ ասում էր թե ումից է ազատագրվում՝ ռուսական կայսրությունից: Բայց այս հանգամանքը ամենեւին կարեւոր չէր շատ «հավատացյալ ու շատ քրիստոնյա» հայի համար, որովհետեւ նա չեչեններին համարում էր մահմեդական եւ ուրեմն «դրանց տեղն էր սատկել քրիստոնեական ռուսաստանի տանկերի տակ»...
Հետո հայը սկսեց նույն կրքով ու եռանդով, ու գրեթե նույն «հայրենասիրությամբ» ատել վրացիներին: Ու թեեւ այդ ժողովուրդը ոչ միայն մահմեդական չէր, այլ եւ ռուսաստանի նման էլ ուղղափառ, բայց միեւնույն է՝ հանդգնել էր հեռանալ իմպերիայից...
Բոլորովին վերջերս ականատես եղանք հայության ատելության հերթական թիրախի՝ ուկրաինացիների նկատմամբ ատելությանը: Եւ քանի որ ըստ ռուսական պաշտոնական պատմաբանության ու քարոզչության Ուկրաինան նույն ռուսաստանն է, նույն ազգային ծագումով, լեզվով ու մշակույթով, սակայն ստրկամիտ հայը զգաց որ ուկրաինացին ի տարբերություն միշտ սիրելի ռուսի՝ թշնամի է: 
Երբ այս խնդիրները հայտանբերվում են հայաստանաբնակների մտածողության մեջ առանձնապես չեմ զարմանում, բայց երբ այս կարծրացած ու զարհուրելի մտայնությունը նկատում եմ դրսի, առավել եւս արեւմուտքի մեջ ապրած ու կրթություն ստացող մանկամիտների մեջ՝ կյանքն ստանում է գորշ ու կամ անգույն երանգ...
«Մենք քիչ ենք ու , դժբախտաբար նաեւ սավոկային հայ ենք»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել