ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրին, խոսելով ԻԻՀ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ, հայտարարել էր, որ Թեհրանի հետ բանակցող «5+1» ձևաչափի մաս կազմող երկրները միտված չեն կենտրոնանալ Իրանի նախկին միջուկային գործունեության ռազմական ասպեկտների վրա, քանի որ նրանց հետաքրքրում է միայն ապագան: Բացի այդ, նա նշել էր, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն Իրանի նախկին միջուկային գործունեության ռազմական բնույթ ունենալու վերաբերյալ, սակայն այսօր խնդիրը դա չէ:

Հաջորդ իսկ օրն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը որոշակի «շտկումներ» է մտցրել Ջ. Քերրիի խոսքում՝ նշելով, որ ԱԷՄԳ-ի բոլոր մտահոգությունները, Իրանի նախկին և ներկա միջուկային գործունեության՝ հավանական ռազմական նպատակներ հետապնդելու կապակցությամբ, պետք է նախքան հիմնախնդրի ամբողջական լուծում ապահովող փաստաթղթի ստորագրումը փարատվեն:

Անկախ այն հանգամանքից, թե այս միջադեպն ինչ տեսանկյունից կարելի է մեկնաբանել՝ ԻԻՀ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ ներքին անհամաձայնեցվածություն, թե դիվանագիտական սխալմունք, թե... ակնհայտ է, որ շատ հարցերի պատասխաններ տրվելու են բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ նախքան բանակցությունները, որը պահում է ինտրիգն ԻԻՀ միջուկային հիմնախնդրի համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել