Սիրում եմ կիրակնօրյա Երևանը: Ավելի ճիշտ, սիրեցի էսօրվանը հատկապես:

Եկեղեցում հավաքվածներին, որ «Քրիստոս ի մէջ մեր»-ի ժամանակ ողջագուրվում են: «Խաղաղութեան ձայն հնչեցաւ»...

Գրախանութը, որի աշխատող տղան բարեհամբույր կերպով փորձեց ինձ ծաղրել Հիտլերի «Մայն կամպֆ»ի տեղակ հայ ժամանակակից գրականություն առնելու համար: Իսկ ես մտածեցի՝ ոչինչ, դեռ փոքր ես, տարիքային է, Նիցշեն ու մանավանդ Հիտլերի կամպֆը կանցնեն, հենց մի քիչ էլ մեծանաս:

Օծանելիքի խանութը, որի վաճառող աղջիկների հետ չգիտես ինչի սկսեցինք երեկվա ֆուտբոլը քննարկել: Ինքներս էլ մեզ վրա ծիծաղեցինք դրա համար:

Մատաղիսից արձակուրդ եկած զինվորը ու նրան Երուսաղեմից խաչ նվիրող կինը, որ՛տև Մատաղիսում իր տղան էր ծառայել, ու նա գիտեր, որ դժվար տեղերից է:

Երևանյան բակերը, ծառերի հովը, հովի տակ խաղացող երեխեքը, բակերը ջրող մեծերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել