Տարիներ առաջ մեծ մասսայականություն վայելող «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել։ Համանուն ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ այն հետարտադրական փուլում է։

BlogNews.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց, որ սա «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ աշխատանք է։ Ֆիլմում ներգրավված են ինչպես «Որոգայթի» հայտնի դերասանները, այնպես էլ նոր  դերասաններ։

Գեղարվեստական ֆիլմում նկարահանվել են Հարություն Մովսիսյանը, Գարիկ Չեպչյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Արփինե Գաբրիելյանը, Արթուր Դարբինյանը, Մարջան Ավետիսյանը, Արման Մարգարյանը, Ստեփան Ղամբարյանը, Հովակ Գալոյանը, Սուրեն Թումասյանը, Սարգիս Գրիգորյանը, Վարդան Հովսեփյանը, Ելենա Բորիսենկոն, Սաթենիկ Հախնազարյանը, Բորիս Պեպանյանը և այլք։ Ֆիլմի պրոդյուսերն այժմ բանակցում է այն արտերկրում ներկայացնելու համար։

Թեև «Որոգայթը» ժամանակին բավականին մեծ լսարան ուներ, միաժամանակ արժանանում էր անխնա քննադատության՝ գողական բարքերն էկրան բերելու համար։ Ըստ ռեժիսորի՝ ամենևին փորձ չի արվում «ռոմատիկ» ներկայացնել քրեական աշխարհը։ «Ընդհակառակը՝ մենք փորձում ենք ֆիլմում ներկայացնել մի մարդու պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է այդ աշխարհում և փորձում պայքարել այդ աշխարհի ներկայացուցիչների դեմ։ Ֆիլմում զուգահեռ ներկայացվում է Հարություն Մովսիսյանի հերոսի երիտասարդ տարիների պատմությունը (երիտասարդ տարիքում նրան մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը)։ Ֆիլմը կապ չունի քրեական աշխարհի հետ, այն ներկայացնում է մարդու անձնական դրաման։ Սա բոլորովին այլ կարգի և որակի ֆիլմ է»,- հավաստիացնում է Ռոման Մուշեղյանը։

Ըստ ռեժիսորի՝ պահպանելով հերոսների ընդհանուր նախատիպը՝ ներկայացվում է նոր պատմություն. «Սա սերիալի խտացված պատմությունը չէ։ Գրվել է նոր սցենար, որը պատմությունը ներկայացնում է բոլորովին ուրիշ կողմից՝ գեղարվեստական ֆիլմի ժանրում»։

Ի դեպ, սկանդալային լուսանկարները, որոնցում դերասան Սոս Ջանիբեկյանն ու մոդել Աննա Գրիգորյանն ամուսնանում էին, սակայն այդպես էլ առանց մեկնաբանության մնացին, հենց այս ֆիլմից էին։ «Որոգայթում» նրանք մարմնավորում են սիրային զույգի։

Նախատեսվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա աշնանը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել