Exclusive

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, գիրք է գրել։ «Նոր կյանք նոր մարմնում» կոչվող գիրքն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Երեկ երևանյան սրճարաններից մեկում կայացավ Լիլիթի գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նրա և Ալեքսանդրի ընկերները, այդ թվում՝ Ելենա Արշակյանը, Արփինե Իսրայելյանը։ 

BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթը խոստովանեց, որ մինչև 18 տարեկան թմբլիկ է եղել, ինչից կոմպլեքսավորվել է ու դիմել զանազան միջոցների, որպեսզի նիհարի։ «Ես դիետիկ հաբեր էի խմում, օրերով ոչինչ չէի ուտում, քիչ էր մնում՝ հարցը հասներ անորեքսիայի։ Երեխա ունենալուց հետո ես կրկին բախվեցի քաշի խնդրին, քանի որ ծննդաբերությունից հետո 33 կգ գիրացել էի և խոր դեպրեսիայի մեջ էի։ Կարծում եմ՝ ցանկացած կին երեխա ունենալուց հետո ընկնում է դեպրեսիայի մեջ։ Սկսեցի նիհարել, սակայն այս անգամ՝ առողջ տարբերակով՝ իմանալով, թե ինչ կարելի է ուտել, շեշտում եմ՝ ինչ կարելի է ուտել և սոված չմնալ։ Ես հիմա ուտում եմ օրվա մեջ 5-6 անգամ և սոված չեմ մնում, սակայն բավականին նիհարել եմ։ Արդեն 46 կգ եմ»,- ասաց Լիլիթը։

Լիլիթի խոսքով՝ որոշեց գիրք գրել, քանի որ միշտ աշխատել է և որդու ծննդից հետո էլ չէր կարող ամբողջ օրը նստել տանը։ «Երբ ես սկսեցի սոցցանցերում ներբեռնել իմ լուսանկարները, ծանոթներս ու անծանոթները շատ բուռն էին արձագանքում, շատերը խորհուրդ էին հարցնում՝ ինչպես հասնել այդ արդյունքին։ Ես խորհուրդներ էի տալիս ու հասկացա, որ իմ մեթոդն աշխատում է ոչ միայն իմ, այլև ուրիշների դեպքում, եթե, իհարկե, նրանք իսկապես հետևում են կանոններին։ Ամուսինս խորհուրդ տվեց գիրք գրել, և նրա շնորհիվ սկսեցի գրել այս գիրքը։ Նա շատ է աջակցել ինձ»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ թեև իր համար գիրք գրելու առիթ է հանդիսացել հղիությունից հետո նիհարելը, այն ուղղված է բոլորին։ «Սա գիրք է առհասարակ նիհարելու մասին, ես անդրադարձել եմ նաև հետծննդաբերական շրջանին, քանի որ հենց այդ փուլում է փոխվում կնոջ կազմվածքը։ Հատկապես Հայաստանում կանայք ամուսնությունից ու երեխա ունենալուց հետո չեն հետևում իրենց կազմվածքին։ Եթե մարդու մոտ արդեն ճարպակալում է, սա չի օգնի, սակայն  եթե նա ուղղակի ավելորդ քաշի խնդիր ունի, այս մեթոդն անպայման կօգնի։ Այն, ինչ ներկայացված է գրքում, ուղղված է առողջ սնվելուն և ապրելակերպին։ Անդրադարձել եմ նաև մարզասրահ հաճախելու կարևորությանը, սակայն պետք  չէ միանգամից գնալ մարզասրահ, որովհետև քո ճարպը կվերածվի մկանի։ Սկզբում պետք է նիհարել, հետո մարզվել։ Գրքում նաև գրել եմ, թե ինչ վարժություններ կարելի է անել տանը, որպեսզի մաշկը ձիգ լինի»,- ասաց նա՝ նշելով, որ խորհրդակցել է նաև մասնագետների հետ։

Լիլիթի խոսքով՝ այժմ գնում է դիետոլոգի կուրսերի և հոկտեմբերին արտոնագիր կստանա։ Նրա ամուսինը՝ Ալեքսանդր Բաբասյանը, ասաց, որ այս գրքի ամեն գլուխը կարդալուց հասկացել է, որ բաժին առ բաժին այն զարգանում և հետաքրքրանում է։ «Սա նման չէ նիհարելու վերաբերյալ բուկլետների, սա գիրք է կյանքի, հղիությունից հետո հետաքրքրությունների, գեղեցիկ մարմին ունենալու, սպորտով զբաղվելու, առողջ սնվելու մասին։ Գիրքը ոչ թե նիհարելու, այլ գեղեցիկ մարմին ունենալու մասին է։ Օրինակ ես ֆուտբոլը թողնելուց հետո ամեն տարի ասում եմ, որ այս տարի գնալու եմ մարզասրահ, սակայն չեմ գնում։ Այս գիրքը կարդալով կրկին ոգեշնչվում ես։ Ես քննադատ եմ, հատկապես՝ ընտանիքիս անդամների հանդեպ, սակայն պետք է նշեմ, որ այս գիրքը ստացված է։ Ինչ վերաբերում է Լիլիթին, այդքան նիհարելու համար նման կամքի ուժ ունենալը տղամարդկությունից ավելին է»,-նշեց նա։ Լիլիթն էլ շնորհակալություն հայտնեց ամուսնուն՝ իրեն աջակցելու և հավատալու համար։

Ըստ նրա՝ կամքի ուժն առաջանում է ցանկությունից։ «Մի՞թե մենք այդքան կախված ենք սննդից։ Ինձ հաճախ ասում են՝ դե դու միշտ նիհար ես եղել, բայց այդպես չէ, ես նախկինում էլ ունեցել եմ քաշի խնդիր, սակայն նիհարել եմ։ Հիմա ես ապրում եմ առանց կոմպլեքսների, կարող եմ հագնել այն, ինչ ցանկանում եմ»,- եզրափակեց Լիլիթը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել