Քայլում էի ցեխոտ փողոցով ու նայում մարդկանց:
Իմ քաղաքին երբեք հատուկ չի եղել լույսն ու պայծառությունը:
Իսկ անձրևը, ցեխը, ամպրոպն ու մգացած երկինքը երբեք թույլ չեն տալիս զգալ քաղաքի լուսավոր էությունը: Մգացած երկինքը մարդկանց դեմքերն են, որ մոլորված քայլում են՝ նայելով դեսուդեն, բայց երբեք ոչ առաջ: Նրանք այրվում են պարապությունից, անէությունից, անիմաստությունից ու ձանձրույթից: Նրանք քայլում են՝ հանուն երկնքի: Նրանք քայլում են՝ հանուն կյանքի:
Իմ քաղաքը ձանձրույթի քաղաքն է: Մերոնք կան Ֆեյսբուքում ու Օդնոկլասսնիկում, Ինստագրամում, բայց ոչ Թվիթերում: Նրանք էնտեղ հրապարակում են ստատուսներ, անընդհատ փոխում իրենց կարգավիճակը, նկարները տարածում ողջ ինտերնետով, լուսանկարվում ու փոխվում, բայց... միայն համացանցային տիրույթում: KDWIN-ը նրանց մտքերի անբաժան հայելին է, ստեղնաշարը՝ քաղաքական դեբատների, անհամ կատակների ու մեկնաբանությունների արտացոլողը: Իմ քաղաքում հագուստը գնում են միայն նկարվելու ու ուրիշներին ցույց տալու համար, սնվում են, որ ապրեն: Այստեղ նույնիսկ «ապրում ենք, որ ուտենք» սկզբունքը չի գործում, այստեղ բացարձակապես ոչինչ չի գործում: Մեզ մոտ չկան ծառեր, այգիներ կամ նորոգված փողոցներ: Իրականում դրանք հարկավոր էլ չեն: Դրսում մարդիկ էլ հազվադեպ են հանդիպում: Մեր տներն իրար շատ մոտ են, բայց մենք և ոչ ոքս ոչ ոքի հետ չենք շփվել եբևէ: Չի ստացվել: Մեր ճանապարհները միշտ նույն ուղղությունն ունեն. նրանք հակառակ են:
Իմ քաղաքում չկան երազանքներ:
Այստեղ յուրաքանչյուրը իր երկրի ու քաղաքի տերն է, բանկի կառավարիչն ու թաղապետը: Այստեղ ոչ ոք չի աշխատում: Ինչո՞ւ աշխատեն: Գումարն առանց աշխատելու են վաստակում են համացանցում: Ստատուսնեով, մեկնաբանություններով ու հոդվածներով:

Իմ քաղաքում բոլորը կեղծ են: Նրանք ձանձրալի են:
Իմ քաղաքը: Իմ երազանքների քաղաքը, որ ի չիք է դառնում օր առ օր:

Գիտե՞ք, ես միշտ երազել եմ ապրել իրականության մեջ: Ես երազել եմ վայելել օդի յուրաքանչյուր հատիկը, այգու կանաչներն ու նույնիսկ իմ այդքան չսիրելի ծաղիկները, ես երազել եմ ապրել իրական մարդկանց հետ: Մարդիկ, աչքերն ու ժպիտները, իմ ամենակյանք երազները:

Բայց այսօր ես ունեմ երկինք, ամպրոպ, անձրև ու կեղտոտ, ցեխոտ ու աննորոգ փողոց:
Ես ունեմ երազանք, որը շուտով կդառնա ոչինչ:
Իմ քաղաքն այլևս չի լինի:
Իմ երազանքը կանհետանա:
Սև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել