DJ Սերժոն, ով վերջերս թողարկեց իր նոր՝ «Գույներ» ալբոմը, գործունեությունը Եվրոպայում շարունակելու ցանկություն ունի։ «Եթե ժամանակին Եվրոպայում աշխատելը հեռանկար էր, հիմա դա հասանելի է: Ուղղակի այդ ամենը ժամանակ է խլելու և պետք է ճիշտ ժամանակին որոշում կայացեմ»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում DJ-ի աշխատանքի շահավետությանը՝ հաշվի առնելով այն, որ այժմ շատերն իրենց DJ են հռչակում և իջեցնում գնային նշաձողը, Սերժոն ասաց. «Դա լուրջ պրոբլեմ է։ Խոսքը ոչ թե կենկրետ իմ, այլ առհասարակ որակով DJ-ների մասին է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է իմանա իր գինը։ Մենք այսօր ունենք DJ-ներ, ովքեր սպասարկում են տարբեր միջոցառումներ՝ ծնունդներ, հարսանիքներ։ Ուղղակի պետք է տարբերակել, թե ով ինչ է անում»։
Ըստ Սերժոյի՝ ոչ բոլորն են գնահատում որակը, սակայն տարեցտարի փոփոխության միտում է նկատվում։ «Մի լավ տենդենց կա. հարսանիքներին արդեն չեն կարողանում «յոլա գնալ» առանց DJ-ի։ Գուցե ցանկանում են, որ նա դնի այն երաժշտությունը, որն իրենք էլ կարող էին դնել, սակայն երևույթը, որ մասնագետի ներկայությունը պետք է, լավ է»,- նկատեց նա։
Սերժոյից տեղեկացանք, որ ինքը հարսանիքների ժամանակ չի գնում։ Ըստ նրա՝ իր ձևաչափը չի համապատասխանում հարսանիքներին։ «Դա ինձ համար սկզբունքային հարց չէ, ուղղակի այդ միջոցառումների ֆորմատն ինձ չի համապատասխանում։ Եթե իմանամ հարսանիքը տեղափոխվում է ակումբ և պահանջում են այն, ինչ ես եմ նվագում, կմտածեմ այդ մասին, բայց մինչ օրս նման բան չի եղել»,- նշեց Սերժոն։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի