Հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որպեսզի ռազմական գործողություններ իրականացնեն Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ: Կեսօրին մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին: Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները Մարզիլիում գրավել են մի Т-72 տանկ. ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից նրանք առավոտյան սկսել էին իրենց հարձակումը:

Քանի որ Մոնթեի սովորությունն էր միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս ուրիշ մարտիկների հետ լեռներից Jeep-ով շարժվեց դեպի Մարզիլի, որը, ինչպես կարծում էին, թշնամու զինյալները լքել էին այդ օրը, ավելի վաղ: Կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը 13.20, նրանք հասան երկու ճանապարհների հատման մի կետի գյուղի ծայրամասում: Այնտեղ նրանք տեսան մի զրահամեքենա, որ կանգնած էր մոտ 30մ հեռավորության վրա՝ իրենց գնացած ճանապարհին ուղղահայաց: Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և ոտքով մոտեցավ:

Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց, թե հայե՞ր են արդյոք: Թեպետ Կոմիտասն ազատ խոսում էր ադրբեջանական թուրքերեն, նա հարցը հայերեն տվեց: Երբ հետևեց բացասական պատասխան, հայերն իրենց մեքենայից դուրս ցատկեցին ու վազեցին՝ զրահամեքենայից արձակված ավտոմատ կրակոցների տարափից խուսափելու համար:

Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին: Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը մահացու վերք ստացավ: Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց: Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրին գտնվող քարե պատը՝ նրա ետևում պատսպարվելու համար: Երբ նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց երկրորդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց՝ դարձյալ վիրավորելով Սարոյին: Իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատը՝ ճիշտ աջ աչքի վերևում: Նա ընկավ իր կողքին գտնվող ճանապարհին ու մահացավ՝ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյանների ընթացքում՝ աչքերը կիսափակ և դեմքին խաղաղ արտահայտություն: Զրահամեքենան անհապաղ շարժվեց հատող ճանապարհով՝ փախչելու նպատակով: Հովիկը Մոնթեին առավ իր թևերի մեջ ու ռադիոյով օգնություն կանչեց: Համաձայն մեկից ավելի մարդկանց պատմածի՝ օգնական ուժերը հանդիպեցին ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի և գերի վերցրին առնվազն մեկին: Սակայն զրահամեքենան իր զինվորներով խույս տվեց: Այդ ընթացքում Մոնթեի մարմինն ու նրա վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի գյուղ: Այնտեղ Սարիբեկը մահացավ, նրա 5 երեխաները զրկվեցին հորից, իսկ աղքատացած ընտանիքը՝ կերակրողից:

Մոնթեի ու Սարիբեկի մահվանից մոտ մեկ ամիս անց Մարտունի քաղաքն ու շրջանը պաշտոնապես վերանվանվեցին Մոնթեաբերդ, և նրանց հուղարկավորությունից քիչ ժամանակ հետո հայկական ուժերը զգալիորեն առաջացան Աղդամի շրջանում:

Երբ Մոնթեի մահվան լուրը տարածվեց, Մոնթեաբերդի հասուն բնակչության մեծ մասը հավաքվեց՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց սիրելի Ավոյին՝ այն անձնավորությանը, ով ադրբեջանցիներին հետ է շպրտել իրենց գյուղը մինչ այդ ռմբակոծող «գրադի» հասանելիությունից այն կողմ: Շատ մոնթեաբերդցիներ պահանջում էին, որ նա թաղվի Ղարաբաղում, ոմանք նույնիսկ ուժի դիմելով, փորձեցին թույլ չտալ, որ նրա դագաղը դրվի Երևան թռչող ուղղաթիռի մեջ: Ի վերջո, սակայն, նրանք տեղի տվեցին Սեդայի ցանկությանը՝ Մոնթեին հուղարկավորելու Հայաստանի մայրաքաղաքում: Մոնթեն հուղարկավորվեց ռազմական մեծ պատիվներով՝ 1993թ. հունիսի 19-ին: Համաձայն մի հաշվարկի՝ մոտ 15.000 մարդ անցավ Սպայի տան դահլիճում դրված նրա դագաղի առջևով: Պաշտոնյաներից ներկա էին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի և ԱՊՀ-ի բարձրաստիճան զինվորականներ, երկրի բոլոր նշանակալից քաղաքական կուսակցությունների առաջնորդները: Ըստ հրապարակված տվյալների՝ 150-250.000 մարդ էր մասնակցում հուղարկավորությանը:
Մոնթեն թաղվեց Եռաբլուրում, որ նայում է Արարատյան դաշտին: Հեռվում՝ հորիզոնի վրա, հառնում է Արարատը, թուրքական սահմանից քիչ այն կողմ:

Մոնթեի գործը թերի մնաց, որովհետեւ այն սերնդին չներկայացվեց: «Ազգային հերոսները մետաղները չեն: Կան մարդիկ, որոնք հերոս կոչվելու իրավունք չունեն: Մոնթեն այն մեծ հերոսներից էր, որի առաջ հայ ժողովուրդը մեծ անելիք ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել