Դեռահասների սեռական դաստիարակության խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները. ՍեքսոպաթոլոգՀանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում դեռահասների սեռական դաստիարակության լուրջ եւ խիստ պատասխանատու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Նրա դիտարկմամբ` դպրոցներում շատ հպանցիկ են քննարկվում սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման, մինչդեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք:Ավելին` օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին:

«Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, ինչը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ եւ խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները»,- նշեց Վրեժ Շահրամանյանը: Հանրակրթական դպրոցներում ուսուցանում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որը, նրա խոսքով, ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այդ դասաժամը վերցված է ֆիզկուլտուրայի ժամից եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: «Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը  տարակուսելի եւ վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում եւ սպեցիֆիկ մեթոդաբանություն»,- նշեց սեքսոպաթոլոգը: 

Անդրադառնալով սեռական դաստիրակության վերաբերյալ համապատասխան գրականության առկայությանը եւ մատուցման որակին` նա նշեց, որ կան ձեռնարկներ, որոնք թարգմանված են օտարալեզու աղբյուրներից: Հայ հեղինակների գրված գիրք դեռեւս չկա, սակայն շուտով կլինի: Բայց, նրա խոսքով, գրեթե բոլոր գրքում ներկայացված են սեռական օրգանները եւ դրանք միմյանցից տարբերակող առանձնահատկությունները, սակայն սեռական հարաբերությունների, դրանց վերաբերվող հիգիենայի եւ այլ կարեւոր հարցերի մասին ոչինչ չկա: «Դեռահասային տարիքի համար սա շատ զգայուն թեմա է, եւ բոլորն էլ թաքնված հետաքրքրություն ունեն թեմայի նկատմամբ, քանի որ սեռահասունացման տարիքում գտնվող դեռահասներին օրինաչափորեն հետաքրքրում է սեռական հարաբերությունների թեման, եւ նրանք այդ մասին իմանում են տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` անվերահսկելի համացանցից, որտեղ ամեն կարգի տեղեկություն կա: Համացանցում տեղակայված սեռական առողջությանը վերաբերող հայալեզու ինֆորմացիան շատ հակասական է, երբեմն՝ նունիսկ անհավաստի եւ վտանգավոր: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ սեռական ճիշտ դաստիարակությունը ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց նա:

Սեքսոպաթոլոգը առաջարկում է, որ  սեռական առողջության եւ սեռական կյանքի հարցերը քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող, այլապես սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ: «Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում: Հաճախ մեզ դիմում են այնպիսի հիվանդներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառն այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են»  նաեւ նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի եւ անհավաստի տվյալներ պարունակող  գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը»,- ասաց նա::

Ըստ այդմ, սեքսոպաթոլոգոը կարեւորեց, որ ծնողները գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: «Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: «Երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջեւ եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից:Սեռական  դաստիարակության  խնդիրն է`  նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի եւ մանկածնության գործառույթի լիարժեք ձեւավորմանը, ամուսնության եւ ընտանիքի ֆիզիոլոգիականեւ բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաեւ մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը»,- նշեց նա:

Սեքսոպաթոլոգի խոսքով` սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ եւ սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին: Այն սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից:

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել