Թող քո ժպիտը փոխի աշխարհը, բայց թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ... (Ռեյ Բրեդբերի)

Ժպիտը մարդկային հոգու ճիչն է, երջանկության և բավարարվածության միակ արտահայտությունը: Առանց ժպիտի աշխարհը անգույն կդառնա, կկորցնի իր ողջ հմայքն ու գեղեցկությունը: Երբ ժպտում եք, ոչինչ այլևս ի զորու չէ փոխելու ձեր դեմքի արտահայտությունը, նույնիսկ ամպամած, մռայլ ու ցուրտ օրը: Այլ ճիշտ հակառակը, հենց ձեր ժպիտն է, որ կփոխի դիմացինի տրամադրությունը, քանզի ժպիտը վարակիչ է: Եթե դուք ժպտաք, նայելով ձեզ կժպտան նաև մյուսները, և այդպես շարունակ: Արդյունքում կստացվի, որ ձեր ժպիտը, որը ձեզանից ոչ մի դժվարություն չպահանջեց, փոխեց բոլորին, փոխեց աշխարրհը... Միգուցե սա չափազանցություն թվա, բայց, հավատացեք, իրականում դա այդպես է, ամեն ինչ սկսվում է մեկից:

Ժպիտը մեր դեմքին հայտնվում է ակամա, երբ ասելու բան այլևս չկա, կամ երբ չես կարողանում ճիշտ բառեր գտնել: Շատ հաճախ այն փոխարինում է բազում երկարաշունչ նախադասությունների, որոնք, միևնույն է, չեն կարող լինել այնքան ազդեցիկ, որքան ժպիտը: Այն անկեղծ ժպիտը, որը ճիշտ կյանքի դեմքն է: Այն օգնում է հաղթահարել ցանկացած արգելք ու դժվարութուն: Գուցե հիմա հարցնեք ինքներդ ձեզ: Այդ ինչպե՞ս: Բայց, եթե մի փոքր մտածեք, կհասկանաք այս խոսքերի իմատը: Այն պահին, երբ թվում է, թե խնդիրներն անհաղթահարելի են, նայեք երկնքում լողացող ամպերին կամ բնության որևէ այլ երևույթի և ժպտացեք: Իսկույն կմոռանաք ձեր խնդիրները և հաղորդակից կլինեք բնության հրաշքներին, իսկ հետագայում խնդիրներին այլ կերպ կնայեք, նրանք ձեզ այլևս անհաղթահարելի չեն թվա: Ահա թե որն է ժպիտի ուժը: Մի՛ վախեցեք ժպտալուց և հիշեք, որ ժպտուն աչքերը գեղեցիկի գրավականն են: Բացի այդ՝ ժպիտը առողջարար է: Ապացուցված է, որ լավատեսը հոռետեսից երկար է ապրում: Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչու է այդպես: Միայն այն փաստը, որ լավատեսը ավելի շատ է ժպտում, խոսում է այդ մասին: Նա, ով շատ է ժպտում և ժպտում է անկեղծ, երկարացնում է իր կյանքը: Շատ լավ է ծեր տարիքում հիշողության մեջ ունենալ բազմաթիվ ժպիտներ: Ժպտացե՛ք և ժպի՛տ պարգևեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել