«Կրկին գալու է սատանայի ժամանակը: Կրկին սատանան է իշխելու աշխարհին: Կրկին գայլերն անպատիժ խժռելու են գառներին: Կրկին արժանավորները ժանիքների երկարությամբ են ընտրվելու: Կրկին բարին հալածական է դառնալու և ապաստան չի գտնելու: Կրկին ամեն մարդ ինքն իրեն է պաշտելու: Կրկին հաջողությունը նենգավորներին ու խաբեբաներին է ընկերակցելու: Կրկին արդարություն փնտրողների կանայք ու երեխաները մի կտոր հացի կարոտ են քաշելու: Մեռնելու է Աստծո որդու հավատը: Մոռնելու է բայց չի թաղվելու: Անթաղ լեշի նման ընկնելու է հավատացողների գլխին և խեղդամահ է անելու նրանց: Աստծո որդու մեռած հավատը սատանայի ամենահզոր զենքն է դառնալու: Հայրապետները, վարդապետներն ու քահանաները գողերից են ընտրվելու: Արհամարհվելու են գիրն ու ուսումը: Հազարամյա ձեռագրերը կրակի են տրվելու, գրադարանները որդի բաժին են դառնալու: Արքաներն ու իշխանները իրենց օրը զեխության մեջ են մթնացնելու և լուսացնելու: Զորականները պաշտելու են ռազմական փառքը, բայց ատելու են զենքը: Ոսկու փայլը կուրացնելու է կույսերին, հատուկենտ առաքինիները ծաղրվելու և քարկոծվելու են հրապարակներում: Երեխաները պոռնիկների դաստիարակությանն են տրվելու…»

Վարդան Գրիգորյան «Դար կորստյան» 1985 թ. Երևան

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս պատմավեպում վերլուծվում են Անիի թագավորության կործանման խորքային պատճառները: Այս փոքրիկ մեջբերումն անգամ բավարար է հազար տարվա վաղեմություն ունեցող պատմական անցքերի և այսօր մեզանում տիրող իրականության միջև նմանություններ տեսնելու համար: Կարծես ոչինչ չի փոխվել: Պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել: Դարձյալ նույն ցոփ ու շվայտ կյանքով ապրող «մայրաքաղաք պետությունը», մարդկանց բարքերի անկումը, ազգի գոյության համար անհրաժեշտ բոլոր գլխավոր ուղենիշների մոռացությունը, մարդու մարմնավոր բարեկեցությունն ու անհոգ կյանքը որպես գերագույն նպատակ հայտարարելը և այլն և այլն: 
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Քիչ ժամանակ է մնացել: ՊԵՏՔ Է ՈՒՇՔԻ ԳԱԼ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել