Տեղական ինքնակառավարումը պետության կառավարման (ուշադրություն, ոչ պետական կառավարման) այն առանձնակի հատվածներից մեկն է, որը հանդիսանում է անմիջապես «բնակիչ-իշխանություն» համատեքստի նշանաբանը: Բոլոր պետություններում էլ դրված է տեղական ինքնակառավարման համակարգը՝ որպես առանցնացված ինստիտուտ: Բայց, այնուամենայնիվ, այն կամա թե ակամա մասնակիցն է դառնում նաև պետական կառավարմանը, չնայած որ դրա իրողությունը ոչ մի տեղ ամրագրված չէ:

Այս խնդիրը հատկապես նկատվում է Հայաստանում: Երեկ հանրապետության 32 համայնքներում անցկացեցին ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես` Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում:
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հիմնականում հաղթել են (իշխանության «տրամադրած») իշխանությանը միտված թեկնածուները:

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ, այո, մարդիկ երբեմն ճիշտ բնորոշում են տալիս, ասելով` համայնքի ղեկավարը դառնում է պարզապես պետական իշխանության «գործիք»:
Մի կողմ թողնելով իշխանական կամ ոչ իշխանական դասումները՝ պետք է նշել, որ համայնքապետը, ըստ էության, ուղղված է համայնքային նշանակության հարցերի լուծմանը և համայնքի կարողությունների ճիշտ օգտագործմանը:

Բնակչության բարեկեցության բարելավման նպատակով իրականցվող քաղաքականությունն է հենց տեղական ինքնակառավարման համակարգի էութունը: Իսկ ընտրությունները պետք է լինեն համայնքի բարեկեցության բարելավմանը միտված, այլ ոչ թե իշխանական խաղաքարտերի փոփոխմանը կամ դրանց պահպանմանը:

Այս ընտրությունները կարևոր էին այնքանով, որ նոր հնարավորություն են բացում տվյալ համայնքներում: Անկախ նրանից, թե ընտրված թեկնածուները որ «թևից» են, ում են «հարում» և ինչու, նրանք ստանում են համայնք, որը ունի բազմաթիվ խնդիրներ և սուղ ֆինանսական միջոցներ:

Երբեմն, իսկապես, լինում են այնպիսի խնդիրներ, որոնց չլուծումը պայմանավորված է լինում զուտ միջանձնային հարաբերություններով: Իսկ յուրաքանչյուր նոր ընտրություն տալիս է նոր հնարավորություններ` շտկելու այդ հարաբերությունները և սթափեցնելու համայնքի զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել