Թուրքիան Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի՝ 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածում Թուրքիային վերաբերող հատվածներից մեկը սա է. «Նույնը կանեն նաև Թուրքիայի տառապյալ քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ հանդուրժել են կատաղի զինվորական ճնշումներն ու «լեռնցի թուրք» նվաստացուցիչ պիտակը, որի նպատակն է մոռացնել տալ նրանց ինքնությունը: Հանդարտության կարճ ժամանակահատվածից հետո վերջերս դարձյալ ուժգնացել են ճնշումները և Թուրքիայի արևելյան այդ 5-րդ մասը պետք է համարել գրավյալ (օկուպացված) տարածք» (1):

Մեկ այլ տեղում Թուրքիան հիշատակվում է որպես «…հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրություն», բայց դա այլ քննարկման թեմա է, և, բնականաբար, դրան կանդրադառնանք հետագայում: 
Երրորդ և չորրորդ հիշատակումները համապատասխանաբար սրանք են. 
«Մինչ այդ մեր համազգեստ հագած տղամարդիկ և կանայք շարունակելու են պայքարն ընդդեմ ահաբեկչության և հանուն անվտանգության ու ժողովրդավարության: Ներկա պարտադրված միությունների (Անկարա և Կարաչի) առկայությունն անգամ բերրի հող է կրոնական ծայրահեղությունների և ահաբեկչական խմբավորումների կազմավորման համար», 
«Ովքե՞ր են կորցնելու. Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Քուվեյթը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Արևմտյան Ափը»:

Մենք կենտրոնանանք առաջին հատվածի և քարտեզի բովանդակության վրա: 
Քարտեզում, ինչպես նշված է հոդվածում, «Թուրքիայի արևելյան 5-րդ մասը» ներառված է ապագա Ազատ Քրդստան պետության կազմում: Դրանով իսկ իրականում ներկայացված է Թուրքիայի մասնատման առաջին փուլը: Թուրքիայի մասնատման երկրորդ փուլի մասին մենք մանրամասն խոսել ենք 2010-ին հրապարակված մի հարցազրույցում (2):

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված Արձանագրությունների սպառնալիքը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության համար առավել ուժգին, որովհետև դրանց վավերացումն Արևմուտքի համար կարևոր է Թուրքիայի մասով, որ դրանով սկսվի Թուրքիայի Հանրապետության առաջին փուլի մասնատումը, Հայաստանի Հանրապետության մասով, որ դրանով Արևելյան Հայաստանի Կարսի, Արդահանի, Իգդիրի և Արևմտյան Հայաստանի տարածքները «համարվեն» անտեր, ոչ մեկին չպատկանող, որպեսզի դրանք «նվիրաբերվեն» (3) մեկ այլ` երրորդ կողմի, տվյալ դեպքում` քրդերին: 
Նկատելի է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված Արձանագրությունների վրա քրտնած եվրոպական փորձագիտական խումբը սերտ կապեր է ունեցել Ռալֆ Պիտերսի և նրա փորձագիտական խմբի հետ, որովհետև դրանք միմյանց օրգանապես լրացնող ու շարունակող փաստաթղթեր են:

Ներկայումս Թուրքիայի քաղաքական վերնախավը կանգնած է բավական լուրջ խնդիրների առջև, որոնք կարելի է բաժանել երեք խմբի: 
Առաջին խումբ: Ընդառաջ գնալ Ռալֆի միջոցով ներկայացված արևմտյան միտումներին և Ազատ Քրդստանի հաշվին զիջել «Թուրքիայի արևելյան 5-րդ օկուպացված մասը»: Դա նշանակում է նախ վավերացնել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված Արձանագրությունները, ապա իրականացնել Բալկաններ - Միջին Արևելք - Կովկաս - Աֆղանստան գծով արևմուտքի առջև ստանձնած ռազմական - քաղաքական պարտավորությունները, որոնց մեկ մասն արդեն իրականացվել է Բալկաններում` Կոսովոյում, Միջին Արևելքում` Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում և այժմ իրականացվում է Սիրիայում և Իրանում: Մնում է իրականացնել քրդերի ցեղասպանություն, և Ռալֆի ծրագիրը Թուրքիայի մասով պատրաստ է:

Երկրորդ խումբ: Ամեն գնով փորձել պահպանել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական խնդիրը դա է, որովհետև Եգեմեն Բաղըշի և այլոց ազգայնականությունն ու օսմանականությունն իրականում այլ բան չէ, քան ավելորդաբանություն: Բոլորին է հայտնի, այդ թվում` Թուրքիայում, թե ինչով սկսվեց և ինչպես ավարտվեց երիտթուրքերի ազգայնականությունն ու օսմանականությունը: Բոլորին է պարզ, որ խնդիրը ոչ միայն երկիրը մասնատումից, այլև սեփական անձը պատասխանատվությունից, այդ թվում` միջազգային ատյաններից փրկելն է:

Երրորդ խումբ: Ընդառաջ գնալ Հայկական Հարցը վերջապես կարգավորելու իրավացի պահանջներին, Հայոց հայրենիքը վերադարձնել հայերին, ընդունել Հայոց ցեղասպանության մեղքը, կատարել ցեղասպանության վնասների հատուցում` դրանով իսկ փրկելով և՛ ներկայի, և՛ ապագայի սերունդները շարունակական դիմակայության և թշնամության ճիրաններից: Այս վերջինը միգուցե ամենադժվարին իրականացվող տարբերակն է, բայց նաև միակն է իր նշանակությամբ, որ հանում է բոլոր հարցերն ու հարցականները տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, խաղաղ ու կայուն զարգացման ապահովման տեսանկյունից: 
Մենք հասկանում ենք, որ այս ճանապարհի հակառակորդները դրսում ավելի շատ կլինեն, քան Թուրքիայում, ինչպես դա եղավ Ֆրանսիայի Սենատի ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի դեպքում, երբ դրա հակառակորդները, ազատ խոսքի կեղծ պաշտպանները, Ֆրանսիայում և Գերմանիայում ավելի շատ էին, քան Թուրքիայում, այդ թվում և լրատվամիջոցների մակարդակով, որին շատ կարևոր պատասխանատվություն է hատկացված՝ ռասիզմի և այլատյացության քարոզչության դեմ առաջին շարքերում պայքարելու իմաստով (4):

Այնուհանդերձ, Հայկական Հարցը կարգավորելու պահանջին ընդառաջ գնալը նշանակում է նաև պատմության քաղաքակրթական քննությունը հանձնել, որովհետև միայն այդպես են, իսկապես, հարատևում ազգերն ու պետությունները: Մնացյալը կրկին ավելորդաբանություն է:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

21.03.2012 թ.

----------------------

Ծանոթագրություն
1. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», թարգմանությունը և նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service. 
2. Տես, «Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում» (Թուրքիան և Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների), «Իրավունքը de facto», թիվ 23 (183), էջ 9: 
3. Հիշեցնենք, որ «նվիրատվություն» ձևակերպումը Ռալֆի ընտրությունն է, որը հոդվածում գործածված է այսպես. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»: Տես, նույն տեղում, նաև` «Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), հոկտեմբեր - նոյեմբեր, 2007, էջ 29-33: 
4. Տես, Ժիրայր Քոչարեան, «Թուրքիան թէ՛ կրկնացեղասպան է և թէ՛ սերիալ ցեղասպան», Hraparak.am, 16/03/2012:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել