Պոլիտեխնիկի ռեկտոր Թոքմաջյանն այսօր շոու էր բեմադրել, որը լրագրողներիս թեթև ձեռքով տապալվեց: Իսկ հիմա մանրամասնեմ. նախ նշեմ, որ ԵՊՀ-ի ժուռֆակում սովորելուց առաջ ավարտել եմ Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետը, դրա համար էլ սրտացավ եմ մայրենի բուհում տեղի ունեցող անախորժ դրությամբ: Իսկ ահա Թոքմաջյանը ռեկտորի ընտրությունից առաջ էսօր որոշել էր ասուլիս հրավիրել, հավաքել պրոֆեսորադասախոսական կազմը, կանչել ամբիոնի վարիչների, դեկանների, պրոֆեսորների, որոնց մեջ գտա նաև հարազատ դեմքեր: Թոքմաջյանը նախ դեկլարատիվ ներկայացրեց կատարած տարեկան աշխատանքներն ու անցավ բուն բեմադրությանը: Վերջինս սլայդ-շոու էր կազմակերպել իր անվան շուրջ պտտնող սկանդալները մեկնաբանելու և դրանք ստոր հերյուրանք որակելու համար: Մասնավորապես պեղել էր ՀՊՃՀ-ի մարզադահլիճի շուրջ ֆինանսական չարաշահումների, իր և Պոլիտեխի քոլեջի պրոռեկտորի միջև սկանդալի մասին մամուլի հրապարակումները և սկսել հերթով հերքել: Ռեկտորը, ավելի ճիշտ՝ ԺՊ-ն, յուղոտ կտորը պահել էր վերջում. վերջինս կրիմինալ խրոնիկա հիշեցնող վիդեո էր պատրաստել իր և աշխատակցուհու միջև սեքս-սկանդալի վերաբերյալ, թե ինչպես իր ֆբ-ի էջը ջարդած երիտասարդները մտնում են սրճարաններ և զբաղվում իր անունից նամակագրություն գրելով: Ընդ որում` տեսանյութերում երևում էր միայն, թե ինչպես երիտասարդները պարզապես մտնում են սրճարաններ զրուցում ու դուրս գալիս: Տեսանյութերում չկային ապացույցեր, թե ինչպես են երիտասարդները սեքս-սկանդալ նախապատրաստում, համակարգչով ինչ-որ բան գրում, սակայն Թոքմաջյանը վստահեցրեց, թե սրճարանում գտնվելու ժամանակը համընկնում է ֆբ-յան իր էջի կոտրելու ժամանակահատվածի հետ: Բնականաբար, նման շոուից հետո ես ձայն խնդրեցի՝ հարց տալու համար և տեղեկացրի, որ տալու եմ մի քանի հարցեր: Ասուլիսավարը վրդովվեց` նշելով, թե կարող եմ մեկ հարց տալ միայն, ինչևէ, լինելով բնույթով լաչառ, տվեցի բոլոր հարցերս: Նախ հարցրեցի, թե ինչու է խախտում անմեղության կանխավարկածը և առանց մեղադրական եզրակացության մեղադրանք առաջադրում այդ երիտասարդներին` ներկայացնելով ինչ-որ վիդեոներ, հետաքրքվեցի, թե ինչու ոստիկանություն դիմելուց առաջ ջնջել էր համակարգչի ողջ ֆայլերը: Նշեցի, որ տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունից առաջ փորձում է սրբագրել կենսագրությունը, քանի որ մեխը ոչ թե դրել է տարվա կատարած աշխատանքների, այլ սկանդալները հերքելու վրա, խնդրեցի մեկնաբանել, թե արդյոք կա՞ կենսագրությունը մաքրելու խնդիր, և որքա՞ն է գնահատում ընտրություններում հաղթելու իր շանսերը: Բնականաբար, հարցերը լսելուց հետո ռեկտորն ասաց, թե կպատասխանի միայն մեկին, սակայն հանդիպելով իմ ևս մեկ լաչառությանը, թե հակառակ դեպքում կգրեմ, որ խուսափում է պատասխանել, սկսեց լղոզել և ոչ մի սպառիչ պատասխան այդպես էլ չտվեց: Նա ինձ կծելու նպատակով նույնիսկ ինձ երկու անգամ տիկին անվանեց: Մյուս լրագրողներն էլ նույնպես սկսեցին ոչ բարի հարցեր տալ, այդ ընթացքում ասուլիսավարը մոտեցավ ինձ, անդաստիարակ և ոչ պրոֆեսիոնալ լրագրող անվանեց` նշելով, թե իմ տարիքի երեխեքին դաս է տալիս, և ես շատ վատ լրագրող եմ և ոչ կոռեկտ հարցեր եմ տալիս, դե ես էլ բնականաբար թռա դեմքին, թե ինքը չպիտի ինձ սովորեցնի լրագրություն, և ես չեմ եկել ռեկտորին ջան ու ղուրբան անելու: Անպայման նշեմ, որ ասուլիսի ողջ ընթացքում նկատելի էր, թե ինչպես շարքերում նստած պրոֆեսորները տարակուսած նայում էին ռեկտորի բեմադրությանը, միայն մի քանի համախոհներ ցուցադրական մեկ-մեկ ծափահարում էին նրան... վերջում ծափահարողներից երկու հոգի մոտեցան ինձ և տեղեկացրեցին, որ նման հարցերը հարիր չեն բուհում հնչեցնելու համար, երբ իմացան, որ ՀՊՃՀ-ի շրջանավարտ եմ, էլ ավելի սաստեցին.. Մի խոսքով` ՀՊՃՀ-ում որոշները շատ նեղվել էին, որ իրենց նախկին ուսանողն անդաստիարակ դուրս եկավ և համարձակվեց իրերն իրենց անունով կոչել... Իսկ եթե իմ արածը իրոք անդաստիարակություն է, ապա ես հպարտ եմ դրանով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել