Էս վերջերս հաճախ կարելի է լուրերով տեսնել, թե ոնց է այս կամ այն տարածքային հարկայինի ինքնադրսևորվող պաշտոնյա անարգանքի սյունին գամում այն հարկատուին, որի ծախսերը և եկամուտները վերլուծելիս ինչ-որ «կասկածելի» եզրահանգումների է եկել:
Ասա, այ հարգելիներս, լինելով պետական համակարգում, ինչու չգիտե՞ք, որ հիմա այնպիսի ժամանակներ են, երբ և՛ պետական պաշտոնյաների և՛ բիզնեսով զբաղվողների եկամուտներն ու ծախսերը վերլուծելիս բոլորի վրա էլ հոդված կարելի է դնել: Սակայն եթերով անձին քլնգելու համար, բացի ձեր վերլուծություններից, մի քիչ ավելի հիմնավոր բաներ են անհրաժեշտ, չէ՞: Նման է նրան, որ դատախազությունը հարկայինի որևէ պաշտոնյայի ծախսերն ուսումնասիրելով՝ հեռուստատեսությամբ հայտարարի, թե իրեն կասկածելի են թվում տվյալ չինովնիկի եկամուտների հայտարարագիրը:
Երբ մեկը մի քիչ վերլուծում է պաշտոնյաների ազգուտակի ունեցվածքի աճի կորը տվյալ պաշտոնյայի պետական պաշտոն ստանձնելու ժամանակաշրջանում, ապատիայի մեջ է ընկնում: Ո՞նց եք արդար քրտինքով աշխատող հարկատուի եկամուտները ծախսերի հետ համադրելով՝ հայտարարում, թե տվյալ հարկատուն եկամուտները թաքցնում է: Գուցե երկրի տնտեսությո՞ւնն է կործանվել հենց նաև ձեր անհիմն «վերլուծությունների» հետևանքով ձեզ չվճարող բիզնեսմենին կործանելու պատճառով: 
Ուշքի եկեք այ մարդ. մանկլավիկներին ուղարկում եք հարկատուների մոտ, թե բա՝ պետս կարգին տղա է, բա Նոր տարին չեք շնորհավորո՞ւմ (իրականում ասում են՝ շնավորըմ), հետո էլ չշնորհավորած հարկատուների տվյալներն եք «վերլուծում» ու առանց դատարանի վճռի հայտարարություննե՞ր եք անում: Հասկացանք, որ էլ չի լինում բյուջեի մուտքերի պլանը կատարել, բայց պիտի վերջին բիզնեսմեններին էլ կործանե՞ք: Սա ոչ միայն անբարոյականություն է, սա նաև անտնտեսվարություն է, մի քիչ էլ մտածեք վաղվա օրվա մասին, վաղն ո՞վ է հարկ տալու: 
Մի բան հասկացեք, այն երկրում, որտեղ բջջային օպերատորն ու էլեկտրաէներգիա մատակարարող մոնոպոլիստներն են վնասով աշխատում, այդ երկրում կարող է մի փոքրիկ արտադրամաս վնասով աշխատել: Դրա համար էլ Շրջանառության հարկ եք մոգոնել, որ հարկատուն անկախ իր վնաս-շահույթից՝ հարկ տա պետությանը: Ծիծաղելի եք արդեն ձեր տափակ «վերլուծություններով»:
Ինչ մեղք է մեր ազգը, որի կառավարությունը սրանց նմանների հույսին է մնացել: 
Գոնե լրատվականները նման նյութերը եթեր տալուց առաջ ու հետո շեշտեն, որ անձն անմեղ է, քանի դեռ նրա նկատմամբ չկա ուժի մեջ մտած դատարանի վճիռ կամ գոնե խոսելու ժամանակ տակից վազող տողով գրեն, որ էս մարդը մեզ գումար է տվել եթերի համար, չենք կարողացել մերժել, որ անհիմն բաներ խոսի, ընդ որում՝ գումարի մի մասն էլ ատկատ ենք անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել