Ամեն տարվա հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի համար հիմնական միջոցներից է շրջակա միջավայրի խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու, ինչպես նաև հարցի հանդեպ քաղաքական հետաքրքրություն արթնացնելու համար: Տոնը սահմանվել է 1972թ. հունիսին՝ շրջակա միջավայրի խնդիրների շուրջ Ստոկհոլմի համաժողովում ընդունված բանաձևի համաձայն: Օրվա նպատակն է ամեն մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Այլ կերպ ասած՝ աշխարհի ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ ակտիվորեն նպաստել կայուն և արդար զարգացմանը, ընկալել այն գաղափարը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումը փոփոխելու հիմնական շարժիչ ուժը մենք ենք, մեր հասարակությունը: Կարևոր է նաև պարզաբանել ժողովուրդների միջև համագործակցության կարևորությունը՝ հանուն նրա, որ բոլոր երկրներն ու ժողովուրդներն ունենան անվտանգ և բարեկեցիկ ապագա: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը «ժողովրդական իրադարձություն է», որն ուղեկցվում է այնպիսի դիտարժան միջոցառումներով, ինչպիսիք են փողոցային ցույցերը, հեծանվորդների շքերթները, «կանաչ» համերգները, ծառատունկը, ինչպես նաև կանաչ տարածքների մաքրման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել