Վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում, ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների պայթյուններից այրվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, և, ցավոք, եղել են նաև մարդկային զոհեր: 
Վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում արձանագրվել են վերելակներ վայր ընկնելու և խափանման բազմաթիվ դեպքեր, որոնց, ցավոք, զոհ են գնացել մարդկային կյանքեր:
Երկու տարբեր բնագավառներ, որոնց համար ընդհանրական է միևնույն խնդիրը` սպասարկող և վերահսկող ծառայությունների բացակայությունը կամ բացարձակ անգործությունը, ինչը միանշանակ հանրային անտարբերության արգասիքն է:
Որևէ մեկին մեղադրել չեմ ցանկանում՝ գլխավոր մեղավորներից մեկը համարելով ինքս ինձ` որպես հասարակության մեկ մասնիկ:
Գազալցակայաններում դեռ շատ են պայթելու ավտոմեքենաներ, քանի դեռ մենք` գազաբալոններով համալրված ավտոմեքենաներ շահագործողներս, մեր իսկ սեփական կյանքը ստորադասում ենք 5.000 դրամով օրինական տեխնիկական զննում անցկացնելուն: 
Բազմաբնակարան շենքերում դեռ շատ վերելակներ են վայր ընկնելու, քանի դեռ մենք` այդ վերելակներից օգտվողներս, պարտաճանաչ վճարելու ենք վերելակի սպասարկման վարձ չգիտես որ մատուցված ծառայության համար և չգիտես ում՝ շարունակելով մեր իսկ մանկահասակ երեխաների հետ օգտվել մահվան սպառնալիք հանդիսացող և իրենց արդեն սպառած վերելակներից: 
Այս դեպքում ո՞ւմ մեղադրենք՝ կառավարությանը կամ իշխանությունների՞ն, ու հերթական անգամ ասենք արդեն իսկ բերանի ծամոն դարձած խոսքերը, թե «երկիրը երկիր չի՞»: 
Այդպես արդար չէ:
Երկիրն ի՞նչ մեղք ունի, երբ գազալցակայանի աշխատակցի գրպանը 500 դրամ ավել փող ես դնում, որպեսզի նա մի քանի աթմոսֆեր ճնշումով ավել գազ լիցքավորի քո ավտոմեքենայի արդեն իսկ մաշված, քայքայված ու, բնականաբար, նորմալ «տեխասմոտր» չանցած քազաբալոնի մեջ՝ դրանով իսկ մոտեցնելով ավտոմեքենայիդ օր առաջ պայթելու վտանգը: 
Երկիրն ի՞նչ մեղք ունի, երբ վերելակի սպասարկման վարձը վճարում ես համատիրությանը, բայց վերելակի խափանման դեպքում ամաչում ես բողոքել, քանի որ էդ համատիրության նախագահը քո «լավ ախպոր ախպերն» ա կամ «ձերոնցական» ա: 
Երկիրը երկիր է, մենք մեր տեղերում չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել