Exclusive

BlogNews.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ հաղորդավարուհի Աննա Գևորգյանը սպասում է իր երկրորդ բալիկին։ Նրա փոքրիկն օրերս լույս աշխարհ է եկել. Աննան և Վլադը կրկին դուստր են ունեցել։

Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է անվանակոչելու մեկ շաբաթական դստերը։ «Մեզ ասացին, որ կարող ենք մեկ-երկու շաբաթվա, ծայրահեղ դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում վերցնել ծննդականը։ Միգուցե սկեսուր մայրիկիս անվան ժամանակակից տարբերակով կոչենք նրան՝ Հասմիկը փոխենք Ժասմինայի»,- նշեց Աննան՝ խոստովանելով, որ երբեմն շփոթվում է ու ավագ դստեր անունով դիմում նրան։)

Հաղորդավարուհին խոստովանեց, որ առաջին աղջկա ծննդի ժամանակ շատ ավելի հուզված էր։ «Հիմա ապրումներս ավելի գիտակցված են. այն ժամանակ նոր պետք էի սովորեի՝ ինչպես մայր լինել, իսկ հիմա արդեն մայր եմ, ավելի հանգիստ եմ խնամում աղջկաս։ Ե՛վ իմ, և՛ ամուսնուս ծնողներն առաջարկում են իրենց օգնությունը խնամքի հարցում, սակայն կարողանում եմ ինքնուրույն անել ամեն բան։ Առաջին անգամ մայրանալուց ԱՄՆ-ում էի, հարազատներս կողքիս չէին, սակայն այն ժամանակ էլ ոչ մի վախ չունեի»,- ասաց Աննան ու հավելեց, որ նորածին դուստրն անհամեմատ ավելի հանգիստ է։

«Դեռ չենք հասկանում՝ ո՞ւմ է ավելի նման, սակայն շատ ավելի նրբիկ է, քան ավագ դուստրս՝ Լեա Էվան,- ասաց նա ու նկատեց, որ վերջինը խանդով է վերաբերում քույրիկին։ -Դեռ փոքր է՝ 1 տարեկան, 2 ամսական, նոր է քայլում և չի խոսում, սակայն զգում եմ, որ շատ է խանդում,  փորձում է այնպես անել, որ նրա փոխարեն իրեն գրկեմ։ Ես էլ փորձում եմ իր ներկայությամբ այնպես անել, որ շատ չխանդի»։

Հաղորդավարուհին առայժմ չի ցանկանում հրապարակել փոքրիկի նկարը, քանի որ քառասունք են պահելու։ Այժմ նա և Վլադն իրենց բալիկների հետ ապրում  են  Երևանից դուրս գտնվող իրենց տանը, որտեղ փոքրիկը և՛ մաքուր օդ է շնչում, և՛ հանգիստ միջավայրում մեծանում։ «Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում այստեղ կլինենք»,- հայտնեց նա։

Աննայի խոսքով՝ Վլադը շատ է ցանկանում կրկին մեկնել ԱՄՆ՝ իր ուսման և աշխատանքի համար, սակայն չի կարող նույնիսկ մեկ օր մնալ առանց երեխաների, իսկ ամբողջ ընտանիքով առայժմ պատրաստ չեն մեկնել երկրից։ «Հիմա մեր բոլոր ծրագրերը կախված են մեր երեխաներից, մեքն ամեն բան հարմարեցնում ենք մեր ծնողական կարգավիճակին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է իր՝ եթեր վերադառնալուն, հաղորդավարուհին ասաց, որ դա կհստականա  առաջիկա մեկ-երկու ամսում։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել