Ինչ կապ ունի հայտնի տաքսիստը Մանվել Գրիգորյանի հետ. Պարզաբանում է Արման Գալստյանը (video, photo)Slaq.am-ը գրում է.

Այսօր համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը մասնակցում է նախորդ տարի մայիսի 28-ի տոնակատարություններից մեկին, իսկ նրա հետևում երևում է հայտնի տաքսիստ Արման Գալստյանը: Տեսանյութը տարածվելուց հետո ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին մեկնաբանություններ թողնել և քննադատել Արմանին` նշելով, որ հայտնի տաքսիստի դիմակը պատռվել է, տաքսիստներին էլ արդեն չի կարելի հավատալ և այլն, և այլն: Պարզելու համար, թե ինչ կապ ունի Արման Գալստյանը Մանվել Գրիգորյանի հետ՝ Slaq.am-ը զրուցեց Արմանի հետ, ով զարմացավ տեսանյութի նման արձագանքից: Արմանն ասաց, որ ինքը Էրեբունի վարչական շրջանի ԵԿՄ կառույցի նախագահն է:

«Գրեթե 5-6 տարի է ես Էրեբունի վարչական շրջանի ԵԿՄ կառույցի նախագահն եմ: ԵԿՄ վարչության գաղափարաքարոզչական ոլորտի պատասխանատուն եմ: Չեմ հասկանում ի՞նչ կա դրա մեջ, որ քցել են ու մի հատ էլ «հայտնի տաքսիստի դիմակը պատռվեց» վերնագրերով նյութեր են տարածում: Եկրապահն այն կառույցն է, որի անդամ կարող են լինել բոլորը», - ասաց Արմանը: Մեզ հետ զրույցի ընթացքում Արման Գալստյանը ծանոթացավ լրատվամիջոցներում տարածված իր մասին մեկնաբանություններին և ասաց. «Հա բայց ի՞նչ: Ո՞վ չգիտի, որ ես երկրապահի Արմանն եմ և երկրապահ անդամների, կամ գեներալների հետ ինչ կապ ունեմ»:

Հարցին, թե նա ինչ հարաբերությունների մեջ է Մանվել Գրիգորյանի հետ, Արմանն ասաց. «Նախ ես բոլորի հետ եմ մտերիմ, ում որ գիտեք, ում որ թեկուզ դուք հեռուստացույցով եք տեսել, ես նրան հետ մտերիմ եմ. ինչ որ մի առիթով ծանոթացել եմ:Կապ չունի պաշտոնի է, թե արդեն պաշտոնաթող է եղել, իմ համար նման բաներ չկան: Իմ կյանքով կարող եմ երդվել, որ ես ոչ մեկի կողմից ուղղորդված կամ ուղարկված չեմ: Տաքսու թեման ինձ համար շերեփուկային թեմա էր, որով ինձ ավելի շատ մարդիկ ճանաչեցին: Ինձ համար դա չգիտեմ ինչ ծանր թեմա չէր, որ դրա միջոցով ես ասպարեզ դուրս գայի:

Եթե բողոքի ակցիա էր, և եթե ես բողոքել եմ մեր տաքսիստներին օգնելու համար, անտրամաբանական է էլի ամեն դեպքում, երևի էս երկրում ուրիշ հարց ու պատասխան չկար ընկել ենք անկապ թեմաների հետևից: Ամեն դեպքում ես մտածելու բան չունեմ: Չեմ հասկանում տեսանյութը հրապարակելու տրամաբանությունը: Հա լավ գտել են, բայց ես ի՞նչ եմ անում որ. դրա համար եմ ավելի շատ զարմանում: Ախր Երևան քաղաքում բոլորն են ինձ ճանաչում, ալամ աշխարհն ինձ գիտի, էնպես չի, որ մեկը կամ երկուսն ինձ գիտեն: Բոլորն էլ գիտեն, որ ես երկրապահի Արմանն եմ»: Նրա խոսքով երկրապահի անդամ դառնալու համար հատուկ չափանիշներ պետք չեն.

«Պետք է լինես ազնիվ, մաքուր, ճշտախոս, նվիրված, հայրենասեր, միասնական, կամեցող, հասնող: Տարին 365-366 օր, օրը 24 ժամ բոլորի առջև բաց է: Յուրաքանչյուր մարդ կարող է երկրապահի անդամ դառնալ: Ի՞նչ կա դրա մեջ: Երկրապահը եսիմինչ կառույց էլ չի, ամոթ էլա դրա մասին խոսել: Ի՞նչ ա նշանակում «ժողովու՛րդ, դիմակը պատռվեց»: Ես ոչ մեկի մարդն էլ չեմ, ամոթ ա, հերիք է բամբասանքով զբաղվել: Հարցն այլ կլիներ, եթե սրա տակ քաղաքական ռեֆորմ լիներ, էդ ժամանակ կարողա հասկանալի լիներ: Տաքսու թեմայա էլի, օրենք ա, մենք էլ բացատրում ենք ու փորձում օգնել մարդկանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել