Շուշաննա Թովմասյանը, Էմիլ Գալստյանը, Խաչատուր Առաքելյանը, Վահե Հովհաննիսյանը, Սամվել Բաբաջանյանը, Սեյրան Նավիկյանն ու Ագնեսա Շահնազարյանը «32 թատրոնի» բեմում երեկ բարու և չարի պայքար էին մղում. կայացավ «Կարմիր գլխարկը» հեքիաթի ժամանակակից բեմադրության պրեմիերան։

Կարեն Բաբաջանյանի բեմադրած տարբերակում առկա են ժամանակակից երգեր ու տեխնոլոգիաներ։ Փոփոխված տարբերակով ներկայացվեց Լիլիթ Հովհաննիսյանի ու Նանուլի «Քո տիկնիկն եմ» երգը, Կարմիր գլխարկի և գայլի երկխոսության ժամանակ էլ չէին շրջանցել նաև «Դժվար ապրուստն» ու «Տնփեսան»:)

BlogNews.am-ի հետ զրույցում Կարեն Բաբաջանյանը խոստովանեց, որ հաշվի են առել նաև կոմերցիոն մասը։ «Ցանկացած հեքիաթ ադապտացվում է տվյալ ժամանակաշրջանին։ Շատ կարևոր է, որ երխաները հավատան հեքիաթին. եթե Կարմիր գլխարկը պլանշետ, հեռախոս չունենա, երեխաների առաջին հարցը կլինի՝ ինչո՞ւ չի զանգում տատիկին։ Դրա համար էլ օգտագործեցինք ժամանակակից տեխնոլոգիաներ»,- նշեց բեմադրիչը։

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ է խաղում մանկական ներկայացման մեջ և առհասարակ թատրոնում։ Նրա խոսքով՝ շատ հուզված ու ոգևորված էր։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղիղ կապի մեջ մտնել երեխաների հետ, քանի որ նրանք մի ուրիշ էներգիա են տալիս։ Ճիշտ է, մի քիչ սպառվում ես, բայց հենց փոքրիկները սկսում են խաղալ քեզ հետ, ուժերդ միանգամից վերականգնվում են։ Երեխաներին դժվար է ներգրավել խաղի մեջ, կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվեց»,- ոգևորությամբ ասաց դերասանուհին։

Դերասան Էմիլ Գալստյանը, ով այստեղ չար կախարդի դերում էր, նախկինում ևս խաղացել է մանկական ներկայացումներում։ «Սովոր եմ երեխաներով լեցուն դահլիճների աշխուժությանը: Այս ներկայացումը ևս մեկ փորձ է երեխաների հետ աշխատելու։ Նրանք շատ մեծ էներգիա են հաղորդում դերասանին»,- նկատեց Էմիլը:

«Կարմիր գլխարկում» խաղում է  նաև Կարեն Բաբաջանյանի տղան՝ Սամվելը, ում համար ևս սա առաջին փորձը չէր։ Կարենից տեղեկացանք, որ հունիսի 7-ին ևս մեկ անգամ խաղալու են այս ներկայացումը։

Նյութը և լուսանկարները՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել