Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից։ Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 70 սմ: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանն ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ:

Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ–մեկ պետք է փակել աչքերը երկու-երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:

Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ։ Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։

Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։

Երեխաներին թույլատրվում է համակարգչի դիմաց անցկացնել օրական ոչ ավելի, քանի 2-3 ժամ: Ըստ հիգիենիկ նորմերի, մեծահասակների՝ առանց ընդհատման աշխատելու առավելագույն ժամանակը մինչև 2 ժամն է, իսկ փոքրերինը՝ 10-20 րոպեն: Հանգստի մինիմալ ժամանակը 15 րոպե է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել