Պատմությունն ավելի շուտ նարդի է, քան շախմատ:
Շատ բան կախված է այն բանից, թե ինչ զառ կկանգնի:
Եվ այնուամենայնիվ կարևոր է, թե եղած զառերով ինչպես կխաղաս: (Գ.Դերլուգյան)

1. Հաջողությունն ու պատահականությունը

Վերջին 50-60 տարիներին աշխարհում ստեղծվել է 80-90 նոր պետություն: Ստեղծման մեխանիզմները նույնն են. դրանք «post factum» երկրներ են, այսինքն՝ հետևանք են համաշխարհային նշանակության պատմական, քաղաքական կամ պատերազմական իրադարձությունների: Դրանցից քանիսի՞ մասին կարող ենք ասել, որ ինչ-ինչ պարամետրերով զգալի դերակատարություն ունեն ժամանակակից աշխարհում կամ գոնե կարողացել են ստեղծել արդար, ժողովրդավարական հասարակություն, արդյունավետ տնտեսություն, որը կապահովեր իրենց ժողովրդի բավարար կենսամակարդակը: Հինգի՞, տասի՞: Մնացածները կազմել են պետությունների մի խումբ, որին կարելի է անվանել «միջին վիճակագրական միջազգային ճահիճ»: ՀՀ-ն նույնպես ստեղծվել է պարտված երկրի ավերակների վրա, և մենք այդ «միջին վիճակագրական միջազգային ճահճում» ենք: Մեր հաջողելու հավանականությունը, տեսականորեն, 5-8 տոկոս է: Սա օբյեկտիվ վիճակագրություն է: Խնդիրը հետևյալն է` հնարավո՞ր է արդյոք դուրս գալ «միջին վիճակագրական միջազգային ճահիճ»-ից: Քրիստոնեության առաջացումը քաղաքակրթական, էտապային նշանակություն ունի մարդկության համար և համեմատություններն այդ ժամանակների հետ կարելի է կոռեկտ համարել: Ազգերը, որոնք պետություն են ունեցել և՛ Քրիստոսի ժամանակներում, և՛ այսօր, այնքան էլ շատ չեն` իտալացիներ (հռոմեացիներ), հույներ, հայեր, պարսիկներ և եգիպտացիներ (արաբներ), հրեաներ, հնդիկներ, չինացիներ (բավարարվենք Հայտնի Աշխարհով): Ընդ որում, սրանցից երեքը` հրեաներ, հնդիկներ և հայեր, իրենց պետականությունը վերականգնել են վերջին 60 տարում: Այժմ կազմենք մի այլ ցուցակ հետևյալ հերթականությամբ` կաթոլիկության կենտրոն, ուղղափառության կենտրոն, հուդայիզմի կենտրոն, հայ առաքելականության կենտրոն, իսլամի կենտրոն, բուդդայիզմի կենտրոն.
Իտալացիներ (հռոմեացիներ) - կաթոլիկության կենտրոն,

Հույներ - ուղղափառության կենտրոն,

Հրեաներ - հուդայականության կենտրոն,

Հայեր - հայ առաքելականության կենտրոն, 

Պարսիկներ և արաբներ - իսլամի կենտրոն,

Հնդիկներ, չինացիներ - բուդդայականության կենտրոն:

Եթե համարեինք, որ ցուցակների այսպիսի համադրումն արհեստական է, համընկումը` պատահականություն, իսկ պետությունների մի առանցքի վրա գտնվելը նշանակություն չունեցող, ապա առավելագույնն ինչ կարող էինք ասել հետևյալն է՝ «Բա՛հ. ինչ զարմանալի, պատահական համընկում է»: Մյուս դեպքում ի հայտ կգար մի սուբյեկտիվ գործոն, որն իր ողջ իռացիոնալությամբ հանդերձ, մեր առջև պետական շինարարության գործում հաջողության հասնելու հավերժական պարտավորություններ կդներ` պետք է համապատասխանես ցուցակին, որի անդամներն արդեն կայացած ու համաշխարհային նշանակության պետություններ են: Այսպիսի մտեցումը տեղափոխում է նյութը մի հարթություն, որտեղ ապացուցային բազան հիմնականում վիճակագրական է, իսկ անձի վերաբերմունքը` պայմանավորված նրա քաղաքակրթական-աշխարհայացքային ու կրթական ստատուսով: «Ռացիոնալ» գիտություններն այստեղ դժվար թե կարողանան որոշակի բացատրություններ տալ: Համարելու՞ ենք սա մարտահրավեր: Պետական շինարարություն իրականացնելիս ֆունդամենտալ նշանակություն ունի, թե ի՞նչ ստանդարտներով է այն կառուցվում: Մենք, օրինակ, վերցրել ենք հայտնի, այլ երկրներում իրենց արդյունավետությունն ապացուցած, միջազգային լավագույն ստանդարտները` ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, սեփականության իրավունք և այլն, ու դրանց հիման վրա ստեղծել անհրաժեշտ կենսագործունեության բազան: Այստեղ օրիգինալություն չկա` այդպես վարվում են բոլորը և ստանում… մոտավորապես այնպիսի պետություն, ինչպիսին մերն է: Կարծես թե դրանք ոչ մի տեղ էլ լավ չեն աշխատում, այդպես չէ՞: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դրանք մի քանի տեղ աշխատում են կամ որ նույնն է` գերազանցապես չեն աշխատում: Եթե պատճառները փնտրենք իշխանությունների մեջ, ապա կսխալվենք: Բանն այն է, որ իշխանություններն իրենք օբյեկտիվ իրականության դրսևորման արդյունք են` դրանք չեն կարող հայտնվել որևէ այլ տեղից, բացի իրականությունից: Եթե փնտրենք Ժամանակի մեջ (դեռ սպասենք, կաշխատեն) դարձյալ կսխալվենք: Մենք գիտենք, «զգում» ենք, որ պետությունների մեծ մասը երբեք դուրս չի գա քաոսից: Մնում են պատմությունն, ազգային ու մշակութային առանձնահատկությունները: Կարծում եմ պատճառների ոչ «նարդիական» մասն այնտեղ է: Բոլոր ֆունդամանտալ ստանդարտները, որոնցով մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք, որքան բարձր էլ լինեն, ունեն սկզբունքային թերություն` հաշվի չեն առնում օրգանիզմի առանձնահատկությունները, որի համար նախատեսված են: Դրանք հաշվի չեն առնում պատմական, ազգային, մշակութային առանձնահատկություններն ընդհանրապես ու կոնկրետ ժամանակի մեջ` մասնավորապես: Ասենք, ամերիկացիները գալիս են Աֆղանստան և ասում,- « Դեմոկրատիա, կուզե՞ք»: Ենթադրենք նրանք անկեղծ են իրենց ցանկության մեջ, (մեր դիտարկման համար սա միայն կխստացներ պայմանները): «Այո»,- պատասխանում են նրանք ու համարենք, որ նույնքան անկեղծ են իրենց պատասխանում: «Դե, եկեք սկսենք»,- ասում են ամերիկացիները և առաջարկում,-թող ձեր կանայք գնան աշխատանքի»: «Ինչպե՞ս, – ասում են ապշած աֆղանստանցիները, - ախր դա հակասում է մեր ավանդույթներին: Եթե ամուսինը երեք անգամ կնոջն ասաց, թե դուրս արի տնից, նա էլ չի կարող վերադառնալ»: «Հա, կարող է պատահել, որ այդպես է, բայց չէ՞ որ դու՛ք ասացիք , որ դեմոկրատիա եք ուզում»: «Ինչպե՞ս,- նորից ապշում են աֆղանստանցիները: - Ուրեմն դա՞ է դեմոկրատիան»: «Հա, բա ոնց,- ասում են ամերիկացիները,- դեռ շատ ուրիշ բաներ էլ կան»: «Ալլահը մեզ փրկի, մենք դա չենք ուզում»,- պատասխանում են աֆղանստանցիներն ու գնում… կռվելու: Հասկանալի է, որ դիալոգը աբսուրդի է հասցված, սակայն ըստ էության, այդպես է կատարվում ստանդարտների ներդրումը: Մյուս դեպքում, երբ ստանդարտների ներդրումն ինքնակամ է, իսկ կրոնական, մշակութային, քաղաքակրթական հակասությունները ոչ ակնհայտ, տեղի է ունենում այլ բան` «պետական օրգանիզմը» հիվանդանում է և որպես կանոն, անբուժելի: Կարծում եմ, որ սա է հիմնական բացատրությունն այն բանի, թե ինչու՞ այդքան շատ են չհաջողված պետությունների օրինակները: Ուրիշների փորձի մեխանիկական փոխառումը միայն պատահաբար կարող է չվնասել: Իհարկե, համապատասխան ստանդարտները երաշխիք տալ չեն կարող, այլ միայն շանսեր: Մյուս կողմից գոյություն չունեն քաղաքական-հասարակական խնդիրների լուծման ունիվերսալ տարբերակներ: Ինչքան էլ զարգանա սոցիալական գիտությունը, ինչքան էլ շատանան պետական շինարարության հաջողված օրինակները մեկ է` դրանց տված հնարավորությունների առավելագույնը «հաշվի առնելու գիտելիքներ» են, ոչ ավելի: Սոցիալական գիտությունը պետք է կարողանա «իրականացնել սոցիալական պատվերը` ռացիոնալ պատկերացնել մեր ունեցած իրական պատմական այլընտրանքները» (Իմմանուիլ Վալլերստայն): Այլ խոսքով, այն պետք է կարողանա «կատարել կանխատեսում» որոշակի «խելամիտ ժամանակահատվածի» համար, որն , ըստ էության, յուրաքանչյուր գիտության նպատակն է: Այսօր, մենք հազիվ թե բավարար ճշտությամբ կարողանանք ասել, որ «ռացիոնալ պատկերացնում ենք մեր ունեցած իրական պատմական այլընտրանքները»:
Այս մեջբերումն անհրաժեշտ է երկու նպատակով`
• որպեսզի պատկերացնենք այն անհնարին դժվարությունները, որոնք կանգնում են մեր առջև, երբ փորձում ենք անդրադառնալ որևէ թեմայի, ոչ թե ակադեմիական (հոդված, գիրք, դիսերտացիա և այլն), այլ գործնական քաղաքականության մշակման նպատակով,
• որպեսզի կարողանանք անմիջապես չօգտվել, արդեն հայտնի, պատրաստի դեղատոմսից և եթե նույնիսկ, ի վերջո հանգենք դրան, դա լինի գիտակցված: 
Եթե հնարավոր լիներ բավարար ճշտությամբ ընդհանրություններ գտնել այն «post factum» ստեղծված երկրների միջև, որոնց հաջողվել է դուրս գալ քաոսից, առաջընթաց ու զարգացում ապահովել իրենց ժողովուրդների համար և որոշակի դերակատարություն ստանձնել միջազգային ասպարեզում, ապա կունենայինք առավել նշանակության «հաշվի առնելու գիտելիքներ»: Հաջողության հասած 5-10 երկրների (երկրներ, որտեղ մեկ շնչին ընկնող տարեկան միջին համախառն արդյունքը բարձր է 25 000 $ և Հնդկաստանը) մեր մասնավոր ցուցակը մոտավորապես այսպիսի տեսք կարող է ունենալ` Իսրայել, Հարավային Կորեա, Տայվան, Սինգապուր, Հնդկաստան` մի խումբ և Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ` երկրորդ խումբը: Այլ ցուցակն ընդամենը ճաշակի հարց է և կարգի փոփոխության չի բերի: Ի՞նչ ընդհանրություններ կարող են ունենալ իրարից այսքան տարբեր ժողովուրդներն ու պետությունները: Ինչո՞ւ հենց սրանք և ոչ մյուսները կարողացան հասնել որոշակի հաջողությունների, մանավանդ, որ այս երկրներն ունեն ազգային անվտանգությանն սպառնացող, միջինից բարձր վտանգներ: Ամենայն հավանականությամբ սա առավելություն է` «ազգային անվտանգության, միջինից բարձր վտանգների սպառնալիքը» մի հատկություն է, որը լրացուցիչ, գուցեև որոշիչ հնարավորություններ է բացում երկրների առջև: Այս երկրները չափազանց կարևոր են համաշխարհային ուժային կենտրոնների համար և օգտվել են դրանց միջև եղած հակասություններից: Գլխավորն դերն այստեղ պատկանում է ԱՄՆ-ին: Պարտություն կրելով Վիետնամում ու Կորեայում ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր էր պահպանել Հարավային Կորեան ու Տայվանը, իսկ տեղի իշխանությունների համար կոմունիստների գալը կործանում էր նշանակում: Ահա շահերի այսպիսի կոոպերացիա: Մինչ այսօր, Իսրայելը հանդիսանում է ԱՄՆ շահերի գլխավոր ներկայացուցիչն աշխարհում: Հնդկաստանը նույնպես կարողացել է օգտվել ԽՍՀՄ – Արևմուտք գլոբալ հակասություններից: Կազմավորման պահին ունենալով եվրոպական կրթությամբ քաղաքական ու տնտեսական էլիտա` ձեռք է բերել ատոմային տեխնոլոգիաներ, լավագույնս է օգտագործել բրիտանացիների կողմից ներդրված կառավարման ու դատական համակարգերը: Այս երկրներում եղել է և կա արդյունավետ իշխանություն, անկախ այն բանից ժողովրդավարական են դրանք, թե ավտորիտար: Իշխանության արդյունավետությունն արտահայտվում է երկու կարևոր ու չափելի չափանիշներով` հարկերի հավաքման կարողություն և հանցավորությանը դեմ կանգնելու կարողություն, առաջին հերթին հենց իր մեջ, սեփական շարքերում: Այս կարողություններն այնպիսի պոտենցիալ ունեն, որ ի վիճակի են ամենակարող դարձնել ցանկացած իշխանության: Երկրների երկրորդ խումբը միապետություններից է կազմված: Նայենք ժողովրդավարության ինդեքսը երկրների առաջին խմբի համար: Այսօր դրանք բավականին մոտ են իրար, սակայն դրան գալու ճանապարհները տարբեր են եղել` Հնդկաստանը, Իսրայելը հենց կազմավորումից սկսած մոտավորապես նույն ինդեքսն ունեին, իսկ «վագրերը» ավտորիտարից են անցում կատարում դեպի ժողովրդավարություն: Այս երկրները կարողացել են իրենց ժողովուրդներին ներշնչել հավակնոտ, երբեմն անհավանական թվացող նպատակներ ու երազանքներ: Իսրայելի դեպքում չեմ կարծում, որ անհայտներ կան: Հարավային Կորեան ունի դարերի խորքից եկող նշանաբան` «Օգուտ բերել մարդկությանը», որն այսօր արդեն պետության նշանաբանն է դարձել: Հնդկաստանն իր մշակույթի ու ահռելիության շնորհիվ, պարզապես դատապարտված է հաջողության: Այս երկրներում առկա է էթնիկական բազմազանություն: Կառուցել սովորական, ժողովրդավարական, միջին եվրոպական պետության տիպի պետություն, բուն Եվրոպայից դուրս, դեռ ոչ ոքի չի հաջողվել (հիշենք, որ խոսքը «post factum» երկրների մասին է): Այսպիսի նպատակն անիրագործելի է, նաև այն պատճառով, որ չի պարունակում «հավերժության» էլեմենտ ու չափազանց պարզունակ է որևէ ազգի համար: Ազգի համախմբման համար բոլորովին այլ` առաքելության կարգի նպատակ է անհրաժեշտ: Սա էլ է վիճակագրություն: Բոլոր այս երկրներում զարգացմանը նախորդել կամ ուղեկցել է բնակչության աներևակայելի աճ, որոշ դեպքերում` դեմոգրաֆիական բում: Այս առանձնահատկությունը, ամենաակնհայտն է ու միաժամանակ ամենաանբացատրելին: Սա, որպես կանոն գոյություն ունի ոչ միայն նորագույն պետությունների այլև մնացածների համար` Թուրքիա, Իրան, Բրազիլիա, Գերմանիա, Ճապոնիա, ԽՍՀՄ և այլն: Այժմ թվում է,որ հաջողության հասած պետությունների համար կարող ենք ձևակերպել մի քանի մեծ առանձնահատկություններ, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են դրանց ընդհանրությունները`
• Այս երկրներն ունեն ազգային անվտանգությանն սպառնացող, միջինից բարձր վտանգներ: Հանգամանքների բերումով դրանք չափազանց կարևոր են համաշխարհային ուժային կենտրոնների համար:
• Այս երկրներում եղել է և կա ուժեղ իշխանություն, անկախ դրանից ժողովրդավարական է այն , թե ոչ: 
• Այս երկրները կարողացել են իրենց ժողովուրդներին ներշնչել հավակնոտ, երբեմն անհավանական թվացող նպատակներ ու երազանքներ: 
• Այս երկրներում զարգացմանը նախորդել կամ ուղեկցել է բնակչության մեծ աճ, որոշ դեպքերում դեմոգրաֆիական բում և գոյություն ունի էթնիկական բազմազանություն:
• Եվ վերջապես, երկրորդ խմբի համար` նրանք ունեն նավթ:
Հասկանալի է, որ կարելի է գտնել այլ օրինաչափություններ ևս, սակայն վերը նշվածները թվում են առավել խոշոր և հավանաբար կարող են լինել այն անհրաժեշտ պայմանները, որոնք շանս կտային որևէ այլ երկրի ևս, իրական հաջողության հասնել պետական շինարարության գործում: Այսպիսով, Ժամանակակից աշխարհում պետական շինարարության մեջ հաջողության հասնելու համար կենսական նշանակություն ունի սեփական առանձնահատկությունների բացահայտումն ու դրանցից օգտվելու կարողությունը: Երևի հենց սա է, գործնական քաղաքականության Էյնշտեյնի բանաձևը: 

2. Հայերն ու միգրացիան

Գործն էապես կթեթևանար, եթե հնարավոր լիներ վերը նշված սուբյեկտիվ օրինաչափությունները հնթացս դասավորել ըստ առաջնահերթությունների` գոնե հերթականության իմաստով, բայց դժվար թե դա հնարավոր է: Սա խնդիրների մի համախումբ է, որոնք փակ շրջան են կազմում` որպեսզի կատարվի 2-ը պետք է տեղի ունենան 3-ն ու 4-ը կամ գուցե հակառակը: Այսպիսի դեպքերում սովորաբար անում են այն, ինչը հնարավոր է: Այս պահին հնարավոր են թվում միայն այդ ամենի գիտակցումն ու դեմոգրաֆիական իրավիճակի բարելավման փորձերը: Դեմոգրաֆիական վիճակն արմատապես փոխելու տեսականորեն 3 հնարավորություն կա` 
ա/ նվազագույնի հասցնել արտագաղթը բ/ բարձրացնել ծնելիությունը գ/ իրականացնել ներգաղթ (հայրենակիցների և ոչ հայրենակիցների): 
Հայտնի է, որ հայերը բոլոր ժամանակներում էլ լքել են իրենց Հայրենիքը և՛ պետության գոյության և՛ դրա բացակայության պարագայում: Այսպիսի միգրացիան, ժամանակի մեջ պետք է համարել միջին վիճակագրական, բացառությամբ մի քանի դեպքերի` սելջուկների արշավանքները, Լենկ Թեմուրի, Շահ Աբասի տեղահանությունները և այլն, որոնք արտաքին միջամտության հետևանք են: Այսինքն հայկական սփյուռքը ժամանակագրությամբ, առաջացման պատճառներով ու մեխանիզմներով կարելի է համարել միջին վիճակագրական: Բնական է, որ միջին վիճակագրական ասելով անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայերի միգրացիան պատմականորեն միշտ էլ ունեցել է իր առանձնահատկություններն ու «հայկական միջին վիճակագրականն» ավելի ճշգրիտ է արտացոլում իրականությունը: Սակայն նույնիսկ պետության բացակայության պայմաններում, պատմական հայրենիքում բնակչության թիվը երբեք չի զիջել սփյուռքի հայրենակիցների թվին: Առաջին անգամ այդ օրինաչափությունը խախտվել է Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով, սկսած 19-րդ դարի վերջերի «Հայկական ջարդերից»: Ցեղասպանությունից հետո այդ համամասնությունը, ոչ էական փոփոխություններով, պահպանվում էր մինչև 20-րդ դարի 90-ական թվականները, ունենալով փոփոխվելու դրական միտումներ: Ընդհանրապես սփյուռքն ունի և՛ դրական և՛ բացասական պոտենցիալ: Մեր պարագայում և մեր օրերում այն իր գոյությամբ ու հզորությամբ կարող էր դեմոգրաֆիական վիճակի բարելավման կարևորագույն աղբյուրը հանդիսանալ, մինչդեռ ավելի շուտ սադրում է արտագաղթը: Անկախացումից, ավելի ճիշտ Ղարաբաղյան ազատամարտից հետո, սկսվեց Հայաստանի հաշվին սփյուռքը համալրելու վերջին` բացասական միտումներ պարունակող ժամանակաշրջանը: Այսօր մենք դրա ականատեսներն ենք:
Ինչո՞ւ են մեր հայրենակիցները գնում հայրենիքից: Եթե կարողանայինք հասկանալ հայրենիքը լքելու իրական պատճառները, հնարավոր կլիներ միգրացիայի կառավարման արդյունավետ մեխանիզմներ գտնել: Ցավոք, սա ևս հնարավոր չէ, վստահելի հետազոտությունների բացակայության պատճառով: Մակերեսին եղած բացատրությունների մեծ մասը կրում է քաղաքական-պոպուլիստական բնույթ և լուրջ վերաբերվել դրանց չի կարելի: Մյուս կողմից այնքան քիչ են հետազոտություններն այս խնդրի վերաբերյալ, որ հնարավորություն չեն տալիս հիմնավորված եզրակացություններ անել: Ցանկացած վերլուծություն այստեղ չի կարող ավիլին լինել քան վարկածը: 2009թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության հրատարակած «Միգրացիան և զարգացումը. Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն» (տեղադրված է-էր Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում), բացահայտում է միայն ոչ խորքային, տեխնիկական պատճառները, առանց խորանալու դրանց առաջացման մեխանիզմների մեջ : 
Արդյո՞ք հետևյալ հնարավոր պատճառների ցուցակը` 
• Վատ հարևաններ 
• Պատրիոտիզմի պակաս
• Ծանր սոցիալական վիճակ
• Աշխատատեղերի բացակայություն
• Պատերազմի վտանգ
• Անվտանգության այլ սպառնալիքներ
• Շրջափակում
Ամբողջությամբ կամ դրանց որևէ կոմբինացիա կարող է լիովին բացատրել այսօր տեղի ունեցող արտագաղթը: Մ՞իթե այս տեսակետից Հայաստանը հարաբերականորեն միակն է: Դժվար թե` բազմաթիվ են այն երկրները, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ: 
Իսրայելի պետությունն իր սկզբնավորման ժամանակ նույն խնդիրների առջև էր կանգնած, սակայն, այնուհանդերձ, ակտիվ ներգաղթ էր իրականացնում:
CBS-ը 2010թ. հրապարակել է տվյալներ, աշխարհում և Իսրայելում ապրող հրեաների թվային հարաբերակցության վերաբերյալ:
1948թ. - 0.65 մլն. Իսրայելում, 11.5 մլն. աշխարհում - հարաբերակցությունը` 6 %: 1955թ. - 1.6 մլն. Իսրայելում, 11.8 մլն. աշխարհում - հարաբերակցությունը` 13 %: 
1975թ. - 2.9 մլն. Իսրայելում, 12.7 մլն. աշխարհում - հարաբերակցությունը` 23 %: 
1995թ. - 4.5 մլն. Իսրայելում, 12.8 մլն. աշխարհում - հարաբերակցությունը` 35 %: 
2009թ. - 5.7 մլն. Իսրայելում, 13.4 մլն. աշխարհում - հարաբերակցությունը` 42 %: 
2011թ. տվյալներով Իսրայելի բնակչությունը կզմում էր արդեն 7.8 մլն. որից հրեաներ` 5.8 մլն.: Իրականում 42 տոկոսն արդեն համարյա ազգի կեսն է և ինչպես նկատում ենք յուրաքանչյուր 20 տարում հարաբերակցությունը փոփոխվում է ~ 10%-ով: Հայերի դեպքում, չունենալով համապատասխան տվյալներ ու հիմք ընդունելով պաշտոնական տվյալները` 3 մլն. Հայաստանում և ընդունված 10 մլն. (չնայած որոշ գնահատականներով 10 մլն.-ը միայն սփյուռքն է) ողջ աշխարհում, հարաբերակցությունը կազմում է ոչ ավելի քան 30 %: Թերևս երկու ազգերի դեպքում է, որ սփյուռքում գտնվող հայրենակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում է հայրենիքի բնակչության թվին հայեր` 3 մլն.-ը 10 մլն.-ի դիմաց (բացարձակ ռեկորդ) ու հրեաներ` 5.7 մլն.-ը 13.4 մլն.-ի դիմաց: Սա այս երկու ազգերի գլխավոր առանձնահատկությունն է ու նրանց ընդհանրությունը միաժամանակ:
Թվում է, որ Հայաստանը լքելու «սովորությունն», ինչ որ ժամանակից սկսած , մի յուրատեսակ բողոքի դրսևորում է դարձել (Փոքր Մհեր, պավլիկյաններ ): Մինչ այդ տեղի ունեցած միգրացիոն տեղաշարժերը, կարծես այլ բնույթ են կրել: Չափազանց կարևոր է օբյեկտիվորեն հասկանալ, թե մեր օրերում դեպի ու՞ր է ուղղված այդ բողոքը:
Կարելի է դիտարկել մի վարկած, որն անշուշտ հետազոտության կարիք ունի` Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո, 1995թ. և 1996թ. ընտրությունների հետևանքով Հայաստանի պետությունը սեփական ժողովրդի համար դադարեց հեռանկարային լինել: Այն ժամանկվա իշխանությունը չկարողացավ կամ չցանկացավ իր բնակչությանը պայծառ ապագայի երաշխիքներ տալ: Չտվեց սեփական երկրում երջանիկ լինելու շանսեր: Այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ այն ճակատագրական իրադարձությունը, որը պատահում է անկախություն ստացած կամ նվաճած երկրներից մեծ մասի հետ և որոշիչ նշանակություն ունի արդյունավետ պետական շինարարություն իրականացնելու համար` պետությունը զրկվեց հասարակական աջակցության էմոցիոնալ բաղադրիչից: Հենց պետությունը, քանի որ հասարակական գիտակցության մեջ դեռ չկայացած, չգիտակցված, կազմավորման ընթացքում գտնվող պետությունը նույնացվեց իշխանության հետ, որն «առանց այն էլ մի լավ բան» չէ: Իսկ այդ «առանց այն էլ ոչ լավ բանը»` իշխանությունն, արդեն կարևոր չէ, մտածված թե ինքնաբերաբար, վերադարձավ ոչ շատ վաղուցվա ավտորիտար ավանդույթներին, օբյեկտիվորեն չունենալով նրա ոչ ուժը ոչ էլ ֆունդամենտալ արտադրահարաբերությունները: Քանի դեռ պատերազմ էր, հասարակությունը թեկուզև ամեն ինչ նկատում, սակայն ելնելով ինքնապահպանման բնազդից, ոչինչ չէր ձեռնարկում: Ի դեպ, այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայերը տարբերակում են վտանգները և կարողանում են համախմբվել, եթե սպառնալիքները բարձրագույն կարգի են, ինչը չի կարելի ասել մեր հարևաններից երկուսի մասին: Երբ պատերազմը վերջացավ, արդեն ուշ էր` ավտորիտար ռեժիմը ձևավորված էր ու հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ: Ուժեղ, պատերազմից հաղթանակով դուրս եկած պետությունն արագորեն վերասերվեց թույլ և անհրապույր իշխանության: Պետությունը դարձավ իշխանություն, ընդամե՜նը: Մոտավորապես այն, ինչ ասել էր Բեթհովենը Նապոլեոնի մասին.- «Լինե՜լ գեներալ Բոնապարտ և դառնալ կայսր Նապոլեոն, ինչպիսի՜ անկում»: Հենց այսպե՛ս Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ոչ պատվավոր «միջին վիճակագրական միջազգային ճահիճում» (նորագույն ժամանակներում ստեղծված երկրների մեծագույն մասը), մինչդեռ այն ժամանակ, «ժողովրդավարական կղզյակի» իր առանձնահատկությամբ, բացառիկ շանսեր ուներ մնալու «չափազանց հետաքրքիր» Արևմուտքի համար և նույնի շնորհիվ, ոչ միայն Արևմուտքի: Անշուշտ, կոռեկտ լինելու համար հարկ է նշել, որ այսօրվա աշխարհն էապես տարբերվում է 20 տարի առաջվա եղածից և այն արժեքները` ժողովրդավարություն, արդարություն, ազատություն, որոնք Արևմուտքի համար «շոշափելի բացարձակ» էին այն ժամանակ, վերափոխվել են «կասկածելի բացարձակի» այժմ: Եվ այնուամենայնիվ` անկասկած է, որ այդպես էր պետք սկսել: Արդյո՞ք ԱՄՆ –ը նորից Հայաստանում կկառուցեր աշխարհում իր ամենամեծ դեսպանատներից մեկը, եթե սկսեր այսօր: Կասկածում եմ: Բայց չէ՞ որ այն արդեն կառուցված է: Դժվար է պնդել, որ այս ամենն օբյեկտիվ չէ, հաշվի առնելով «զառերի» պատահական դասավորությունն անգամ, ստիպված ենք ընդունել, որ միշտ էլ կատարվում է այն, ինչ կատարվում է: Վիճակը նետված է և զառերն, «իքի-բիր» են ցույց տալիս: Այսպիսով` միայն տարանջատելով իրարից պետությունն ու իշխանությունը, հնարավոր կլինի բնական, անխուսափելի, բացասական պոտենցիալով բողոքն ուղղորդել դեպի ճիշտ թիրախ` իշխանություն, դրանով իսկ դարձնելով այն դրական, գիտակցված, դինամիզմ պարունակող և առաջընթաց ապահովող խթանիչ: Մինչդեռ այսօր, այն, ինչ տեղի է ունենում մեր գլուխներում ու սրտերում` մենք թշնամի ունենք և մեր թշնամին պետությունն է, թյուրիմացաբար դարձել են մեր հասարակության գլխավոր միտքն ու էմոցիան: Իշխանությունն էլ իր հերթին, բնազդաբար նույնացնելով իրեն պետության հետ, զգալով, որ այստեղ մի սխալ կա, նեղանալով ու սրտնեղելով, չի կարողանում ընդունելի բացատրություններ գտնել… ու հետևում են պիտակներն ու մեղադրանքները: Սա հենց այն խնդիրն է, որի լուծման հիմնական հավակնորդն ակադեմիական - քաղաքական էլիտան է: Բայց կա՞ համարժեք էլիտա ՀՀ – ում: Ցավոք դեռ երկար այդպես կշարունակվի, եթե ամեն ինչ այսպես շարունակվի: 


3. Հայաստանի Հանրապետության կենսատու առանձնահատկությունները

Փաստ է, որ մեզ մոտ այսօր հայրենակիցների ներգաղթ իրականացնելու խնդիր գործնականում դրված չէ` խոսքն այստեղ կոնկրետ, պլանավորված ու մշակված պետական քաղաքականության մասին է և ոչ թե «այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 73 օտարերկրացիներ, որոնցից մերժվել են 4-ը» վիճակագրությունը: 
Առաջնային է դարձել ՀՀ –ում դեմոգրաֆիական վիճակի արմատական բարելավման խնդիրը սփյուռքի շնորհիվ և նրա հաշվին: Եթե դա չսկսվի այսօր, քանի դեռ չի կայացել վերջին 15-20 տարիներին Հայաստանը լքած հայրենակիցների վերջնական ինտեգրումը տեղի հասարակություններին, վաղն անհրաժեշտ կլինեն բազմապատիկ անգամ մեծ ջանքեր ու միջոցներ, նույն խնդիրը լուծելու համար (խնդիրը լուծել պետք է և հնարավոր է միշտ): Ինչպիսի՞ն է հայկական սփյուռքի մեր ընկալումը:
Սկզբում սփյուռք էին անվանում հունական քաղաք- պետությունների այն քաղաքացիների խմբերին, որոնք մեկնում էին նոր նվաճված տարածքները, տեղի ժողովուրդների գաղութացման և ձուլման նպատակով: Սակայն երբ ք.ա. 3-րդ 2-րդ դարերում հունարեն թարգմանվեց Հին կտակարանը` «Սեպտուագենտա» և հասանելի դարձավ հունարենի տիրույթում, դիասպորա սկսեցին անվանել բացառապես հրեական սփյուռքը, որն առաջացել էր բաբելացիների կողմից Հրեաստանից հրեաներին վտարելու հետևանքով, հավանաբար նկատի ունենալով այնտեղ նկարագրվածը` «Տերը կմատնի քեզ քո թշնամիներին և մի ճանապարհով կգնաս նրանց դեմ, իսկ յոթ ճանապարհներով կփախչես նրանցից ու կսփռվես աշխարհի բոլոր թագավորություններով» և որոշակիորեն աստծո պատիժ է նշանակում: Սա ոչ հրեաների հիմնական մոտեցումն է հրեական սփյուռքի գոյության փաստին: Իսկ ի՞նչ ենք զգում մենք, մտածելով մեր սփյուռքի մասին: Հավանաբար սեփական զգացողությունները նույնպես կարելի է միջին վիճակագրական համարել և ենթադրել, որ մեր օրերում, ամենից առաջ, հայկական սփյուռքն ասոցիացվում է ցեղասպանության հետ (սա անշուշտ լրացուցիչ հետազոտման կարիք ունի): Այսինքն հայերի համար սփյուռքի էմոցիոնալ բաղադրիչը ցավն է, կորստի զգացողությունը, իսկ դրա դինամիկան այն մեղմելու, չեզոքացնելու, վերականգնելու, փոխհատուցելու բնական ցանկությունը: Բայց մենք գիտենք նաև, որ հայկական սփյուռքը բազմաբնույթ է ժամանակագրության, առաջացման պատճառների ու մեխանիզմների առումով: Այն, որպես միավոր իռացիոնալ է ինչպես կանացի պայուսակ ` այնտեղ ամեն ինչ կա: Այժմ մի այլ բանի մասին: Հայաստանի անկախացումը առաջ բերեց մի յուրահատուկ իրավիճակ ևս, երբ երկիրը հայտնվեց երկու ընդգծված իռեդենտաների առջև` Ղարաբաղն ու Ջավախքը: Եթե Ղարաբաղի հարցը, մեծ հաշվով (համենայն դեպս այս փուլում), կարելի է լուծված համարել, իսկ վերաբերմունքն ավելի քան հստակ, ապա Ջավախքի վիճակը մնում է անորոշ: Նույնիսկ պետության վերաբերմունքը ձևակերպված չէ, չկա նաև ձևակերպված հասարակական վերաբերմունք և սա առավել ևս կարևոր է, քանի որ դասական իմաստով սփյուռքի նկատմամբ քաղաքականությունն էապես տարբեր է իռեդենտաների նկատմամբ իրականացվող քաղաքականությունից: Իռեդենտան բացառապես կոնկրետ է: 
Տեղեկանք. Մինչև 1918թ. Տրանսիլվանիան հանդիսանում էր Ավստրո-Հունգարիայի մասը: 1920թ. Տրիանոնի պայմանագրով Տրանսիլվանիան անցավ Ռումինիային: Այսօր Ռումինիայում ապրում է 1.5 մլն. հունգարացի` բնակչության 6.6 տոկոսը: Նրանք հիմնականում ապրում են Տրանսիլվանիայում և իրենց անվանում են սեկույներ: 2009թ. սեպտեմբերի 5-ին Օդերհեյուլ Սեկուեսկ քաղաքում, Սեկույայի երկրամասի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համագումարը հայտարարեց Ռումինիայի կազմում Սեկույայի երկրամասի ինքնավարության մասին: Համագումարում հաստատվեցին Սեկույայի ինքնավարության հիմնը, դրոշը, գերբը և ադմինիստրատիվ քարտեզը: Ռումինական կենտրոնական իշխանությունները չճանաչեցին այդ որոշումների օրինականությունը: Չնայած այդ ամենին 2011թ. մայիսի վերջին Եվրոպառլամենտի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են Ռումինիայի «Հունգարացիների ժողովրդավարական միություն» կուսակցությունը Տրանսիլվանիայի հունգարացիների առջնորդներից մեկի` Եվրոպառլամենտի փոխխոսնակ Լասլո Տոկեշի գլխավորությամբ Բրյուսելում բացեցին Սեկույայի երկրամասի ներկայացուցչությունը Եվրոպառլամենտում: Հունգարիայում 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սփյուռքի հունգարացիներին հունգարական քաղաքացիություն շնորհելու մասին նոր օրենսդրությունը, որը նրանց ընտրական իրավունք է տալիս: Ըստ տեղեկությունների Հունգարական քաղաքացիություն ստանալու համար հազարավոր դիմումներ արդեն ստացվել են: Դրան նախորդել էին բազմաթիվ օրենքներ և օրենսդրական փոփոխություններ, այդ թվում նաև «Օրենք սահմանակից երկրներում ապրող հունգարացիների մասին» 2001թ. օրենքը: Այս տեղեկանքը կարող է մտորումների ու քննարկումների առիթ հանդիսանալ: Սեփական մեկնաբանությունները, թերևս ավելորդ են, մանավանդ, որ նման օրենքներ, ընդունված են եվրոպական շատ երկրներում` Իտալիա (ընտրական իրավունքով), Անգլիա և այլն: Հունգարիայի օրինակն առավել հետաքրքիր է նրանով, որ Տրանսիլվանիայի հունգարացիներն իռեդենտ են Հունգարիայի համար այնպես, ինչպես Ղարաբաղն էր կամ Ջավախքն է Հայաստանի համար: Դեռևս անհայտ են մնում այլ իռեդենտների կամ իռեդենտաների գոյության հավանականությունները (համշենցիներ, Արևմտյան Հայաստան, Նախիջևան) : 
Փորձենք ձևակերպել հայկական սփյուռքի, մեր կարծիքով, մի քանի կարևոր առանձնահատկություններ` 
ա/ Պետության ներսում ապրող միատարր բնակչության ու սփյուռքում ապրող հայրենակիցների թվի չտեսնված` ոչ պակաս քան 1:3 հարաբերակցություն և սփռվածության ընդարձակ աշխարհագրություն, 
բ/ Հայկական սփյուռքի լոբբիստական լավ հնարավորություններ, որոնք, որոշ հարցերում, երբեմն համեմատելի են հրեական լոբբիի հետ, 
գ/ Հայկական սփյուռքի առնվազն մեկ հստակ իռեդենտայի (Ջավախք) ու մի քանի հավանական իռեդենտաների կամ իռեդենտների` (համշենցիներ, Արևմտյան Հայաստան, Նախիջևան և այլն) գոյություն: 
Այս առանձնահատկությունների գիտակցումը կարող է բերել որոշակի եզրակացությունների. 
1. Իրականացնել հայրենակիցների վերադարձ ու ներգաղթ, տարեկան X մարդ : Քննարկել այլ ազգերի ներկայացուցիչների ներգաղթ կազմակերպելու հնարավորությունները: Երկրորդը հատկապես կարևոր է և պահանջում է առանձնահատուկ զգուշավորություն, քանի որ էական ազդեցություն կարող է ունենալ ազգային անվտանգության խնդիրների վրա: Մյուս կողմից մեր օրերում այլ էթնիկ խմբերի բացակայությունը, դարձնում է պետությունն օբյեկտիվորեն հետամնաց, անդառնալիորեն ոչ մրցունակ և անկուլտուրական: Սա փակում է երկիրը ճանաչելի, հետաքրքիր ու նշանակալի դարձնելու ալտերնատիվ ճանապարհները: Այս ուղղությունները միևնույն ժամանակ պարունակում են ներքաղաքական նոր լուծումներ խթանելու պոտենցիալ, առանց որի դժվար է պատկերացնել անգամ «միջին վիճակագրական ճահիճ»-ից դուրս գալու որևէ ճանապարհ:
2. Արդյունավետ օգտագործել հայկական սփյուռքի լոբբիստական հնարավորությունները` ձևակերպելով և առաջադրելով այնպիսի խնդիրներ(Հունգարիա), որոնք տեղավորվում են ժամանակակից Արևմտյան արժեքային համակարգի և ընթացող գլոբալիզացիոն գործընթացների մեջ, չբացառելով ցեղասպանության ճանաչմանն ուղղված ահռելի միջոցներն ու ջանքերը:
3. Ձևակերպել վերաբերմունք Ջավախքում ապրող հայրենակիցների վերաբերյալ և մշակել համապատասխան` ակտիվ, համարձակ, «եվրոքաղաքականություն», մանավանդ, որ Վրաստանը հայտարարել է իր բացառիկ «եվրոքաղաքականության» մասին: 

4. Սփյու՞ռքը պետության համար, թե՞ պետությունը սփյուռքի համար: 

Կարևոր է այս հարցի ալտերնատիվ պատասխանը: Անշուշտ պետությունն է հանդիսանում ազգի կազմակերպման բարձրագույն ձևն ու հարցադրման նկատմամբ ցանկացած ոչ ալտերնատիվ մոտեցում` և՛ - և՛, «մեկ միասնություն», «համագործակցություն», «մեկը մյուսի համար» և այլն, քնարական է թվում, իսկ հաջորդ հարցն` «Ինչի՞ համար»` ինքնանպատակ: Հարցադրումն ռացիոնալ է միայն մի դեպքում` պետության պահպանում, զարգացում և առաջընթաց, սա գլխավոր նպատակ է, իսկ մնացած կարևոր խնդիրներն ինչպիսին են հայապահպանությունը, հայրենակիցների շահերը և այլն` ենթանպատակներ են: Թվում է, որ մինչ այժմ էլ ՀՀ-ում գործում է սփյուռքի հետ փոխհարաբերությունների խորհրդային ժամանակների իներցիան , երբ ելնում էին այն բանից, որ չկա հայկական պետականություն, որտեղ հիմնականում արծարծվում էին հումանիտար- մշակութային խնդիրներ: Այն ժամանակ հայկական սփյուռքին վերաբերվող բոլոր որոշումներն ընդունվում էին ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության կողմից, ընդ որում, երբեմն չափազանց շահավետ և ազգային տեսակետից օգտակար, ինչպիսին էր օրինակ 1949թ. Մեծ Հայրենադարձությունը: Այստեղ մեր պետության քաղաքականությունը նմանվում է թնդանոթով ճանճ խփելու հայտնի շռայլությանը: 
Սփյուռքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի սպասարկողը: Կարծում եմ, որ սա պետք է լինի սկզբունք մոտակա մի քանի տասնամյակների համար: Սրա մասին պետք է պայմանավորվել սփյուռքում եղած բոլոր ֆորմալ կառույցների հետ: Ձևակերպված է կոպիտ ու գործնական, սակայն սա իրականություն է և հավանաբար ելման կետը: Առհասարակ գոյություն ունեն խնդիրներ լուծելու տարբեր մոտեցումներ: Մարկետինգի տեսակետից, ճիշտ է համարվում սկզբում հաշվարկել հնարավորություններն, այնուհետև ձևակերպել խնդիրը: Այսինքն, եթե այդպիսի խնդիր դրված լիներ, լավագույն դեպքում կհաշվարկեինք պետության քաղաքական ու տնտեսական հնարավորությունները, կպարզեինք, որ դրանք թույլ կտան, օրինակի համար, տարեկան X մարդու ներգաղթ իրականացնել Y տարի հետո, ինչն էլ փաստորեն տեղի է ունենում: Իսկ մինչ ա՞յդ: Պատմությունը ցույց է տալիս, որ իրական հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր սկզբում ձևակերպում են իրենց նպատակն ու հետո միայն սկսում իրականացնելու ուղիներ որոնել: Նույնիսկ բիզնեսի մեջ թարմ օրինակները մեր առջև են` ասենք Սթիվ Ջոբսն իր «APPLE» - ով կամ Հարավային Կորեան իր պետական նշանաբանով. «Օգուտ բերել մարդկությանը»: Կարծում եմ, որ զուգահեռները կոռեկտ են: Ժամանակն է ձևակերպել առաջին խնդիրը` Խնդիր N 1. Իրականացնել տարեկան X մարդու ներգաղթ , որտեղ X-ը չի կարող մի քանի հարյուր լինել, չի կարող մի քանի հազար լինել, այն պետք է զգալիորեն ավելի մեծ լինի: Կարծում եմ, որ սա է այսօրվա ամենաարդիական պետական ծրագիրը, որտեղից կարող են սկիզբ առնել պետության զարգացման բոլոր հնարավոր և անհնարին թվացող ուղղություններն ու լուծումները: Հնարավո՞ր է այն իրականացնել: Այո՛, որովհետև ալտերնատիվ չկա` կամ իրականացնում ենք կամ սպասում, իսկ սպասելու ոչ ժամանկ կա և ոչ էլ իմաստ: Ինչպե՞ս… Առայժմ ոչ ոք չգիտի: Պարզապես նման խնդիր դրված չէ: Խնդրի այսպիսի դրվածքը ոչ միայն գործնական նշանակություն ունի, այլև պարունակում է անուղղակի ազդեցության բազմաթիվ պոտենցիալներ` ներքաղաքական որոշումներից մինչև էմոցիոնալ – վերականգնողական, նոր տնտեսական հարաբերություններից մինչև քաղաքական փոփոխություններ: Ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ ՀՆԱՐԱՎՈՐ: 

Աշխարհը փոխվում է: Մենք «զգում» ենք, որ այն «ոչ սովորական» փոփոխությունների փուլում է: Ի՞նչ փոփոխություններ են դրանք, ո՞ր ուղղությամբ են ընթանում: Մաքուր տեխնոլոգիակա՞ն են, թե՞ կրում են նաև քաղաքակրթական, էտապային բնույթ: Հազարամյակայի՞ն են, թե միայն հարյուրամյակային` մենք դեռ չգիտենք, բայց դրանք օբյեկտիվորեն գոյություն ունեն: Հուսով եմ շուտով կհասկանանք: Կհասկանանք նաև, որ շատ ֆունդամենտալ արժեքներ, որոնք մենք արդե՛ն ունենք կամ դե՛ռ ունենք, որոշ ժամանակ անց կհամարվեն պրոգրեսիվ ու «մոդայիկ»: Բնական է ցանկությունը` լինել առաջավոր ու մոդայիկ և հիմարություն կլիներ հայտնվել այն ֆրանսիացու վիճակում, որի մասին իր հայրենակիցներն ասում են. «Նա կիրթ մարդ չէ, լավ չգիտի իր լեզուն»: 
Ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ֆունկցիա այս ամենի մեջ: 
Ովքեր ասում են՝ այո, պետք է ճանաչեն իրար, որ հասկանան այդ ֆունկցիան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել