Այն, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանն արդեն Երևանում է՝ նոր նախագծերով, Blognews.am-ը պատմել է ձեզ։ Երեկ ներկա գտնվեցինք նրա նոր տեսահոլովակի նկարահանմանը: Տեսահոլովակի մի հատվածը նկարահանում էին շենքի տանիքում:

«Տանիքից չեմ վախենում, հակառակը՝ ես ինձ բարձր տեղերում շատ ավելի լավ եմ զգում, անգամ օրվա ընթացքում երբ ինձ վատ եմ զգում, գտնում եմ բարձր տեղ և հանգստանում»,-նշում է երգչուհին և ավելացնում, որ նոր ռիթմիկ երգ է ներկայացնելու:

«Խոսքերի հեղինակը ես եմ, երգը կոչվում է «Shalom», դա իմ կողմից, կարելի է ասել, պաշտոնական բարև է: Երաժշտական պրոդյուսինգը պատկանում է Արտեմ Վալտերին, գործիքավորումն արվել է Լոս Անջելեսում, իսկ ձայնագրումը՝ Երևանում»:

Տեսահոլովակի հիմքում սերն է, երբ իրար են հանդիպում տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և մեկը մյուսից ինչ-որ բան է սովորում: Նկարահանման ընթացքում մի կերպարով չեն սահմանափակվելու, դեռ կլինեն տաղավարային նկարահանումներ, իսկ կերպարներով զբաղվել է անձամբ Աստղիկը:

Մեր նախորդ զրույցում երգչուհին նշել էր, որ ունենալու է երաժշտական պրոդյուսեր, ում հետ համագործակցելու է համերգային մասով. «Աշխատելու եմ Էրիկ Անթառանյանի հետ, նա իմ վաղեմի ընկերն է, ուրախ եմ վերադառնալ նրա հետ աշխատանքին, որովհետև շատ պատասխանատու և որակը գնահատող մարդ է: Նրա հետ կկարողանանք համերգային ծրագրեր մշակել»:

Տեսահոլովակի ռեժիսոր Արմեն ՓիրիՄասիհիի հետ Աստղիկն առաջին անգամ է համագործակցում, իսկ առաջարկն արվել է երգչուհու կողմից. «Քանի որ մենք մոտ ենք ոճերով, իրար լավ ենք հասկանում, իսկ այս տեսահոլովակի  հիմքում սերն է: Աստղիկը չափազանց պահանջկոտ է, բայց երկուսով այնքան արագ ենք լեզում գտնում, որ շատ հեշտ է ստացվում մեր համատեղ աշխատանքը: Ինձ համար շատ կարևոր է, որ նա նման չէ շատերին և իր ոճով տարբերվում է»:

Ստեղծագործական խումբը տեսահոլովակի պրեմիերան նախատեսում է հունիսի սկզբին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել