Exclusive

Հունիսի 1-ի առթիվ BlogNews.am-ը որոշեց հայտնիների երեխաներին լուսանկարել ծնողների դերում: Իհարկե, երեխաներին այս կամ այն բանը համոզելը հեշտ չէր, քանի որ նրանք բավականին աշխույժ էին, երբեմն՝ կամակոր, սակայն ընթացքը չափազանց հետաքրքիր էր. նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացրել ու ներկայացրել հայրիկի կամ մայրիկի կերպարը:

Հաղորդավար Վահե Ղազարյանի որդին՝ Էրիկը, 6 տարեկան է, երազում է դերասանի կարիերայի մասին, թերևս, սա է պատճառը, որ տանը հաճախ անում է հայրիկի ձևերը: Նա անգիր գիտի «Սուր անկյան» բացման խոսքը և մեր նկարահանման ժամանակ ասաց ամբողջը:)

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ 6-ամյա Ալբերտոն, կարելի է ասել, ծնված դերասան է:) Նա այնպիսի լրջությամբ էր մոտենում նկարահանմանը, որ նույնիսկ չէր ծիծաղում իր կերպարի վրա: Որևէ մեկը չէր կարողանում անտարբեր անցնել նրա կերտած Մշեցի Առաքելի կերպարի, փոքրիկի հասուն դիմախաղի կողքով, սակայն Ալբերտոն ոչ մի վայրկյան չէր շեղվում իր աշխատանքից:

Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրերը՝ 5-ամյա Էվան ու  3-ամյա Յանան հայրիկի ու մայրիկի դերում էին: Առավել նման կեպարներ ստանալու համար Մանոն իրենց հագուստի նմանությամբ հագուստ էր կարել փոքրիկների համար: Էվան ստանձնել էր հայրիկի կերպարն ու համաձայնեց հագել տղայի հագուստ, իսկ Յանան մայրիկի դերում էր: Իհարկե, նրանք չէին հրաժարվում փոքրիկ «կաշառքներից», որոնք մայրիկն առաջարկում էր նրանց նկարահանման դիմաց և գործին պրոֆեսիոնալ էին մոտենում:)

Լուսանկարներն արվել են Նոր Ռեժանս ռեստորանային համալիրում

Մայա Պողոսյանի և Ավետիս Խախամյանի որդին՝ Ալեքսանդրը, երկուսուկես տարեկան է: Փոքրիկն այնքան շարժուն է, որ մի քանի րոպե խմբագրի աթոռին նստելուց և նկարահանվելուց հետո անպայման պետք է վազվզեր «Էլ սթայլի» խմբագրությունով, հետո միայն վերադառնար «պաշտոնին»:)

Դերասան-ամուսիններ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթիկը, ևս միշտ աչքի է ընկել իր դերասանական ունակություններով, ու պատահական չէ, որ նա մտածում է դերասանուհի դառնալու մասին:) Լիլիթիկն ինքն էլ է հասկացել, որ իր մեջ կա այդ ջիղը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ տանը հաճախ կրկնօրինակում է մայրիկի ձևերը, բայց ոչ հայրիկի, քանի որ հայրիկի ձևերն անելու համար համապատասխան ձայնը չունի:)

Որքան էլ զարմանալի է, այս ֆոտոշարքի ժամանակ պարզեցինք, որ հաղորդավար Ժակի դուստրը՝ Սիլվիան և հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի որդիները՝ Սամվելն ու Միքայելը, բավականին քիչ են շփվում իրար հետ և վաղուց չէին տեսել իրար: Նրանց նկարահանեցինք ինչպես «Կենտրոն»-ի առավոտյան ծրագրի տաղավարում, այնպես էլ ռադիո Վանում, որտեղ երեխաները հաճույքով գործի անցան:)

Լուսինեի տղաները պատմեցին, որ տանը հաճախ են կրկնօրինակում մայրիկին, իսկ Սիլվիան նկարահանման ժամանակ սկսեց կրկնել սելֆիամոլ հայրիկի ձևերն  ու նրա պես սելֆի անել:)

Ռեժիսորներ Արշալույս Հարությունյանի և Լուսինե Երնջակյանի որդին՝ 3-ամյա Արան, սիրով ստանձնեց ռեժիսորի պարտականությունները: Աշխույժ փոքրիկին կարողացանք «բերման ենթարկել» բարձրախոսի օգնությամբ, որով նա շարունակ ասում էր ` «папа, ты меня слышишь?»:)

Տատուի վարպետներ Լիդիայի և Գագիկի որդուն` Էդուարդին, լուսանկարելն այնքան էլ հեշտ չէր: Նա այնքան շարժուն էր, որ մի վարկյանում հասցնում էր հեռակառավարման վահանակով խոսել անծանոթ ինչ-որ մարդկանց հետ, բացել սենյակի դուռն և ստուգել՝ դրսում մարդ կա՞, թե՞ ոչ և այդքան շարժուն լինելուց նա չէր հոգնում: Ի դեպ, նա շատ տարօրինակ լեզվով էր խոսում, և շատ դժվար էր հասկանալ` թե ինչ է ասում, նա ապրում էր իր աշխարհում:

«ArmComedy» Սերգեյ Սարգսյանի դուստրը` Ալիսան, մինչև նկարահանվելը նախ պաղպաղակ պահանջեց, իսկ հետո հմտորեն կրկնում էր հայրիկի շարժումները կամ էլ հակառակը: Համաձայնեք` հայր և դուստր չափազանց նման են իրար:

DJ Վակցինայի որդին` Վիկտորը, մեկ տարեկան տաս ամսական է, խուճուճ մազերով փոքրիկը նկարահանման ընթացքում չափազանց լուրջ էր: Պարզվում է` նա շատ է սիրում երաժշտություն և բավականին սկզբունքային տղա է:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի և Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել