Լեոնարդո դա Վինչին սիրում էր իր գործերում գաղտնիքներ թողնել: Եվ նման օժանդակությամբ ստեղծված բանական էակը ստեղծեց առաջին թռչող սարքը, մարդուն համարեց տիեզերքի կենտրոն, յուրահատկությամբ ստեղծեց Մոնա Լիզան, որի առեղծվածային բնույթով հետաքրքրվում են բոլորը, սակայն կտավը մինչ այսօր մնում է չբացահայտված:
Մոնա Լիզան Լիզա դե Ջոկոնդայի անունն է: Նա Գորարդինիի ընտանիքի անդամ է և հարուստ մետաքսի վաճառական: Ֆրանցեսկո դե Ջոկոնդայի կինն է: Նկարը պատվիրված է եղել իրենց նոր բնակարանի և երրորդ որդու՝ Անդրեայի ծննդյան կապակցությամբ:
Իտալացի հետազոտողները սկսել են պեղումներ կատարել այն վայրում, որտեղ ենթադրաբար գտնվում է Լիզա դե Ջոկոնդայի գերեզմանը։ Ենթադրվում է, որ հենց նա է պատկերված իտալացի աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավում: Պեղումներից մի քանի ժամ հետո գիտնականների խմբին հաջողվել է հայտնաբերել մի քանի ոսկորներ, որոնք պատկանում են տարբեր կենդանիների։ Պեղումներին, որոնք կարող էին շարունակվել 15-30 օր, մասնակցում էին 8 գիտնական։ Ջոկոնդայի աճյունի որոնումների աշխատանքների վերսկսման մասին հայտարարվեց անցյալ տարվա ապրիլի 5-ին։ Հետազոտողները մտադիր էին հայտնաբերել կնոջ ոսկորներ ու այն ուղարկել ԴՆԹ անալիզի։ Նրանք մտադրություն ունեին ոսկորները համեմատել Լիզա դե Ջոկոնդայի երեխաների ԴՆԹ-ի հետ։ Ավելին, հաջողության հասնելու դեպքում գիտնականները ցանկություն ունեին հայտնաբերվելիք գանգի օգնությամբ վերստեղծել կնոջ դեմքը՝ վերջ դնելու համար Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի բնորդի շուրջ վեճերին։
Կտավի շուրջ տածած հետաքրքրությունը դեռ դարեր ի վեր շարունակվում է: Նրանով հետաքրքրվում են բոլորը, շատ մարդիկ փորձում են հնարավորինս վերլուծել, իսկ տեսակետն իրականությանը մոտ լինելուն պես բարձրաձայնել:
1. Շատ փորձագետների վարկածով Լեոնարդո դա Վինչին նկարել է հենց ինքն իր դիմանկարը, սակայն հետագայում, հավանություն չտալով իր դիմանկարին, ավելացնում է կնոջ դիմագծեր: Համակարգչային ծրագրերի միջոցով ամերիկացի մասնագետները իրականացրել են Ջոկոնդայի և Լեոնարդոյի ինքնանկարի համեմատական վերլուծություն, որի արդյունքում ապշեցուցիչ նմանություն են գտել երկու դիմանկարների մեջ: Սակայն այս վարկածը շահարկվում է շատ անգամներ ոչ մասնագետների կողմից, իսկ քննադատներն ամեն կերպ հերքում են այս տեսակետը, քանի որ ըստ ամերիկացի մասնագետների կողմից բերված փաստարկների՝ ի տարբերություն միջնադարի այլ նկարիչների՝ դա Վինչին չէր սիրում ինքն իրեն նկարել:
2. Իտալացի Սիլվիանո Վինչետին, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, նույնպես ենթադրել է, որ նկարչի ստեղծած գլուխգործոցի բնորդը տղամարդ է եղել: Վինչետին Ջոկոնդայի աչքերում նկատել է լատինատառ L և S տառերը, որոնք, ըստ նրա, Լեոնարդո-ի և Սալաին-ի սկզբնատառերն են: Սալաինը մոդել է եղել, որը, ինչպես ենթադրվում է, դա Վինչիի սիրեկանն է եղել:
3. Ջոկոնդայի տղամարդ լինելու մեջ շատ գիտնականներ են համոզված: Ըստ նրանց՝ «Մոնա Լիզան» ունի շատ հաստ պարանոց: Համապատասխան հետազոտությունները և բժիշկների հետ խորհրդակցությունները ցույց են տվել, որ այդպիսի պարանոց ունենում են միայն տղամարդիկ, քանի որ նման պարանոց ունենալու դեպքում, ունենում են նաև հաստ և կոշտ ձայն, իսկ նման ձայնով կինն օժտված երբեք չէր կարող լինել:
4. Կա վարկած, որ նկարը հենց Ջոկոնդան է: Ֆրանչեսկո դել Ջոկոնդան իրեն տղա պարգևելու կապակցությամբ ցանկացել է իր կնոջը նվիրել նրա նկարը: Բացահայտել է, որ «Մոնա Լիզայի» գլխին կա թափանցիկ շղարշ, ինչը 16-րդ դարում իտալացի կանայք էին կրում, ովքեր հղի էին կամ նոր էին երեխա ունեցել: Այս վարկածը հրապարակելուց անմիջապես հետո առաջ քաշվեց նաև նման մի տեսակետ, որ «Մոնա Լիզան» այդ նկարում եղել է 10 ամսական հղի: Եվ Ջոկոնդայի այդ խորհրդավոր հայացքը պայմանավորված է իր հղիության շրջանով:
5. Կտավը ենթարկելով բազմաթիվ փորձաքննությունների՝ պարզվել է, որ այն բաղկացած է 3 շերտից, ինչը բացատրվում է նրանով, որ Լեոնարդո դա Վինչին, մի քանի անգամ փոփոխությոան է կատարել նկարում: Նկարի նախնական տարբերակում նա Մոնա Լիզային պատկերել է երեխան գրկին, սակայն տեսնելով, որ երեխան իր վրա է շեղում ուշադրությունը Մոնա Լիզայից, վերափոխել է նկարը, և երեխայի տեղը նկարել է ձեռքերը: Այդ է պատճառը, որ Ջոկոնդան ունի բավականին խոշոր ձեռքեր:
6. Տարածված վարկածներից է նաև, որ նկարը կնոջ և տղամարդու դիմանկարների միացության արդյունք է: Կա նաև մի փոքրիկ վարկած, որ դեմքը մեկ ընտանիքի (ամուսին, կին, դուստ, որդի) դիմանկարների ամբողջականություն է:
7. Վերջին տարիներին շատ լուրջ քննարկման է դրվել մի վարկած, որի համաձայն՝ Լեոնարդո դա Վինչին պատկերել է իր մայրիկին: Մինչ 5 տարեկան դառնալը դա Վինչին իր ծնունդից ի վեր չի տեսել հարազատ մորը, սակայն 5 տարեկանից հետո, նկատել է, որ ինչ-որ կին է հետևում իրեն: Երկար տարիներ հետո միջնադարի տաղանդը իմանում է, որ հենց այդ կինն իր մայրն է: Ըստ հավաստի աղբյուրների պարզաբանումների՝ մայրը հիվանդ է եղել և այդ պատճառով հոնքեր չի ունեցել, ինչպես պատկերված է նաև դիմապատկերում: Այս վարկածից հետո նաև բացատրություն է տրվել «Մոնա Լիզայի» դեմքի արտահայտությանը: Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզային պատկերել է այնպիսի թախծոտ հայացքով, որով սովորաբար կարող էր մայրը նայել իրենից բաժանված որդուն: Սակայն անգամ այդ թախծոտ հայացքում էլ մասնագետները նկատել են թույլ միմիկա, որով «Մոնա Լիզան» ցույց է տալիս իր հպարտությունը՝ կապված իր որդու հաջողությունների հետ:
8. Այլ վարկածների համաձայն՝ «Ջոկոնդա»-ին են վերագրվում մի շարք հիվանդություններ, այդ թվում` մահացու հիվանդություն: Հիվանդությունները բացահայտվել են «Մոնա Լիզա»-ի մաշկի ուսումնասիրության արդյունքում:
9. Ֆրանսիացի ինժեներ-գիտնական Պասկալ Կոտտը երեք տարի առաջ հայտնի կտավը ենթարկում է 240 – megapixel սկաներավորման: Ինչից հետո նաև ուսումնասիրում է նկարը ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր լույսերի ազդեցության տակ: Դրանց շնորհիվ պարզվել և հերքվել է այն վարկածը, որ «Մոնա Լիզան» չունի հոնքեր: «Նա ունի հոնքեր»,- հստակ ասել է Պասկալը և բացատրել, թե ինչն է թյուրիմացության պատճառ դարձել: Դա Վինչին նկարը պատել է հատուկ նյութով, որը նկարը դարձնում է եռաչափ: Եվ միայն դրանից հետո է ավելացրել որոշակի մանր դետալներ նկարի վրա, այդ թվում նաև հոնքերը, որոնք ժամանակի ընթացքում մաքրվել են, քանի որ եղել են նկարված այդ նյութի վրայից:
10. Մոնա Լիզայի ժպիտը նույնպես մնում է գաղտնի: Ամերիկացի և հոլանդացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ նրանց կողմից մշակված մի ծրագրով վերլուծության է ենթարկվել Մոնա Լիզայի ժպիտը:
Ըստ արդյունքների
83%-ով «Մոնա Լիզան» երջանիկ է եղել,
9%-ով տհաճություն է զգում,
6% վախեցած է,
2%-ով բարկացած է:
11. Վարկածներից մեկն այն է, որ պատկերված կինը Լեոնարդո դա Վինչիի հարևանուհին է եղել կամ սիրուհին, սակայն նման տեսակետներից առավել աչքի ընկնող և իրականությանը որոշակի համապատասխանող եղել է Սիլվանո Վինչետտիի վարկածը, որ նկարում պատկերված է Ժան Ջակոմո Կապրոտտին (Gian Giacomo Caprotti): Նա մի երիտասարդ է եղել, ով աշխատել է Լեոնարդոյի արվեստանոցում: Համընկնում է նաև այն հանգամանքը, որ Կապրոտտին պատկերված է դա Վինչիի մի քանի նկարներում, որոնք բավականին նմանություն ունեն Մոնա Լիզայի հետ:
12. Ըստ մի ռուս բանաստեղծուհու՝ նկարի աջակողմյան մասը ձախակողմյան մասի սկիզբն է, որի միացումից դիմապատկերի ետին ֆոնի բնապատկերը դառնում է ամբողջական:
13. Ջոկոնդայի կամ ինչպես ավելի հայտնի անունով կոչում են «Մոնա Լիզայի» առեղծվածի բացահայտումով հետաքրքրված են եղել նաև մաթեմատիկոսները: Ըստ մաթեմատիկոսների՝ Լեոնարդո դա Վինչին կտավը նկարել է հատուկ երկրաչափական գծագրություններով՝ ամեն կետի, մասնիկի տալով որոշակի նշանակություն մաթեմատիկական մարմնին: Իսկ մշակութաբանները կանխատեսել են այն հանգամանքը, որ ըստ մաթեմատիկոսների վերլուծության արդյունքների, գծերի հարաբերականորեն միանալուց հետո առաջանում են և եռանկյունիներ, եռանկյունաչափ պատկերներ: Իսկ եռանկյունիներին տվել են այն պարզ բացատրությունը, որ նրանք ինքնին առեղծվածային մարմիններ են:
14. Նյու Յորքի նկարիչ Ռոն Պիկիրիլոն կարծում է, որ իրեն հաջողվել է հայտանաբերել ծածկագիրը: Ըստ նրա՝ եթե կողքի շրջեն նկարը, ապա կարելի է տեսնել կենդանիների`առյուծի, կապիկի և վայրի ցուլի նկարներ: Թե ինչ են նշանակում այդ պատկերները, դեռ Պիկիրիլոն չի կարողանում հասկանալ, սակայն մտածում է, որ այս կենդանիների պատկերներն իրենց նկարներում թաքցրել են նաև Տիցիան և Ռաֆայել նկարիչները, որոնք նույնպես համարվել են Վերածննդի հանճարներ :
Եվ այսպես շարունակ շուրջ 500 և ավելի տարի գիտնականները և մասնագետները փորձում են պարզել, թե ով է պատկերված նկարում, փորձում են բացահայտել գեղանկարչության գլուխգործոցներից ամենագաղտնին: Թեպետ որոշակի կարծիքներ համընկնում են իրականության հետ, սակայն մինչ օրս աշխարհահռչակ կտավը մնում է առեղծվածային…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/463070013731407
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել