Սերժոն «Անքնությունից» (Insomnia) 4 տարի անց թողարկեց իր «Գույները»: Երեկ երևանյան բացօթյա սրճարաններից մեկում մի շարք հայտնիներ հավաքվել էին՝ մասնակցելու DJ Սերժոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին: Կազմակերպված երեկույթի ժամանակ հնչում էր էլեկտրոնային երաժշտություն, որի ներքո մի քանի ժամ շարունակ հյուրերը պարեցին, զվարճացան: Դրան հաջորդեց «afterparty»-ն, որը վարում էր Արամ Չախոյանը:
BlogNews.am-ի հետ զրույցում Սերժոն ասաց, որ սկավառակում ներկայացված են համագործակցություններ Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի, Էմմիի, Արթուր Ալեքի և Լիլիթ Նավասարդյանի հետ: «Այս չորս տարիների ընթաքում տարբեր ձևաչափերի շատ աշխատանքներ եմ ունեցել, որոնց մի փոքրիկ մասը հավաքել եմ ու ընդգրկել այս ալբոմում»,- ասաց երաժիշտը:
Սերժոյի փոխանցմամբ՝ ալբոմում ոչ միայն էլեկտրոնային երաժշտություն է ներկայացրել, այլև երգեր: «Իմ գրած երաժշտությունների համար գրվել են խոսքեր, ու ստացվել երգեր, իհարկե՝ իմ ձևաչափում: Որպես բիթ հավաքող՝ մի նմուշ էլ Ֆելիքս Խաչատրյանի հետ ենք ներկայացրել: Հենց այս պատճառով էլ ալբոմն անվանել եմ «Գույներ». յուրաքանչյուրը կգտնի իր գույնը, քանի որ ներկայացված գործերն իրոք բազմազան են՝ իհարկե, իմ ոճի մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր օրերում ալբոմ թողարկելու սիմվոլիկ բնույթին՝ երաժիշտն ասաց, որ արտիստը, ով հավատարիմ է իր երաժշտությանը և դրանով չի զբաղվում միայն գումար աշխատելու համար, հասնում է այն հոգեվիճակին, երբ ալբոմ թողարկելը հոգու պահանջ է դառնում: «Ուզում ես մարդկանց հետ կիսվել քո հոգեվիճակով: Գուցե վաճառքն առաջվա պես չէ, և շահույթ չկա, բայց դրանից մեծ բավարարվածություն և էներգիա ես ստանում: Սա նաև սեփական պորտֆոլիոյի համար է, հաշվետվության պես մի բան է»,- նկատեց Սերժոն:
Սերժոյի «Գույներին» ծանոթանալու էին եկել Միշոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ MP3-ն, Ֆելիքս Խաչատրյանը սիրելիի՝ Գոհար Պարույրյանի հետ, Ռոլանդ Գասպարյանը կնոջ՝ Գայանե Հովհաննիսյանի հետ, Շուշան Երիցյանը սիրելիի հետ, Արամ Չախոյանը կնոջ՝ Աննայի հետ, «Վիտամինցի» Տիգրանը, Ժաննա Բուտուլյանը, Աննա Գրիգորյանը, Արարատ 94-ը, Արթուր Ալեքը և այլք:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի