Էսօր Այգեձորի վրա մի մեքենա մոտեցավ ինձ ու կանգնեց։ Բավականին անշուք մեքենա էր, միջից միջին տարիքի կին ու տղամարդ ինձ դիմեցին, սկզբից լավ չհասկացա, թե ինչ էին ասում, լսեցի միայն զինվորական հոսպիտալ բառն ու ուզում էի պատասխանել, որ չգիտեմ` որտեղ է գտնվում ու զգացի, որ Լոռվա կողմերի բարբառով են խոսում։ Կինը շատ հուզված ասաց, որ տղան գտնվում է զինվորական հոսպիտալում, Ալավերդիից են եկել, ու գումարը չի բավականացնում դեղատնից դեղ գնելու համար։ Կարո՞ղ եմ արդյոք 1800 դրամ տալ, հետո իրենք ինձ կգտնեն, մի դույլ մոշ ու հոն կբերեն և այլն։ Ասացի՝ խնդիր չի, տվեցի երկու հազար դրամ։ Անունս հարցրեցին, ասացին, որ կաղոթեն ինձ համար... Հրաժեշտ տվեցինք։ Թեթևացած ու ուրախ տրամադրությամբ գնացի տուն, որ կարողացա մի փոքր բանով օգնել զինվորի ընտանիքի, որ մարդկանց մեջ չկոտրեցի հավատը, որ զինվորի հոգսը մեր բոլորի հոգսն է։ «Աջ ձեռքդ չպիտի իմանա, թե ձախ ձեռքդ ինչ է արել» սկզբունքի տրամաբանության մեջ չմտցրեցի դիպվածը պատմել եղբորս, ով, ցավոք, ինձ հիասթափեցրեց, որ գործ եմ ունեցել հերթական սուտասանի հետ, որ զինվորական հոսպիտալում բուժման ծախսերը հոգում է պետությունը, ու նման պատմությունների մեջ ինքն էլ է ընկել։ Մի խոսքով, շատ հիասթափված եմ, ոչ թե նրա համար, որ ինձ կարողացան հեշտությամբ խաբել, այլ որ մարդիկ էն աստիճանի են կորցրել իրենց արժեքը, որ իրենց երեխայի վրա նման պատմություն հորինելով են գումարներ կորզում։ Եթե ձեզ էլ հանդիպեն նրանք, իմացեք, թե ինչպես վարվել։ Չշարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել