Հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն միշտ առանձնանում է հետաքրքիր ոճով։ Պարզվում է՝ Դիանան ինքուրույն է ընտրում իր զգեստները, իսկ ժամանակին, երբ ֆինանսական միջոցներ չուներ, նույնիսկ կարել է իր զգեստները։ BlogNews.am-ը ոճային զրույց է ունեցել Դիանայի հետ:)
-Դիանա, միշտ աչքի ես ընկնում քո ոճով, հետաքրքիր հագուկապով։ Ինքնուրո՞ւյն ես անում ամեն ինչ, թե՞ դիմում ես ոճաբանների օգնությանը։
-Երբևէ ոչ մի ոճաբանի հետ չեմ աշխատել եթերների շրջանակում։ Որոշ միջոցառումների համար եղել է համագործակցություն ոճաբանների հետ, բայց՝ հազարից մեկ։ Այս ոլորտ մուտք գործելուց հետո ինքս եմ զբաղվել իմ ոճով՝ սկսած մազերս հարդարելուց մինչև կոշիկներիս ընտրությունը։ Հետաքրքիր է, թե՝ ոչ՝ հեռուստադիտողները կդատեն։ Եթե հետաքրքիր է ստացվում, ապա դա իմ՝ շատ ֆիլմեր դիտելու, ինֆորմացված լինելու արդյունքն է։
-«Fashion» նորություններին հետևո՞ւմ ես։
-Այո, բայց կստեմ, եթե ասեմ, թե դրա գերին եմ։ Եթե մի բան ինձ դուր չգա, համապատասխան չլինի, չեմ հագնի, փոխարենը կարող է հագնեմ շրջազգեստ, որը հագնում էին 50–ականներին, և հիմա գուցե այնքան էլ նորաձև չէ։
- Գիտեմ, որ ժամանակին ինքդ էիր կարում զգեստներդ։
- Այո, հաճախ զգեստներս ինքս եմ ձևափոխել, կարել ու հագել։ Երբ նոր էի հեռուստատեսությունում, միջոցառումների էին հրավիրում, որոնց ներկայանալիս զգեստ գնելու համար գումար չունեի, ֆինանսական վիճակս թույլ չէր տալիս նաև գնալու վարսահարդարի, դիմահարդարի մոտ։ Այդ ժամանակ օգնության էր հասնում բնածին շնորհքս։ Հաճախ ինձ հարցնում էին՝ ով է շորիդ հեղինակը, փաստորեն, դա հետաքրքիր էր:)
Հեռուստատեսություն մտնելիս ես չէի կոմպլեքսավորվում, որ հագնում էի իմ կարած զգեստը, վարսահարդարումս ես էի անում, կամ նույն զգեստը կարող էի տասը ձև ձևափոխել, հագնել, ու ոչ ոք չհասկանար, որ դա նույն զգեստն է։
-Հիմա է՞լ ես հասցնում այդպես անել։
-Կարել, ձևափոխել չեմ հասցնում, թեև շատ եմ սիրում։ Կարծում եմ՝ եթե հասցնեի, ավելի հետաքրքիր զգեստներ կկարեի ու կհագնեի, քան այն, ինչ հիմա հագնում եմ։
-Հնարավո՞ր է մի օր քեզ էլ տեսնենք նորաձևության ոլորտում գործունեություն ծավալելիս։
-Չէ, որովհետև դա իմ մասնագիտությունը չէ։ Ես շատ եմ սիրում հաղորդավարությունն ու դերասանությունը ու որոշել եմ դրանց մեջ խորանալ։ Հասկացել եմ, որ եթե ուզում ես շատ բան անել, ոչինչ չի ստացվում։ Ես մասնագետը չեմ, որ խորհուրդներ տամ ուրիշներին։
-Իսկ խորհուրդներ ընդունո՞ւմ ես։
-Առհասարակ միշտ հարցնում եմ խորհուրդներ, որովհետև վատ է, երբ խորհուրդ չես հարցնում ու չես լսում։ Դա մարդկային դեգեներացիայի առաջին աստիճանն է, մարդը միանշանակ է դառնում, միայն մի ուղղությամբ է նայում։ Ես փորձում եմ նայել բոլոր ուղղություններով, բայց ընտրել իմ ուղին։ Ինչ վերաբերում է ոճիս, համարձակ լուծումների, կասկածելի դետալների վերաբերյալ գուցե խորհուրդ հարցնեմ ոճաբան ընկերներիցս, սակայն կընդունեմ, թե՝ ոչ, այլ հարց է, որովհետև փորձում եմ յուրաքանչյուր կարծիք անցկացնել իմ միջով։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի