Մեր բոլոր հիվանդությունների բուն պատճառը սիրո պակասն է, ավելի՛ն ատելությունը: Մենք ատում ենք իրար՝ մեզանից ատելություն է բուրում: Եվ հավատ չեն ներշնչում այսօրվա կոչերը համերաշխության, ու չենք հասկանում, որ չկա՛, չի՛ կարող լինել համերաշխություն առանձ փոխըմբռնման, իսկ մարդուն ըմբռնելո՛ւ, հասկանալո՛ւ համար մեծ ՍԵՐ պետք է ունենալ, մե՛ծ ՍԵՐ:
Եղբոը դատապարտելուց առաջ, նախ քաջություն պետք է ունենալ, ապրելու նրա տրորված արժանապատվությունը, նրա ողբերգությունը, որովհետև ճակատագրի եղբայր է ամեն ՀԱՅ, դրսեցի թե՞ տեղացի, սփյուռքահայ թե՞ հայաստանցի, ղարաբաղցի թե՞ երևանցի, իմաստուն թե՞ անգրագետ, չեզոք թե՞ կուսակցական, ՀԱՅ մարդիկ են բոլորը, ում նկատմամբ ատելությունը համազոր է կայենության, այո կայենության, դրա համար էլի եմ ասում. Ճակատագրի եղբայր է ամեն ՀԱՅ:
Ամեն հայ դա դո՛ւ էս, դո՛ւ: Եվ սա է ազգային բարոյականի անխախտելի օրենքը: Եվ այս օրենքի դեմ մեղանչողը, քանդում է իր ազգի, իր տան հիմքերը:

Արդեն ժողովրդի կեսն է մնացել... Էդ կեսն էլ կիսվեց... Մի կողմից զորքը.. Մի կողմից բարիկադներ... Իսկ հետո էլ միգուցե կգա պահը երբ կհարցնեն.
- Դու ո՞ւմ կողմից ես.. Հը.. Ո՞ւմ կողմից ես դու... Ոնց-թե ոչ մեկի.. Հլը բռնեք սրան.. Ինչ ուզում եք հետն արեք.. խփեք սրան... Ոչ մեկի..
Վարի կտա ով ում կուզի, որովհետև չի լինի, չի գործի ոչ մի օրենք, ու նորից խեղճը կտուժի ինչպես միշտ, զոռբան ջրի երես դուրս կգա ինչպես միշտ.. Ու երբ կհոգնենք, հոգիներս դուրս կգա, տասնյակ տարիների չարչարանքից, գզվռտոցից, քաշքշուկից, ատելությունից, սովից, հիվանդություններից.. Միգուցե կերազենք, որ վերջապես մեզ մի բռնակալ տան, որ էս ամեն ինչը վերջանա... Միգուցե և բռնակալը տան, ինչո՞ւ չէ, միայն թե ո՛չ հայ, այլ կոսմոպոլիտ... Երկիրն էլ ավերակ, որի վրա կթագավորի մահվան ուրվականը...
Բայց չէ, կանցնի այս փորձությունը ևս... Ես ճանաչում եմ քեզ երկաթե՛ ժողովուրդ, որին աստվածային կամքով, վկա է քո պատմությունը, տրված է առասպելական փյունիկի իր աճյունից վերածնվելու կարողությունը, Դո՛ւ քրտինքի հերոս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքը դժվարացան անդամալուծել նույնիսկ լենկ թեմուրները մեծ ու փոքր, դո՛ւ կշենացնես քո երկիրը, ես ճանաչում եմ քեզ՝ չար բախտի հետ պայքարի մտած, անընկճելի ժողովուրդ, ու խորապես հավատում քո մեծ ու լուսավոր ապագային, ու կարոտով, երկյուղածությամբ, էն էլ ի՞նչ կարոտով՝ մամ ջան, ծունկի եմ գալիս ու համբուրում քո աշխատանքի մեջ կոշտացած, սրբացած, քո հայրենաշեն ձեռքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել