Գաղափարական-ստեղծագործական հակառակորդներիս «նավսից» էներգիայի սակագնի բարձրացման դեմ մայիսյոթյան վանաձորյան հանրահավաքից մոտ 40 րոպե առաջ... ջրային «աղետը» պատուհասել էր մեր բնակարանը: 1988թվի երկրաշարժից հետո միայն 1 անգամ նորոգված (Գորբաչովի փողերով) բնակարանի ջրի ծորակի 43 տարեկան «կառավարման վահանակը» հանկարծ հոգնել էր կյանքից ու այլևս անզոր էր կառավարել քչքչալով հոսող ջրի «սանձերը», որն էլ ազատ-անկախ հոսքով ու չարախնդալով՝ սպառնում էր ավերածություններ գործել, ու եթե մինչ հանրահավաքի ուղևորվելը (որ այդպես էլ չկայացավ) տուն չգնայի, դժվար է ասել, թե վթարը, որ, չի բացառվում, ջրի հոսքի անկապ ուժեղացման հետևանք է՝ ինչ աղետալի հետևանքներ կունենար. հենց ջրի ուժեղ հոսքն է, որ հաճախ տարատեսակ վթարների պատճառ կարող է դառնալ, քանի որ խողովակները հավանաբար չեն դիմանում հոսքին: Նախատոնական օր, հանրահավաքային օր՝ դե արի ու նորոգող վարպետ գտիր. ևս մեկ ապացույց՝ մարզերի ու մայրաքաղաքի միջև ակնհայտ տարբերության առթիվ. մայրաքաղաքում գոյություն ունի «կենցաղային շտապօգնություն» կոչվող ծառայություն, որի մասին պարբերաբար հայտարարություններ են լինում հեռուստատեսությամբ, մինչդեռ Վանաձորում անգամ տարրական Կենցաղի տուն չկա: Ի վերջո 1 ժամվա ընթացքում սրան-նրան զանգելուց (որի թվում՝ պետական կառույցի) հաջողվեց մի վարպետ գտնել, որն էլ, բարեբախտաբար, կանխեց սպասվող հնարավոր ավելի մեծ աղետը կես ժամվա ընթացքում:

...Այստեղ են ասել՝ «Ես կամեցա, Աստված տնօրինեց»: Մարզերում հանրահավաքների կայացման ժամանակացույցն էլ ֆեյսբուքի էջիս փոխադրելով, որ ով չգիտի, նա էլ իմանա կայացման օրվա ու ժամի մասին, արդեն ինձ «հոգեբանորեն» նախապատրաստել էի մասնակցության, անգամ հանրահավաքի մասին պատմելիք նյութի նախաբանն էի մտքիս մեջ նախատեսել. այն է՝ «Իսկական հայը ՀԷՑ-ի կողմից սակագնի բարձրացման դեմ հանրահավաքից առաջ նախ պետք է ՀԷՑ-ի ամսվա վարձը լրիվ փակի...»: Ու փակել էի՝ հանրահավաքի մեկնելու պատրաստությունից առաջ, մտածելով, թե մեկ էլ տեսար, հանրահավաքից հետո որոշեցին պարզել, թե մասնակիցներից ո՞վ չի «լույսի վարձը» մուծել, բայց «չար ուժերի» «հովանավորը» երևի թե «չարախնդացել» էր՝ «Առռա-հա քեզ՝ հանրահավաք»:

...Այդուհանդերձ, հանրահավաքը հեռուստատեսությամբ դիտելով՝ մտածեցի, որ այն առանձնապես մեծ կորուստ չի կրել իմ չմասնակցությամբ (թեպետ կազմակերպիչներից մեկը դժգոհ էր, որ մասնակիցները քիչ են). տեղը տեղին հանրահավաք էր, երթն էլ հետը, անգամ Լոռվա կոլորիտային բարբառով գրված կարգախոս կար՝ «Թալանածը թալանողի քթերքից գա»: Միայն մի բան չհասկացա. հանրահավաքին մասնակցող քաղաքացիների բողոք-նամակը՝ անձնական ստորագրություններով, էդ ինչի՞ հանձնեցին Վանաձորի քաղաքապետին, որ նա էլ իբր փոխանցի կառավարությանը, չէ՞ որ մարզկենտրոններում կառավարության ներկայացուցիչը մարզպետն է, ոչ թե քաղաքապետը: Հիմա քաղաքապետը վստահաբար կարող է ասել, որ քաղաքացիներն իրեն ավելի են վստահում, քան մարզպետին. այնքան են վստահում, որ իրենց ձայներն էլ են վստահել...

...Ահա թե ինչու էի տհաճ երազ տեսել ու մտածում էի՝ կարող է՞ «աստղերը հուշում են», որ «օրը բարենպաստ չէ հանրահավաքի գնալու համար...», բայց որոշել էի երազին «մարտահրավեր նետել» ու «օրվա խորհուրդը» չանսալ՝ մասնակցելով հանրահավաքին... Իսկ ծանոթներիցս մեկը, իմանալով, որ հանրահավաք է եղել, դժգոհեց, որ չի իմացել, թե չէ անպայման կգնար. դե պատերին հայտարարություններ չեն եղել երևի թե, նմանապես հեռուստատեսությամբ չէր ծանուցվել, այլ միայն համացանցով, իսկ համացանցից օգտվելու հնարավորություն քչերն ունեն. ըստ այդմ՝ հավանաբար հավաքվել էին «միմյանց իմաց անելու» սկզբունքով և կուսակցական-քաղաքական ակտիվի ջանքերով:

...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել