Սև ռնգեղջյուրներն արագորեն վերանում են երկրի երեսից։ Նրանց ցեղակիցները՝ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները, մնացել են ընդամենը մեկ արու ռնգեղջյուրի հույսին, ու հազիվ թե նրանց բարեհաջող վերարտադրությունը հնարավոր լինի։ Վերջին արու հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը ներկայումս գտնվում է զինված պահակի պաշտպանության ներքո։ Բանն այն է, որ անգամ հիմա, երբ նա միակն է իր տեսակի մեջ, որսագողերը չեն խնայի նրան ու հաշված րոպեների ընթացքում կսպանեն նրան եղջյուրի համար, որը կարող է վաճառվել անեթեթ բարձր գնով Վիետնամոււմ և ասիական երկրներում։ Այս վայրերում ռնգեղջյուրն օգտագործվում է որպես քաղցկեղի դեղամիջոց։  

Ոչ մի ապացույց չկա, որը կվկայեր, որ այս «դեղամիջոցն» իսկապես որևէ բուժարար ազդեցություն է գործում, սակայն վերջին տասնամյակում որսագողության մակարդակն այնքան է աճել, որ ռնգեղջյուրները լուրջ վտանգի տակ են։ 50 տարի առաջ աշխարհում մոտ 70,000 սև ռնգեղջյուր կար, մինչդեռ ներկայումս նրանց թիվը 5,000-ից էլ քիչ է։ Երկուշաբթի օրն այս թիվը մեկով էլ քչացավ։ «Dallas Safari Club» կոչվող խումբն աճուրդի հանեց օրինական ճանապարհով սև ռնգեղջյուր որսալու իրավունքը։ Քորի Նոուլթոն անունով մի մարդ 350,000 դոլարով գնեց այդ իրավունքը, թեպետ այս միջոցառման հետ կապված դժգոհությունների ալիք էր բարձրացել։ Ակնհայտ է, որ վտանգված կենդանու սպանությունն օրենքով թույլատրելը սխալ քայլ է, անհերքելի է նաև, որ Նոուլթոնի գումարը կարող է անհամեմատ ավելի մեծ օգուտ  բերել ռնգեղջյուրների պահպանության գործում, քան նրա պատճառած վնասն է։ 

Ֆինանսական միջոցների խիստ սղություն

Նոուլթոնն ինքն էլ պնդում էր, որ կենդանասեր է, թեպետ նա նաև ջերմեռանդ որսորդ է ու կանոնավորապես իր զոհերի լուսանկարները տեղադրում է սոցցանցերում։ Ռնգեղջյուրների պահպանությամբ զբաղվող ակտիվիստները հաճախ փաստում են ֆինանսավորման սղության մասին։ Նրանց գործն էլ ավելի է դժվարանում այն պատճառով, որ ռնգեղջյուրները մեծամասամբ բնակվում են հարաբերականորեն չքավոր երկրներում, որտեղ մարդիկ կարծում են, որ կենդանիների որսագողության պոտենցիալ շահույթի համար արժե ռիսկի գնալ։ Նամիբիայում գտնվող «Save the Rhino» բնապահպանական կազմակերպության նեկայացուցիչները «Dallas Safari Club»-ի կազմակերպած աճուրդի մասին ասել են.

«Այո, հրաշալի կլիներ, եթե դոնորները բավականաչափ գումար տրամադրեին ռնգեղջյուրներին որսագողերից պաշտպանելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով, կամ եթե բավականաչափ շատ զբոսաշրջիկներ այցելեին, և զբոսաշրջությունից ստացված գումարը ներդրվեր կրթական ծրագրերում, սակայն նման բան չի պատահում։ Մոտավորապես 500,000  դոլար է պահանջվում 20-30 ռնգեղջյուրի մասնակցությամբ ռնգեղջյուրների փոքր ծրագիր իրականացնելու համար։ Միայն Աստծուն է հայտնի, թե որքան գումար է պահանջվում Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային արգելոցը կամ Նամիբիայի Էտոշա ազգային արգելոցը ղեկավարելու համար։ Ռնգեղջյուրների պաշտպանության նպատակով դրամահավաք կատարելը դժվար է»։

Բոլոր բնապահպանները չէ, որ կիսում են «Save the Rhino»-ի տեսակետը։ Շատերը նշում են, որ չի կարելի թույլատրել վտանգված կենդանու սպանությունն այլ վտանգված կենդանիների փրկելու համար։ Այնուամենայնիվ, տվյալ աճուրդից ստացված գումարն ուղղվելու է ռնգեղջյուրների պաշտպանությանը և բնակչության զարգացման ծախսերը հոգալուն։

Երկուշաբթի  օրը մի սև ռնգեղջյուր սպանվեց հարուստ որսորդի թեթև ձեռքով։ Այս դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Այնուամենայնիվ, երբ որսագողերը տարեկան մոտ հարյուր ռնգեղջյուր են սպանում Աֆրիկայում, դա մամուլում առանձնապես ակտիվորեն չի լուսաբանվում։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքն այդքան մեծ ուշադրություն է գրավում, իսկ հարյուրավոր այլ դեպքեր անուշադրության են մատնվում ԶԼՄ-ների կողմից։ Եթե հասարակությունն իսկապես մտահոգված է ռնգեղջյուրների խնդրով, ապա կարող է նվիրատվություն կատարել «David Sheldrick Wildlife Trust», «Save the Rhino Trust» «World Wildlife Fund» կազմակերպություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել