Գիտական, կրթական, մասնագիտական վերապատրաստման լավագույն տարբերակներից է տարաբնույթ միջազգային ամառային դպրոցների մասնակցելը:

Ամառային դպրոցները հիմնականում 2-4 շաբաթ տևողությամբ մասնագիտական հավաքներ են, որոնց մասնակցելու համար առաջին հերթին պետք է դիմել՝ հիմնականում առցանց հայտադիմումը լրացնելով, կազմակերպիչներին ներկայացնելով մասնագիտական հետաքրքրությունների մասին ամփոփ շարադրություն, ինքնակենսագրական և մեկ կամ երկու երաշխավորագիր: Ամառային դպրոցների մրցակցությունը բավականին մեծ է հատկապես այն դեպքերում, երբ ամառային դպրոցի կազմակերպիչները տրամադրում են մասնակի կամ ամբողջական կրթաթոշակներ, որոնց միջոցով հնարավոր է հոգալ նույնիսկ վիզայի և ավիափոխադրման ծախսերը:

Մրցույթը հաղթահարելուց հետո մասնակիցներն ամառային դպրոցի սկսվելուց մոտ երկու ամիս առաջ էլեկտրոնային փոստով կստանան ամառային դպրոցի համար անհրաժեշտ գրականության օրինակները, որոնք անհրաժեշտ է կարդալ մինչև ամառային դպրոցի սկսվելը: Սովորաբար ամառային դպրոցի համար ժամանող մասնակիցներին դիմավորում են օդանավակայանում և ուղեկցում հյուրատուն: Ամառային դպրոցի ընթացքում մասնագիտական խորը քննարկումները զուգակցվում են նաև տվյալ երկրի տեսարժան վայրեր այցելելով:

Ամառային դպրոց բարեհաջողությամբ ավարտողները ստանում են մասնակցության վկայական, իսկ ուսանողական ամառային դպրոցների պարագայում շատ հաճախ նաև կրեդիտային համակարգի համար անհրաժեշտ մի քանի կրեդիտներ:

Ամառային դպրոցներ, որոնց կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, բազմաթիվ են:

Օրինակ գաղտնիք չէ, որ ՀՀ կրթական համակարգի մասին խոսելիս որպես լավ նախադեպ ու համեմատության եզր անպայման ներկայացվում է բաև Ֆինլանդիայի կրթական համակարգը՝ առանց նույնիսկ այն ուսումնասիրած լինելու: Բոլոր այն մասնագետները, ովքեր հետաքրքրված են Ֆինլանդիայի կրթական համակարգով, կարող են մինչև 2015թ․ հուլիսի 31-ը դիմել, և մրցութային փուլը հաղթահարելուց հետո 2015թ․ օգոստոսի 4-ից 20-ը մասնակցել Հելսինկիում կազմակերպվող Understanding Finnish Education: From Myths to Realities ամառային դպրոցին:

Իսկ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Եվրոպական միության իրավական բարեփոխումներով, մինչև մայիսի 31-ը կարող են դիմել և մրցույթը հաղթահարելու պարագայում 2015թ․ հուլիսի 12-ից մինչև հուլիսի 17-ը մասնակցել Մոնտենեգրոյում կազմակերպվող European Union and Legal Reform ամառային դպրոցին: Ընդ որում, ի տարբերություն վերը նշված՝ Հելսինկիում կազմակերպվող ամառային դպրոցի, Մոնտենեգրոյի ամառային դպրոցը տրամադրում է նաև կրթաթոշակներ:

Բավականին մրցակցային ամառային դպրոցներ կազմակերպվում են նաև Հայաստանում: Բոլոր հետաքրքրվողները կարող են մինչև 2015թ․ մայիսի 31-ը դիմել և հուլիսի 6-ից 17-ը մասնակցել Երևանում կազմակերպվող Սոցիալ-քաղաքական զարգացման մարտահրավերները հետգաղութային հասարակություններում ամառային դպրոցին, որի մասնակցությունն անվճար է, պետք է միայն դիմել ու հաղթահարել մրցութային փուլը:

Կիպրոսում կազմակերպվող International Summer School in Peace and Conflict Studies - "State Fragmentation, Regional Crises and War Endings" ամառային դպրոցը հնարավորություն է ընձեռում հակամարտություններով ու դրանց լուծումներով հետաքրքրված մասնագետներին ավելի մասնագիտանալ տվյալ ոլորտում ու ձեռք բերել նոր ծանոթություններ այդ բնագավառի գիտնականների շրջանում: Այս ամառային դպրոցին դիմելու վերջնաժամկետը 2015թ․ մայիսի 31-ն է:

Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիների համար այս պահին առկա են տարբեր մասնագիտություններով ու աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող մի քանի տասնյակ ամառային դպրոցներ:

Եթե հետաքրքրված եք ու փնտրում եք ամառային դպրոց արտասահմանում, ապա անպայման փորձեք օգտվել ԱՐՄԱԿԱԴի կայքում առկա հնարավորություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել