Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն է, գրանցվեց ֆեյսբուքում։ Երիտասարդը կատարեց իր առաջին գրառումը` խոստանալով լինել շփումներում բաց ու պատրաստակամություն հայտնեց աշխատել լրատվամիջոցների հետ։ Օգտվելով առիթից՝ BlogNews-ը մի քանի հարց ուղղեց քաղաքականություն նոր մտնել ցանկացող Արգամ Աբրահամյանին։

Պրն Աբրահամյան, կարծես թե քաղաքականություն մտնելու մտադրություն չունեիք։ Հայտնի է, որ 2012-ին հրաժարվել եք անգամ պատգամավոր դառնալ։ Ի՞նչ փոխվեց 3 տարում։

Ես ծնվել և մեծացել եմ Արտաշատ քաղաքում, և իմ հիմնական հարազատներն ու բարեկամները, դասընկերներն ու ընկերներն ապրում են այս քաղաքում: Առաջադրվելով որպես քաղաքապետի թեկնածու՝ մեկ խնդիր եմ փորձում լուծել` իմ գիտելիքներն ու ռեսուրսները ներդնել՝ ավելի բարեկեցիկ ու հարմարավետ կյանք ապահովելու արտաշատցիների համար: Վստահ եմ` և՛ արտաշատցիները, և՛ դուք կարճ ժամանակահատվածում կհամոզվեք, որ իմ ցանկություններն ազնիվ են, և ես ամբիցիաների խնդիր չեմ լուծում:

Ձեր ընտանիքն առանձնապես ոգևորված չէ քաղաքականություն մտնելու Ձեր որոշմամբ։ Մասնավորապես՝ Ձեր հորեղբայրը նշում է, որ մեծ ծանրության տակ եք մտնում ու կարող է տրավմա ստանաք։ Ի՞նչ եք կարծում այս մասին, մտավախություն չկա՞ տրավմա ստանալու։

Հասկանում եմ, որ մարդիկ դժվարանում են հավատալ, որ, լինելով Հայաստանի վարչապետի որդին, կարող եմ և իրավունք ունեմ միայնակ որոշումներ կայացնել, բայց, խնդրում եմ, հավատացեք՝ ինքս եմ կայացրել Արտաշատի քաղաքապետ ընտրվելու որոշումս և ինքս էլ պատասխանատու եմ լինելու իմ գործողությունների ու քայլերի համար: Կյանքում գալիս է մի պահ, երբ որքան էլ սիրես և հարգես ընտանիքիդ անդամներին և շրջապատիդ, սեփական որոշում կայացնելու ցանկություն ես հայտնում ու ցանկանում ես տեր կանգնել այդ որոշմանը:

Հաջողակ բիզնեսմեն եք։ Ձեզ չի՞ կաշկանդելու բիզնեսով չզբաղվելու արգելքը, երբ քաղաքապետ դառնաք։

Շատերին թվում է, թե հաջողակ բիզնեսմեն լինելու համար միայն կապեր և, ինչպես ընդունված է Հայաստանում շեշտել, «տանիք է պետք»: Վստահեցնում եմ ձեզ` դա այդքան էլ այդպես չէ. իմ բիզնես հաջողությունների ակունքում նաև գիտելիքների ճկունության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի մեծ ծավալ է թաքնված: Հաջողակ բիզնեսմենը պետք է կարողանա ձևավորել նաև հաջողակ թիմ, և ես այդ թիմը ձևավորել եմ, այն պահից, երբ ես կընտրվեմ քաղաքապետ, իմ բիզնես կառավարումը կթողնեմ իմ թիմին և կծառայեմ իմ քաղաքին:

Մամուլը Ձեզ հաճախ է կապում քրեական աշխարհի հետ։ Ձեր անունը մասնավորապես շատ շրջանառվեց Օշականցի Գևորիկի ծեծի թեմայով։ Ի վերջո, կապ ունե՞ք քրեական աշխարհի հետ, թե՞ ոչ։

Ես քրեական աշխարհի և քրեական հեղինակությունների հետ երբևէ կապ չեմ ունեցել և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ այն պատճառով, որ բակ չեմ իջել և չունեմ ընկերական շրջապատ, այլ այն պատճառով, որ իմ ընտանեկան դաստիարակությունը և հատկապես իմ մայրիկի ազդեցությունն իմ դաստիարակման գործընթացին ինձ այլ արժեհամակարգում են ձևավորել որպես անհատ:

Հաճախ շեշտում էիք, որ ընտրակաշառք չեք բաժանելու։ Հնարավո՞ր է, որ ի սկզբանե վստահ էիք, որ միակ թեկնածուն եք լինելու ընտրություններում։

Ես ընտրակաշառք չեմ բաժանելու և հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ՝ ես գալիս եմ ծառայելու Արտաշատին և արտաշատցիներին, հետևաբար այս պաշտոնն ինձ համար սեփական ամբիցիաներս բավարարելու տրամպլին չեմ համարում: Ես գալիս եմ ծառայելու և ես դա կանեմ: Հանգամանքների բերումով մրցակից չունեմ, բայց, հավատացեք, ոչինչ չեմ արել, որպեսզի մնամ միայնակ:

Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում Ձեր հորից ընտրություններում։

Հասկանալի է, որ ցանկացած հայր կցանկանար աջակցել իր որդուն, նաև ընտրությունների պարագայում, բայց ես խնդրել եմ հորս չմիջամտել իմ ընտրություններին և վստահ եմ, որ նա իմ խնդրանքը կկատարի: Ինքս կկերտեմ իմ քաղաքական կենսագրությունը և պատասխանատու կլինեմ իմ գործողությունների համար:

Ինչո՞ւ եք գտնում, որ Արտաշատը հենց Ձեզ պես քաղաքապետի կարիքն ունի։

Արտաշատը աշխատասեր և նվիրական քաղաքապետի կարիք ունի: Կհաջողվի ինձ լինել այդպիսին՝ ցույց կտա ժամանակը, և այդ գնահատականը ես կակնկալեմ իմ համաքաղաքացիներից: Մեկ բան ուզում եմ ընդգծել՝ քաղաքը կառավարելու եմ իմ քաղաքացիների օգնությամբ և խորհուրդներով: 

Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծմամբ առաջինն եք զբաղվելու, երբ քաղաքապետ դառնաք։

Այս պահին ուսումնասիրում եմ քաղաքում առկա խնդիրները. դրանք շատ են, բայց ոչ անլուծելի: Կարծում եմ՝ ինձ կհաջողվի ժամանակի ընթացքում լուծել այդ բոլոր խնդիրները: Ես երիտասարդ եմ, ունեմ հեռուն գնացող ամբիցիաներ՝ Արտաշատի հետ կապված և, առօրեական խնդիրներից բացի, փորձելու եմ Հայաստանի երբեմնի մայրաքաղաքներից մեկը դարձնել գեղեցիկ ու հարմարավետ բնակավայր:

Ձե՞ր գաղափարն էր գրանցվել ֆեյսբուքում։

Վաղուց ունեի գաղափար` գրանցվելու ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն ինչ-ինչ պատճառներով խուսափում էի, բայց հիմա արդեն ֆեյսբուքում եմ և պետք է ասեմ, որ այն ինձ շատ դուր եկավ: Այն բավականին ազնիվ և շիտակ հարթակ է` շփվելու, արտահայտվելու, և ես այդ հարթակը միշտ կօգտագործեմ: Շնորհակալ եմ BlogNews-ի խմբագրությանը՝ իմ նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել