Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու իր մերձավորներին շարունակում են հովանավորել, ավելի շուտ «Լիցկան» բոլորին իրեն ամպհովանի է ծառայեցնում, որովհետև այսօր ինքը վճարում է, ինքն էլ պատվիրում երաժշտությունը: Նա անձեռնխմելի է, քանի որ նրա «ֆինանսներն են ռոմանսներ երգում»: Բացի այդ, նա որոշակի դոսյե ունի ոմանց վրա, մենակ չի գործել: Դեռ երկու տարի առաջ է ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանի բերանով հայտարարել, որ իրենց կուսակցությունը պատժիչ մեքենա չէ, և մարդու անմեղությունն ու մեղավոր լինելը պարզելն իրավապահների գործն է: Իսկ իրավապահներին նշանակողը Սուրիկ Խաչատրյանին հովանավորող ու նրանից սնվող իշխանություններն են: Այսինքն, ո՞վ կպատժի իր ստնտուին: Բայց մյուս կողմից էլ, ոչ մի ուռճացված հակահերոս Կաշչեյ Անմահը չէ, ի վերջո մի օր գալիս է «տերերի» կողմից նրանց պատժելու ժամանակը, երբ սպառվում է այդ «գործիչների» «պահպանության ժամկետը»: Այս պահին Սուրիկ Խաչատրյանը դեռ պետք է իշխանություններին, բայց գալիք ընտրությունների նախաշեմին, երբ ՀՀԿ-ն ուզենա ցույց տալ, որ ինքնամաքրման ուղի է բռնել, անպայման «անկյուն կկանգնեցնի» «Լիցկային», զոհ կտա սովորական շախմատային զինվորի նման, ինչպես դա արեց Գյումրիի մի ժամանակվա ամենակարող Վարդանիկի, ավելի վաղ Ղարաբաղի «խան» Սամվել Բաբայանի պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել