Եթե գերադասում ես բնական մորթուց հագուստ ու աքսեսուարներ, ապա դու սեփական մաշկիդ վրա կրում ես ոչ այլ ինչ, քան տանջահար կենդանու դիակ՝ պարզապես վերամշակված վիճակում։ Ցավոք, քչերն են գիտակցում դա, և բնական մորթին շարունակում է նորաձև մնալ։ Վերջին 5 տարիներին բնական մորթուց ապրանքներն էլ ավելի մեծ տարածում են ստացել։ Բնական մորթուց հագուստ ու աքսեսուարներ են ստեղծվում այնպիսի հեղինակավոր նորաձևության տներում, ինչպիսիք  են «Calvin Klein»-ը, «Tommy Hilfiger»-ը և «Vivienne Westwood»-ը։ 

Մուշտակների և այլ մորթյա իրերի արտադրության համար հիմնականում օգտագործվում է ջրաքիսի, աղվեսի, շինշիլայի, ջրշան (կուղբ), անտառային ժանտաքիսի, գերմանամկան, փոկի, ենոտանման շան, շան, կատվի և մշկառնետի մորթին։ Տարեկան ավելի քան 50 միլիոն կենդանի է սպանվում մուշտակներ և զանազան մորթյա պարագաներ պատրաստելու համար։ Սա սոսկալի ցուցանիշ է, սակայն այս թիվը չի ներառում մորթու համար սպանված ճագարներին։ Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների՝ տարեկան նվազագույնը 1 միլիարդ ճագար է սպանվում միայն մորթու համար։  

Մորթյա իրերի ստեղծման նպատակով ջրաքիսների բազմացմամբ զբաղվող ֆերմաների 58 տոկոսը գտնվում է Եվրոպայում, 10 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայում, մնացած 32 տոկոսն անկանոն ցրված է տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Չինաստանում, Ռուսաստանում և այլն։ 2009 թ.-ին կատարված հետազոտություններից մեկից պարզ դարձավ, որ այդ տարի 14 մլն. ջրաքիս սպանվել էր Դանիայում, 12 մլն.՝ Չինաստանում, 4.8 մլն.՝ Հոլանդիայում, 4.3 մլն.՝ Լեհաստանում և 3.4 մլն.՝ ԱՄՆ-ում։ Հաջորդ տարի այս ցուցանիշն ավելի աճեց. միայն Վիսկոնսին նահանգում ավելի քան 1,050,580 ջրաքիս սպանվեց մորթյա իրերի արտադրության նպատակով։

Իսկ օրինակ կատուների ու շների սպանդի առաջատարը Չինաստանն է։ Այստեղ շներին ու կատուներին կախում են, հարվածում դագանակով, խեղդում մետաղալարերով, և այս ամենն արվում է քո գլամուրային տեսքն ապահովելու համար։

Դու անշուշտ կհրաժարվես կրել շան կամ կատվի մորթուց պատրաստված աքսեսուարներ կամ հագուստ։ Հենց այդ պատճառով էլ հնարամիտ ընկերությունները հաճախ թաքցնում են իրենց օգտագործած հումքն ու վաճառում իրենց արտադրանքը իբրև արհեստական մորթի կամ այլ կենդանատեսակներից ստացված մորթի։ Շների ու կատուների մորթուց ստացված ապրանքների վաճառքը շատ ձեռնտու է բիզնեսմեններին, քանի որ հումքն անվճար թափած է փողոցներում։

Մորթյա իրերի արտադրության համար բազմացվող կենդանիները սովորաբար պահվում են սահմռկեցուցիչ պայմաններում՝ չափազանց փոքր վանդակներում, առանց պատշաճ խնամքի։ Կենդանիներին հաճախ սպանում են սադիստական եղանակներով՝ մորթին անվնաս պահելու համար, իսկ դու էլ քո հերթին անուղղակիորեն օգնում ես այս սադիստներին՝ գնելով նրանց արտադրանքը և այս կերպ ծաղկեցնելով նրանց բիզնեսը։ Մինչդեռ լավ փնտրելու դեպքում կարող ես հեշտությամբ այլընտրանքային տարբերակներ գտնել։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս այնպիսի ճոխ սինթետիկ մորթի ստեղծել, որը ո՛չ որակական, ո՛չ ֆունկցիոնալ տեսանկյուններից չի զիջում բնական մորթուն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել