Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավոր Ավարայրի ճակատամարտի հաղթանակի կապակցությամբ, ՀԱՅՈՑ պատմության մեծագույն հաղթանակներից մեկի, հանիրավի ստորադասված, մարտականից բարոյական սարքած, քաղաքականացված հաղթանակի կապակցությամբ: 
Սա ազգային ազատագրական պայքարի կարևորագույն դրվագներից է, որը պետք է ճիշտ գնահատվի:

Հ.Գ. Դաշտում հնչող որոշ անհեթեթությունների, քաղաքացիական պատերազմի ու գունավոր հեղափոխությունների մասին էլ առաջարկում եմ կարդալ այս փոքրիկ աշխատանքը: Ավելի մեծ գործեր կան, ուղղակի այստեղի բան չէ: Եթե պետք է, կարող ենք ավելի մեծ քննարկում կազմակերպել:

ՎԱՐԴԱՆ ԵՎ ՎԱՍԱԿ

Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը սովորաբար առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանվել է եկեղեցու կողմից: 
Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով նուրբ դիվանագետ և պարսկական արքունիքին մոտիկից ծանոթ մարդ, ավելի լավ էր հասկանում իրավիճակը, փորձում էր իրականացնել նուրբ դիվանագիտական քայլեր, որոնք սպարապետն ու ժողովուրդը չհասկացան: Ընդ որում, նույնիսկ փորձ է արվում նրա քայլերը որոշ չափով իդեալականացնել՝ որպես օրինակ ներկայիս: Այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ 5-19-րդ դարերի պատմաբանների և ուսումնասիրողների կարծիքներում գերիշխող են եղել կրոնական մոտեցումները, այսինքն Վասակը դավաճան էր, որովհետև դավաճանել էր իր կրոնին: Սակայն մենք վեր կկանգնենք այս մտայնությունից և հարցը կքննարկենք փաստերի անաչառ ու սառը վերլուծության և տրամաբանական մտահանգումների միջոցով: 
Կուզենայի նաև նշել, որ ես կրոնի ջատագով չեմ, թեև գնահատում եմ այն մեծ դերը, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում: 
Հարցի քննարկումը կսկսենք Անգղի դեպքերից: Անգղի ճակատամարտի ժամանակ Վասակը իր զորամասով օգնեց Անգղի մոտի ճամբարում պատսպարված պարսիկներին և հետագայում հազիվ փրկվեց, քանի որ նրա արարքը այս կամ այն պատճառով ներվեց: Սակայն Վարդանի Աղվանք արշավելուց հետո Վասակը սկսեց ավելի բացահայտ գործել ընդդեմ ապստամբների: 
Աղվանք արշավելուց առաջ Վարդանը, որպես հայոց բանակի գլխավոր հրամանատար, բանակը բաժանեց երեք մասի. առաջինը ուղարկեց հարավային Հայաստան՝ պարսիկների հնարավոր նեխուժումը կանխելու նպատակով, երկրորդ՝ գերակշիռ մասը, վերցրեց իր հետ, իսկ երրորդ մասը թողեց երկրում Վասակի գլխավորությամբ՝ որպես ստրատեգիական ռեզերվ, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը: Այստեղ Վարդանին քննադատում են, որ նա, իմանալով Վասակին, նրան զորք տվեց: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վասակը երկրի, թեև պարսկասեր, սակայն ամենաազդեցիկ նախարարներից էր, դեռևս առերես ապստամբների հետ էր և նրան զորք չտալու դեպքում Վարդանին կմեղադրեին իշխանությունը ուզուրպացնելու մեջ: Այդ տարի պարսիկները պլանավորել էին Հայաստանին հիմնական հարված հասցնել Աղվանքից՝ ուր և մտավ պարսկական բանակը: 
Այստեղ էլ հենց Վասակը կատարեց իր առաջին քայլը, որը այլ կերպ քան դավաճանություն չես անվանի: Նա նամակով պարսից զորահրամանատար Սեբուխտին տեղեկացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին: Արդյոք սա դավաճանություն չէ՞: Իհարկե կարելի է ասել, որ Վասակը, գուցե և Վարդանի հետ նախապես պայմանավորված, դիտավորյալ մոլորության մեջ է գցել պարսից զորահրամանատարին՝ նշելով, որ հայերը քիչ են: Սակայն, որ դա այդպես չէ, վկայում է երկու հանգամանք. 
ա) հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ, տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին, անակնկալի եկավ: Սրանով խախտվեց նաև հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր (հայերը քանակապես թշնամուն զիջելու դեպքում միշտ ձգտում էին այդպես վարվել): 
բ) զուտ ռազմական առումով Վասակը պետք է անմիջապես իր բանակը շարժեր Վարդանին օգնության, քանի որ արդեն պարզ էր, որ գլխավոր հարվածը գալիս է արևելքից, այլ ոչ թե հարավից: Դրանով նա ավելի կհեշտացներ և կամրապնդեր Վարդանի հաղթանակը: 
Բայց նա այդպես չվարվեց: Ավելին. նա կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում : Բացի այդ նա ոչնչացրեց Այրարատ նահանգի պարենի պաշարները , որի հետևանքով Վարդանը ստիպված եղավ ձմռանը տեղաբաշխել հայոց բանակի մեծագույն մասը տարբեր գավառներում՝ պարենի անբավարարության պատճառով: Ընդ որում Վասակի կողմնակիցներից ոմանք լքեցին նրան (ըստ Եղիշեի «...նրանք, ովքեր նրա (Վասակի – Մ.Հ) հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը…» ) և հետագայում միացան Վարդանին: 
Պատերազմող բանակի թիկունքում այսպիսի քայլեր կատարելը այժմ կոչվում է դավաճանություն և դիվերսիա, որը խստորեն պատժվել է բոլոր ժամանակներում և իրավակարգերում: Ընդ որում նրա արարքները լիովին պատժելի են և քրեական և բարոյական առումով: Իմանալով այդ մասին՝ Վարդանը, ավերելով Ճորա Պահակը և դաշինք կնքելով հոների հետ, շտապ վերադարձավ Հայաստան: Իր վերոհիշյալ արարքներից հետո զորքի և ժողովրդի մեջ չունենալով բավականին հենարան, Վասակը հեռացավ Սյունիք: Վերադառնալով Աղվանքից՝ Վարդանը գրավեց «թագավորանիստ տեղերը» և իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում: 
Սրա ինչպես նաև նրա հիման վրա, որ դրանից հետո, ըստ Եղիշեի, Վարդանը «գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց աշխարհ» և նեղում Վասակին, որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում այն տեսակետը, որ Վարդանը Վասակի հետ պատերազմում էր թագավոր դառնալու համար: Թեև այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, այնուհանդերձ նշենք, որ «թագավորանիստ տեղերը» ոչ այնքան բուն թագավորի նստելու տեղերն էին, որքան, ժամանակակից լեզվով ասած, դրանք ստրատեգիական նշանակություն ունեցող բերդերն ու ամրոցներն էին (օր.՝ Արտաշատի և Գառնո ամրոցները, Արտագերս բերդը և այլն), իսկ Սյունիքի վրա հարձակվելը և Վասակին նեղելը բացատրվում է հետևյալով. Վարդանը, լինելով իր ժամանակի մեծագույն զորավարներից մեկը, լավ էր հասկանում պատերազմի ստրատեգիան: Պետք է չեզոքացվեր Սյունիքից սպասվող հարվածը` Ավարայրի ճակատամարտի ժամանակ թիկունքը ապահովելու համար, որն էլ իրականացվեց Սյունիքի վրա հարձակվելով: Վարդանը, գրավելով Սյունիքի կարևոր բերդերն ու ամրոցները (օր.՝ Վասակաբերդը, Որոտբերդը և այլն)` չեզոքացրեց Վասակին և Սյունիքից սպասվող հարվածը, ինչպես նաև ապահովեց Սյունյաց հայրենասերների աջակցությունը, որոնք դժգոհ էին Վասակի հարկային և կրոնական քաղաքականությունից: 
Սրանք Վասակի բացահայտ քայլերն էին, բայց նա կատարեց նաև մի շարք գաղտնի քայլեր, որոնց մասին թեև քչերն իմացան, բայց որոնք իրենց հետևանքներով գուցե և ավելի ծանր էին: Վասակը՝
ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին): 
բ) նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև ՈՒտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին: 


գ) Սյունյաց գնդով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում:
դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին: 
ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար: 
զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11 ), որոնք հետագայում հանդես եկան հայեր դեմ:
է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը:
Այս արարքները ևս այլ կերպ, քան հայրենիքի դավաճանությունն չես անվանի` և քրեաիրավական և բարոյական տեսանկյունից: Եթե նա համաձայն չէր ապստամբության հետ, կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին (այդպես, ի դեպ, որոշ չափով վարվեցին Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն համարյա չի դրսևսորում): Մեր կարծիքով այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ «ԿԻՍՎԵԼԸ»

Վարդանանց պատերազմի հետ կապված պետք է քննարկել նաև մի այլ հարց, որը խիստ թյուրիմացությունների տեղիք է տվել գրականության մեջ: Հարցը կայանում է նրանում, թե Հայաստանի որ մասն էր գտնվում Վարդանի, որ մասը Վասակի հետ: Ընդ որում սկսվել են արդեն արտահայտվել կարծիքներ, որ Վասակյանք համարյա հավասար են եղել Վարդանանց և նույնիսկ գերակշռել են: Սակայն ըստ իմ ուսումնասիրությունների դա արմատապես սխալ է:
Վարդանի և Վասակի կողմնակիցների մասին հիմնական տեղեկությունները հայտնում է Եղիշեն, որոշ չափով էլ Փարպեցին և Ստեփանոս Օրբելյանը: Նախարարների ուժը և ազդեցությունը պարզելու համար կառաջնորդվենք Զորանամակով՝ ձեռքի տակ ունենալով նաև Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»: Ճիշտ է, Զորանամակը վերաբերվում է Արշակունյաց՝ այսինքն ավելի վաղ, ժամանակաշրջանի, սակայն, նախ ձեռքի տակ այլ հավաստի աղբյուր չունենք, և երկրորդ, դժվար թե մոտ կես դարում դրանում էական փոփոխություններ եղած լինեն:

Այսպիսով ըստ Եղիշեի, Փարպեցու և Օրբելյանի

N Վարդանանք՝ հեծյալ ծանոթագրություն
1. Մամիկոնյաններ 3.000 
2. Գուգարքցիներ 3.000 
3. Առանշահիկներ 1.000 
4. Ուտեցիք 1.000 Առանշահիկների կրտսեր նախարար
5. Գարդմանցիք 1.000 Առանշահիկների կրտսեր նախարար
6. Ամատունիք 1.000 
7. Արծրունիք 1.000 
8. Մոկացիք 1.000 
9. Վանանդցիք 1.000 
10. Սյունյաց զորք մոտ 1.000 մի մասը
11. Խոռխոռունիք մոտ 700 մի մասը
12. Վահևունիք մոտ 700 մի մասը
13. Ռշտունիք մոտ 700 մի մասը
14. Կամսարականք 600 
15. Տայեցիք 600 Մամիկոնյաններին կրտսեր նախարար
16. Բասենցիք 600 Կամսարականների կրտսեր նախարար
17. Գնունիք 500 
18. Մազազացիք 500 որպես արքունի գործակալ
19. Անձևացիք 500 
20. Առավեղյանք 500 
21. Աշոցեանք 500 
22. Ընծայեցիք մոտ 500 
23. Վարաժնունիք 300 որպես արքունի գործակալ
24. Հավնունիք 300 որպես արքունի գործակալ
25. Սպանդունիք 300 որպես արքունի գործակալ
26. Զարեհավանք 300 Ամատունիների կրտսեր նախարար
27. Տրունիք 300 Արծրուների կրտսեր նախարար
28. Երվանդունիք 300 Արծրուների կրտսեր նախարար
29. Բոխայեցիք 300 
30. Գնթունիք 300 
31. Սահառնունիք 300 
32. Դիմաքսյանք 300 
33. Մանդակունիք 300 
34. Սլկունիք 300 
35. Վարձառունիք 200 Արծրուների կրտսեր նախարար
36. Ակեացիք մոտ 200 մի մասը
37. Աբեղյանք մոտ 200 մի մասը
38. Գաբեղյանք մոտ 200 մի մասը
39. Պալունիք մոտ 200 մի մասը
40. Քաջբերունիք 100 
41. Կրպատունիք 100 
42. Ռափսոնյաք 100 
43. Խրվանձյաք մոտ 50 
44. Քողյանք մոտ 50 
45. Ռմբոսյաք մոտ 50 
46. Տաշիրցիք մոտ 50 
47. Որսապետք մոտ 50 
_______ 
26.350

Բացի սրանցից Եղիշեն և Փարպեցին չեն նշում, հետևաբար չի կարելի դավաճան համարել Զորանամակով սեփական զորք ունեցող առնվազն հետևյալ նախարարներին, քանի որ եթե դավաճան լինեին, ինչքան էլ մանր, Եղիշեն անպայման կնշեր, որպեսզի արժանացներ սերունդների հավերժ անեծքին, ինչպես օրինակ Ուրծի իշխանին: Այսպիսով.

1. Գողթնցիք՝ 500
2. Մուրացյանք՝ 300
3. Արտաշեսյանք՝ 300
4. Առվենյան` 300
5. Ամասկունիք՝ 200
6. Բոժունիք 100
7. Ցողկեպանք՝ 100
8. Աշխադարեանք՝ 100
9. Վարազարտիկյանք՝ 100
10.Վարուժեանք՝ 100
11. Այծենականք՝ 100
12. Բոգունիք՝ 100
13. Աբրահամեաք՝ 100
14. Սագրատունիք՝ 100
15. Համատունեաք՝ 100
16. Մեհնունիք՝ 100
17. Հաբուժեանք՝ 100
18. Տամբերացիք՝ 100
19. Տագրևանք՝ 100
20. Կինանք՝ 50
21. Ասճանք՝ 50
22. Աքածիք՝ 50
23. Սոդքցիք՝ 50
24. Զանդարակապետք՝ 50
25. Վիժնունիք՝ 50
26. Պարսպատունիք՝ 50
27. Գուկանք՝ 50
28. Կճրունիք՝ 50
29. Բաքանք՝ 50
30. Վառնունիք՝ 50
31. Գզրճունիք՝ 50 
32. Գազրիկյան` 50 
_____ 
3.650
______
30.000
Վասակյանք՝

1. Սյունիք՝ մի մաս մոտ 3.000 
2. Բագրատունիք՝ 1.500 
3. Ապահունիք՝ 1.000
4. Ռշտունիք՝ մի մաս մոտ 300
5. Վահևունիք` մի մաս մոտ 300
6. Խորխոռունիք՝ մի մաս մոտ 300
7. Պալունիք՝ մի մաս մոտ 100
8. Ակեացիք՝ մի մաս մոտ 100
9. Աբեղյանք՝ մի մաս մոտ 100 
10. Գաբեղյանք՝ մի մաս մոտ 100
11. ՈՒրծեցիք՝ մոտ 50 
_____
6.850
Ինչպես գիտենք ֆեոդալի հզորության և հողերի ընդարձակության մասին կարելի է կարծիք կազմել նրա հեծելազորի թվով: Ըստ վերոհիշյալ տվյալների Վարդանի կողմնակից նախարարների հեծելազորի թիվը մոտ 26.350 է, դրան գումարած այն նախարարների մոտ 3.650 հեծելազորը, որոնց մասին թեև այս կամ այն պատճառով հատուկ չի նշվում, սակայն որոնք, խիստ հավանական է, որ եղել են Վարդանի հետ: Ընդհանուր թվով մոտ 30.000, (մի թիվ, որն, ի դեպ, զարմանալիորեն համընկնում է 481-484 թթ. Վահանանց ապստամբության ժամանակ Սեբեոսի հիշատակած` հայ հեծելազորի թվին` 30.000) չհաշված այն մանր նախարարներին, որոնք Զորանամակում հատուկ նշված չեն: Այսինքն՝ առնվազն 80 նախարար մոտ 30.000 հեծյալով, չհաշված հետևակը և ժողովրդական աշխարհազորը, (նախարարների հետևակի թիվը վաղ ֆեոդալիզմի շրջանի Հայաստանում հեծելազորի հետ համեմատած կարելի է մոտավորապես տալ 1 հետևակին 3 հեծյալ հարաբերակցությամբ: Այսինքն Վարդանանց նախարարական մշտական հետևակի թիվը մոտ 10.000 էր: Սակայն այդ թվին պետք է ավելացնել այն ռամիկ զինվորներին, որոնք չէին կատարում մշտական զինվորական ծառայություն, բայց պատերազմի ժամանակ պետք է միանային իրենց նախարարին՝ մոտ 26.000), ընդեմ 11 նախարարի և նրանց մոտ 6.850 հեծյալի: Ընդ որում վերջիններիս գնդերից զինվորները մասսայաբար դասալքել են և իրենց տոհմի այլ նախարարի (օր.`Խոռխոռունիները` Խորենի և այլն) գլխավորությամբ միացել են Վարդանանց, քանի որ հայ զինվորի արժեքային համակարգում իր նախարարի արարքը դավաճանություն էր: Այլ անուղղակի ապացույցներից բացի Եղիշեն հենց ինքն է նշում, որ. «Այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, (Վարդանը – Մ.Հ.) կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր»: Նույնիսկ Սյունյաց գունդը ամբողջությամբ հանդես չէր գալիս, քանի որ Ավարայրի ճակատամարտից հետո, ըստ Փարպեցու. «Հմայակը (Վարդանի կրտսեր եղբայրը – Մ.Հ.) Տայոց ամրոցներում հավաքվածների վրա գումարեց… Սյունիքից բերած ընտիր տղամարդկանց», էլ ուր մնաց՝ մյուսները: Իմ կարծիքով որոշ «Վասակյան» նախարարներ էլ նույնիսկ ոչ պաշտոնապես օգնել են Վարդանին: Իսկ Վասակյան նախարարների գավառների հասարակ ժողովուրդը համարյա ամբողջությամբ Վարդանի հետ էր: Ըստ «Աշխարհացույց»-ի էլ Մարզպանական Հայաստանի տարածքի մոտ 90%-ը Վարդանի հետ էր: Սա նաև համապատասխանում է Եղիշեին, ըստ որի նա խոսելու է. «…Հայոց պատերազմի մասին… որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին» (մոտ 91 նախարարներից 80-ը): Որ Վասակյանք քիչ են եղել, անուղղակիորեն վկայում է նաև այն հանգամանքը, որ Վարդանի վերադառնալուց հետ Վասակը որևէ լուրջ քայլ չկարողացավ ձեռնարկել և խուճապահար հեռացավ Սյունիք: 
Այսպիսով Վարդանի և Վասակի կողմնակիցների հավասարության կամ վերջիններիս գերազանցության մասին խոսելը միանշանակ չի համապատասխանում ճշմարտությանը:

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

անանուն քաջեր և մոռացված մի հաղթանակ

Հաջորդ հարցերը, որ կցանկանայի քննարկել վերաբերվում են. 
ա) Ավարայրի ճակատամարտում պարսիկների և հայերի թվաքանակին, 
բ) պարսիկներ կողմից հայերի մասնակցությանը, 
գ) կողմերի կորուստներին,
դ) Ավարայրի ճակատամարտի արդյունքին: 
ա) Ավարայրի ճակատամարտում պարսիկների և հայերի թվաքանակը: Այս հարցի վերաբերյալ հիմնական տեղեկությունը հետևյալն է՝ պարսիկները հայերին գերազանցում էին երեք անգամ: Իսկ հայկական նախարարական զորքի թիվը, ըստ Եղիշեի, 66.000 էր, այսինքն պարսիկները եղել են մոտ 200.000: Մեր որոշ ուսումնասիրողներ պարսիկների թիվը իջեցնում են մինչև 90.000 և նույնիսկ 80.000, ելնելով այն հանգամանքից, որ իբր Եղիշեն, հետևելով հունա-հռոմեական պատմագիտության ավանդույթներին, չափազանցեցրել է պարսիկների թիվը, հայերի քաջությունը և հերոսությունը ընդգծելու համար: 
Սակայն մեր կարծիքով, ընդհակառակը, պարսիկները նույնիսկ ավելի շատ են եղել, քան նշում է Եղիշեն. ահա թե ինչու. 
նախ, եթե ընդունենք, որ պարսիկները 90.000 կամ 80.000 են եղել, ապա դա ամենևին էլ այն գերակշիռ առավելությունը չէ, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն հայոց բանակի համար այն երբեք ճգնաժամ չի եղել: ԵՎ հինգերորդ դարում, և դրանից առաջ ու հետո հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանապես գերակշռող թշնամուն: Օր.՝ 385թ. Բագավանի ճակատամարտում 20.000-48.000 հարաբերակցությամբ հայերը հաղթեցին, կամ 481թ. Ակոռիի ճակատամարտի 400-7.000 հարաբերակցությամբ անհավատալի հաղթանակը և այլն, և երկրորդ` պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսկաստանում առաջնային տեղ, իսկ հայոց այրուձին՝ մեծ հեղինակություն ունեին, և հաղթելու համար պարսիկները պետք է ուղարկեին ոչ միայն լավագույն (Մատյան գունդ, մարտական փղեր, լավագույն հեծելազոր, ծանրազեն հետևակ), այլև գերակշիռ ուժեր: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ Հազկերտը Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել Քուշանաց սահմանում, կայունացրել էր երկրի վիճակը և ի վիճակի էր պարսկական բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ, ապա գալիս ենք այն հետևության, որ Եղիշեի բերած տվյալները ճիշտ են (այդ ժամանակ պարսկական բանակի ընդհանուր թիվը ավելի քան 350.000 էր): Դա կարող ենք հիմնավորել նաև այլ հաշվարկներով: Այսպես. Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է. «գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…»: Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ, այլ միայն նրա պահեստազորին։ Պարսիկները Ավարայրում ունեցել են առնվազն 15 մարտական փիղ: Այսպիսով պարսից աջ թևի և կենտրոնի հետևում գտնվող պահեստազորը կազմում էր 55.000 զինվոր (փղերի հետ՝ 45.000 և 10.000-անոց Մատյան գունդը): Իսկ 90.000, և առավել ևս 80.000-անոց զորաբանակը 55.000-անոց պահեստազոր չեր պահի: Այս դեպքում արդեն մոտենում ենք այլ թվի` մոտ 226.850, ձախ թևում և կենտրոնում՝ 50.000-ական զինվոր, աջում` 71.850 (այդ թվում վայրենի ցեղերի մոտ 22.000 ռազմիկները, որոնց Եղիշեն հաշվի չի առել, և 6.850 դավաճանները) և 55.000 էլ պահեստազորում: Այնպես որ մոտ 226.850-ը, լրիվ հավանական է թվում, որն արդեն շատ լուրջ թիվ է և կարող է ճգնաժամի հանգեցնել: 
Հետաքրքիր է նաև հայերի թվաքանակի հարցը: Ըստ Եղիշեի «Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000» : Հետագա ուսումնասիրողներն էլ առանց խորանալու հարցի մեջ առաջնորդվել են այս թվով: Սակայն հեշտ է նկատել, որ Եղիշեն խոսում է նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ հայոց զորաբանակի մասին: Եղիշեի այն տվյալը, թե պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական զորքին: ԵՎ իրոք Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի թիվը, իսկ քաղաքների, ավանների, (Դվին, Արտաշատ, Զարեհավան, Վաղարշապատ և այլն) և եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ կամ առանձին գնդերով, Եղիշեն չի նշել և չէր էլ կարող ճշտորեն իմանալ: Իսկ նրանք կային և բավականին ծանրակշիռ էին: Նրանց թիվը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում: Այսինքն հայկական զորաբանակի թիվը մոտավորապես 100.000 էր: Ընդ որում այս հարաբերակցությունն էլ բավականին լուրջ է, քանի որ նախ պարսիկները ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էին հայերին, որը այդպիսի մեծ թվերի դեպքում կարող է որոշիչ լինել, և հետո, թեև հայկական բանակը մոտ 100.000 էր, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ մոտ 40.000 էր: Մնացածը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն այս տեսանկյունից պարսիկները հայերին գերազանցում էին ավելի քան 5,5 անգամ: 
բ) Պարսիկներ կողմից հայերի մասնակցությունը: Այն, որ պարսից բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ վերջինս տալիս է մի շատ ուշագրավ տեղեկություն: Ըստ Եղիշեի. «Իսկ ուրացողների (պարսիկների կողմում կռվող հայերի – Մ.Հ.) կողմից այն օրն ընկան 3.544», իսկ «քաջ նահատակների» կողմից՝ 1.036 մարդ: 
Արտահայտությունը այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակությունում, որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում այն համապատասխանաբար հնչում է. «իսկ ի կողմանե ուրացելոցն…», 1980 թ-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ում, ինչպես նաև և մի շարք այլ հրատարակություններում: 
Հետաքրքիր է, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած «» 1946 թ-ի հրատարակությունում, որտեղ այն հնչում է այսպես. «Իսկ ուրացողների և հեթհանոսների կողմից…»:
Այն հանգամանքին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը գնում է միայն «ուրացողներ»-ի մասին և դրա տակ պետք չէ հասկանալ պարսիկներին, խոսում են հետևյալ փաստարկները. 
1. Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն «ուրացողներ»-ի մասին,
2. նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքը ուղղակիորեն գնում է միայն «ուրացողներ»-ի մասին,
3. 1980 թ-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. «Իսկ ուրացողների կողմից…» ձևը,
4. Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբկրոնությունը իրար,
5. 226.850 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով, այն էլ այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ: Սակայն սրա մասին մանրամասն` ստորև:
Այս սխեմայի դեմ կարելի է բերել միայն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակությունը, որտեղ, սակայն, ակնհայտորեն տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ.
1. վերը բերված երեք հրատարակություններում, դրանցից մեկի միջոցով բերված գրաբար տարբերակում և 1980 թ-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ում խոսքը վերաբերվում է միայն «ուրացողներ»-ին,
2. Եղիշեն ինքը, լինելով կրոնական պատմիչ, խնդիր է ունեցել հակադրել «ուրացողներ»-ին և «նահատակներ»-ին,
3. զուտ ռազմական տեսանկյունից անհնար է, որ նման մեծաթիվ բանակների` 14 ժամ նման կատաղի և արյունահեղ ճակատամարտում ընդհարման արդյունքում կողմերից մեկը տա ընդամենը 3.544 զոհ,
4. հենց նույն 1946 թ-ի հրատարակությունում խոսվում է նաև «ուրացողներ»-ի, որից հետո միայն նշվում է «հեթհանոսներ»-ի մասին, մի հանգամանք, որը վերոնշյալի ֆոնի վրա կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած Եղիշեի երկը կրկնօրինակած գրչակների անփութությունից, վերջացրած նույն երկը հրատարակածների անուշադրությունով: 
Այսպիսով բոլոր կողմ և դեմ փաստարկները ի մի բերելուց հետո գալիս ենք հետևության, որ «ուրացող» բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն պարսիկների կողմում կռվող հայերին և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: 
գ) Կողմերի կորուստները: Վերը նշվածի ֆոնի վրա նորովի տեսք են ստանում նաև Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստների վերաբերյալ ավանդականորեն ընդունվող թվերը: Արդեն հիմնավորվեց, որ ավանդականորեն ընդունվող 544»-ը իրականում վերաբերվում է միայն թշնամու կողմում գտնվող ուրացողներին: Սակայն ավելի զարմանալի արդյունք է ստացվում, երբ սկսում ենք ուսումնասիրել «1.036» թիվը: 

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել