Վերջերս օլիգարխահաճո, օլիգարխաոճ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, որը դարձել է այդ կարգի պատվիրատուների ընտանեկան ճարտարապետը և հսկայական փողեր է աշխատում նման եկեղեցիներ նախագծելով, թույլ է տալիս իրեն անմտածված ու բարեկիրթ մարդուն ոչ վայել արտահայտություն կատարել. «Ժողովրդի մի հատվածն աթեիստ է, աղանդավոր, ուստի դեմ է եկեղեցիների կառուցմանը»: 
Այս նորահայտ քրիստոնեական հավատի չափիչ «գործիքին» կարիք կա՞ հիշեցնել, թե ով է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, թե ինչ սուրբ գործ է կատարում նա տարիներ շարունակ… Թե ինչ սրտացավությամբ են մյուս նվիրյալները ևս երազում տեսնել մեր պատմական հուշարձանները, հատկապես եկեղեցիները՝ վերակառուցված ու վերանորոգված…
Այդ ի՞նչ չափիչ գործիքով է նա չափում այլոց հավատն ու նվիրվածությունը քրիստոնեական արժեքներին… Ի՞նչ իրավունքով է վիրավորում մարդկանց հավատն ու պիտակներ փակցնում…
Իսկ ես էլ կասեմ, որ նախագծված եկեղեցիների պատվերների մեծ գումարներից կուրացել է այդ ընտանեկան ճարտարապետի հավատն ու սթափ մտածելու կարողությունը, և դեռ հարց է, թե իր այդ արա՞րքն է քրիստոնեահաճո, թե՞ մյուսների շատ խելամիտ առաջարկները…
Այս թեմային անդրադարձել եմ, էլ չեմ ուզում կրկնվել…
Հարգելի՛ ճարտարապետ Ղուլյան, ինպես Դուք եք նրանց անվանում՝ «սպոնսորներ», թող Ձեր ասած այդ սպոնսորներ կոչեցյալները, որոնց մեջ նաև շատ խելացի, լուրջ, հայրենասեր մարդիկ կան, ի վերջո հասկանան, որ ավելի աստվածահաճո արարք կլինի իրենց կողմից, ավելի շատ երախտիքով կհիշվեն, եթե վերանորոգեն մեր պատմական` տարերքից, թշնամու հարձակումներից ու մեր ազգային, տեղական արտադրության վանդալներից տուժած եկեղեցիները… Մեր` խնկարկումների, մոմերի ծխից սրբացած, սևացած ու հազարավոր հավատացյալների աղոթքներից ու սրտերից ջերմացած եկեղեցիները…
Հաստատ ավելի երկար կհիշվեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել