Արթուր Մեսչյանը հանճարեղ երաժիշտ է և ոչ պակաս շնորհաշատ ճարտարապետ, բայց Շանթ Հարությունյանին այդքան ջերմորեն վերաբերվելը նրա կողմից ինձ համար անհասկանալի է։ Անհասկանալի է նաև Շանթին համաներմամբ ազատ արձակելու նրա խնդրանքը Սերժ Սարգսյանին։

Ես ամենևին կողմ չեմ ռեպրեսիաներին և առավել ևս քաղաքական հետապնդումներին, բայց կոնկրետ Շանթի պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդն արդարացի պատիժ է կրում հանրային վտանգավոր վարքի համար, ընդ որում, նա ոչ մի անգամ չի էլ փորձել ձևացնել, որ զղջում է իր արարքի համար։ Այդ դեպքում հանուն ինչի՞ պետք է նրան ժամանակից շուտ ազատեն։

Շանթ Հարությունյանը ծայրահեղական տարր է մեր հասարակությունում ու, ըստ ամենայնի, ազատ արձակվելուց քիչ հետո նա հերթական աճպարարությունն է ձեռնարկելու, ու հարց է՝ այս անգամ տուժողներն ավելի շա՞տ կլինեն, թե՞ ավելի քիչ։ Ակնհայտ է, որ Շանթի գործելաոճը գնալով ավելի ծայրահեղանալու է, ու եթե Շանթը թքած ունի իր ճակատագրի վրա, ապա մտահոգություններ են առաջանում այն մարդկանց համար, ովքեր նրա կողքին են լինելու։

Այսքանով հանդերձ՝ ինչո՞ւ է Մեսչյանը խառնվում մի պատմության մեջ, որի հետ մինչև այդ կապ չուներ ու հանդես գալիս կոչով, որը բավարարվելու դեպքում հղի կլինի նորանոր խնդիրներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել