Exclusive
Նրան սիրում են, քննարկում ու քննադատում, սակայն մի բան հստակ է՝ նրա կողքով անտարբեր չեն անցնում։ Նա Հայաստանի ամենապահանջված դերասանուհիներից է ու էկրաններին ամենահաճախը երևացող հաղորդավարուհին, սակայն նրանից չեն հոգնում։ Նազենի Հովհաննիսյանը միշտ գիտի՝ ինչպես ներկայանալ։ BlogNews.am-ը հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել հաղորդավարուհու հետ։
- Նազենի, վերջերս նկարահանվել եք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում, ի՞նչ կերպարով եք ներկայանալու այս անգամ:
- Ֆիլմը կոչվում է «Հաջողակները». այն հայ-ամերիկյան պրոդյուսերական համատեղ աշխատանք է։ Եվ ես հուսով եմ, որ այն իսկապես կդառնա ամենահաջողակ նախագիծն այս ֆիլմի բոլոր մասնակիցների համար՝ Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են իրար անծանոթ, տարբեր ազգություն ու ճակատագրեր ունեցող մարդիկ հանդիպում իրենց ճակատագրերի խաչմերուկում։ Ես խաղում եմ հայ 40-ամյա կնոջ դեր, ով ունի ընտանիք, որդի, սիրելի ամուսին, բայց վերջինս հայտնվել է կյանքի այնպիսի էտապում, երբ անընդհատ կոմպրոմիսների է գնում։ Կինը չի ուզում կորցնել իր իրական սերը, այն ամուսնուն, ով ժամանակին եղել է ուժեղ՝ իր որոշումներով, իր կամային հատկություններով, նաև կոմպրոմիսների չգնալու իր սկզբունքայնությամբ` լինեն դրանք աշխատանքային, քաղաքական, թե քաղաքացիական հարցեր։
Ուժեղ կնոջ կերպար է՝ չափով ցինիկ, որոշակի առումով հուզական ու կարևորը՝ հումորով։ Ամենահաճելի պահն այն է, որ իմ հերոսուհին երկու կյանքով է ներկայանում ֆիլմում՝ նրա ներկայությունը ոչ միայն վիզուալ է, այլև ձայնային։ Այս կնոջ կերպարի ձայնն ասես ունի առանձին պատմություն, ապրած կյանք, դատողություն և շատ ավելի անկեղծ է ինքն իր հետ։ Ֆիլմի ընթացքում կադրից դուրս անընդհատ լսվող ձայնն առանձին կերպար է ու շատ կարևոր հավասարակշռություն է տալիս ու ամբողջացնում պատմությունը։
Մհեր Մկրտչյանի հետ թեև երկրորդ անգամ եմ աշխատում, ամեն պահի հայտնաբերում եմ նոր ու մոգական աշխարհ՝ կինոն անսպառ է։ Նրա կինոն՝ բացառիկ ու բազմաշերտ։ Իսկ նա՝ որպես ռեժիսոր, լավագույնս բացում, հայտնաբերում է դերասանի մեջ այն լավագույնը, որի մասին գուցե հենց ինքը՝ դերասանն, անգամ չէր էլ կասկածում։ Օրինակ՝ այս ֆիլմում խաղընկերներիս հետ էլի էի աշխատել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայանում է իրեն ոչ բնորոշ կարգավիճակով։ Օրինակ՝ Մկրտիչ Արզումանյանին բոլորս սովոր ենք տեսնել կատակերգական դերերում, այստեղ նա դրամատիկական դեր է խաղում, թեև կրկին կարող է հայտնվել հումորային իրավիճակներում։ Դա ինձ համար շատ հաճելի է ոչ միայն որպես հեռուստադիտող, այլև գործընկեր, որովհետև ես տեսա լրիվ ուրիշ Մկրտիչ Արզումանյանի։
- Այդ ֆիլմում Ձեր երիտասարդ տարիքի հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Առաջին հայացքից նրա հետ նմանություն չունեք։ Ո՞րն է այն «իզյումինկան», որի վրա դրել եք շեշտը, որովհետև հանդիսատեսը պետք է հավատա, որ այս աղջիկը մեծացավ, դարձավ այսպիսին։
- Ես էլ եմ կարծում, որ առաջին հայացքից մենք նման չենք։ Դիանան ունի դեռատի մի պարզություն իր աչքերի մեջ, և գուցե հենց դա էր կարևորագույնը՝ ցույց տալու համար նույն կնոջ երկու տարբեր ճակատագրեր, սիրելու տարբեր, միևնույն ժամանակ, նման կերպն ու ժամանակի անխիղճ ազդեցությունը բոլորիս վրա։ Ես անչափ ուրախ եմ, որ Մհեր Մկրտչյանը Դիանային է ընտրել, որովհետև նա երիտասարդ սերնդի ամենափայլուն ու վառ ներկայացուցիչներից է։ Վստահ եմ, որ դեռ շատ ենք լսելու նրա անունը։ Պատասխանատու ռեժիսորի ձեռքերում հայտնվելը մեծ շանս է։
- Նրա մասին հաճախ ասում են՝ «ապագա Նազենի Հովհաննիսյան»։
- Ես շատ ավելի հետաքրքիր ճակատագիր եմ մաղթում Դիանային։) Վստահ եմ՝ այդպես էլ կլինի։ Նոր ժամանակները շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս։ Դիանան 20 տարեկանում ունի հավասար պայմաններ՝ հասնելու այն ամենին, ինչին ես դեռ փորձում եմ հասնել 33 տարեկանում, և սա շատ լավ առիթ է, որ նա կոտրի պատնեշներն ու գնա առաջ։ Դիանան ստեղծել է շատ խորը, զգացմունքային և տպավորիչ կերպար այս ֆիլմում, և մեր արտաքին տարբերությունները, թերևս, առանձնահատուկ կերպով ընդգծում են հենց ռեժիսորի մտահղացումը՝ ընդգծել կյանքի թողած հետքը մարդու ճակատագրում ու աչքերում 20 տարի անց։
-Սովորաբար մարմնավորել եք ավելի երիտասարդ հերոսուհիների: Մի առիթով նշել եք, որ 18-19 տարեկան աղջնակի խաղալու համար կարող եք կերպարանափոխվել, սակայն Ձեր աչքերն այլևս այդ տարիքի աղջնակի աչքեր չեն: 40 տարեկան կնոջ համար Ձեր աչքերը համապատասխա՞ն են, թե՞ այդ տարիքի համար էլ դեռ ինչ-որ բան քիչ է:
-Յուրաքանչյուր կնոջ մեջ միշտ ապրում է և՛ 18 տարեկան աղջնակ, և՛ արդեն 60-անց կինը։ Սա երբևէ խնդիր չէ դերասանի համար, մանավանդ՝ բեմում, բայց կինոյում այլ է, այստեղ «խաբելն» առավել բարդ է։ Աչքերն արտացոլում են մարդու անցած ուղին ամբողջությամբ, իր խորդուբորդերից մինչև երջանիկ պահեր։ Մի բառով այն կոչվում է հասունություն։ Ես հուսով եմ՝ կարողացա խտացնել իմ աչքերում այն հասունությունը, որ պահանջվում էր դերի համար։ Առավել ևս, որ ինձ համար բավականին ծանր էտապում ստեղծվեց այս ֆիլմը։ Իմ նկարահանումներին զուգահեռ ԱՄՆ-ում հինգ ընկերով (Սոֆի Մխեյան, Ավետ Բարսեղյան, Արսեն Սաֆարյան, Անդրե և ես) համերգ ունեցանք՝ բարդ ու հետաքրքիր ծրագրով, հենց նույն ժամանակհատվածում «Ամենախելացին» նախագծի փորձերն ու առաջին նկարահանումներն արեցինք։ Բավականին բարդ 2-3 շաբաթ էր իմ կյանքում, և ես իսկապես հուսով եմ, որ իմ հոգնածությունն ու գերծանրաբեռնվածությունը չեն վնասել այս նախագծերից և ոչ մեկին։ Ես խորապես շնորհակալ եմ թե՛ հեռուստաընկերության իմ պրոդյուսերական թիմին՝ հասկանալու և աջակցելու համար, թե՛ մանավանդ իմ ռեժիսորին՝ նրբանկատ ու հոգատար աշխատանքի համար։
-Նազենի, Ձեզ սիրում են, քննադատում, Դուք հաճախ հանրության աչքի առաջ եք, ու շատերին թվում է, թե ճանաչում են Ձեզ, մինչդեռ Դուք նաև բավականին փակ եք: Ո՞րն է Ձեզ համար ամենափակ թեման, որն ամեն կերպ փայփայում եք հանրության ուշադրությունից և քննարկումներից, նույնիսկ Ձեր շրջապատից:
-Իմ անձնական կյանքը։ Դա այն է, ինչ ես սիրում եմ թողնել իմ տան դռնից ներս։
-Բայց հասարակությունն ավելի հաճախ է փորձում թակել այդ դուռը։
-Իհարկե, որքան մարդ փակ է պահում «դուռը», այնքան հասարակությունը շատ է փորձում է բացել այն։ Հետաքրքրությունն է մեծանում։ Բայց ինքդ քեզ վերագտնելու, վերաիմաստավորելու ու նաև վերականգվելու համար երբեմն մեկուսանալն իսկապես միակ լուծումն է։ Սպառվելու վտանգը մեծ է, եթե անընդհատ քննարկման էպիկենտրոնում ես։ Ես սիրում եմ մենակ լինել։ Հայտնիության կամ հաջողության «շղարշն» անհետանում է միայն այդ դեպքում։
-Ձեր անձնական կյանքը միշտ քննարկվում է. Ձեր անվան կողքին հայտնվում են ամենատարբեր անուններ, և հանրությունը սպասում է Նազենիի՝ ընտանիք կազմելու նորությանը: Իսկ Ձեզ համար այդ փոփոխությունը սպասվա՞ծ է, թե՞ ամեն բան թողել եք ինքնահոսի:
-Ես տարբերակում եմ ընտանիք և անձնական երջանկություն եզրույթները։ Կան շատ մարդիկ, ովքեր ունեն ընտանիք, բայց չունեն անձնական երջանկություն։ Ես ուզում եմ պատկանել այն մարդկանց թվին, ովքեր, ունենալով ընտանիք, գտնում են իրենց իսկական երջանկությունը։ Շտապողականությունը հաստատ լավ խորհրդատու չէ։
-Թեև քիչ առաջ խոսեցիք, որ Ձեր անձնական կյանքը փակ է, չեմ կարող «պրոֆիլակտիկ» չտալ այս հարցը. Նազենի Հովհաննիսյանի կողքին այժմ կա՞ իր տղամարդը։)
-Իհարկե, ես չեմ պատասխանի այդ հարցին:)
Սերը պետք է վայելել լռությամբ։ Այն վեր է հայտարարություններից ու պլանավորումներից։
-Ավելի հասուն, առավել ևս՝ կայացած կնոջ համար ընտանիք կազմելն առավել բարդ է, քան 20-ամյա աղջկա, որովհետև հասունության զուգահեռ աճում են պահանջները: Դա Ձեզ խանգարո՞ւմ է:
-Ինձ ամեն վայրկյան է խանգարում այն, որ թվում է՝ ես աճել եմ, բայց իրականում այնքա՜ն բան կա դեռ սովորելու, անելու, այնքան չկարդացած գիրք կա, չլսած երաժշտություն, չապրած պահ ու չվայելած ակնթարթ... Աճում եմ, բայց ժամանակն իմ դեմ է, ու միշտ ինձնից արագ։ Ես միայն դրանից եմ սրտնեղում. կյանքն անծայրածիր է իր բովանդակությամբ, և մի կյանքը բավական չէ, այն ամբողջությամբ ուսումնասիրելու համար։ Մի կյանքի ընթացքում հազիվ հասցնում ես ներածությանը ծանոթանալ, էլ ուր մնաց ինչ որ մի բանի հասնել և դեռ հասցնել ապրել. մի կյանքը քիչ է կյանք ապրելու համար։
-Իսկ Ձեր անձնական երջանկության համար Ձեր պահանջները խոչընդոտ հանդիսանո՞ւմ են։
-Ես, առհասարակ, շատ պահանջկոտ մարդ եմ. առաջին հերթին ինքս իմ նկատմամբ, սակայն ուզում եմ ուշադրությունը սևեռել մի բանի վրա. ես միայնակ չեմ ընտրության հարցում։ Ընտրությունը կատարվում է երկուստեք. որքան ես եմ պահանջկոտ ինչ-որ մեկին ընտրելու հարցում, նույնքան նա է պահանջկոտ ինձ ընտրելու հարցում։ Փոխհարաբերություններում շատ կարևոր է կողմերի հավասարազոր հակադրությունը, որի մեջ նաև ճանաչում եք իրար ու լրացնում։
-Նազենին նաև թույլ է. սա քանիցս նշել եք: Իսկ որո՞նք են Ձեր թուլությունները:
-Դե ես էլ եմ մարդ, բոլոր մարդիկ իրենց ուժին զուգահեռ ունեն նաև թուլություններ։ Իմ առաջին թուլությունը հենց այդ գերպահանջկոտությունն է, որը որքան ուժեղ գործիք է աշխատանքի որակի բարձրացման հարցում, նույնքան կարող է թուլացնել քեզ և կողքիններիդ, որովհետև հասարակությունը դժվար է աշխատում մարդկանց հետ, ովքեր փորձում են անընդհատ լինել պատրաստ, իրենց տեսակով պերֆեկցիոնիստ են. ամեն ինչում սկզբում տեսնում են թերությունները, հետո լավը։
Թուլություն է մինչև հիմա երեխայի պես հուզվելն անարդարությունից, թուլություն է իմ «աշխատանքամոլ» լինելը. չեմ հիշում՝ իմ կյանքում որևէ էտապ, երբ չեմ աշխատել։ Ես չգիտեմ՝ ինչ են անում նման դեպքերում։ Աշխատանք նկատի չունեմ անպայման հեռուստատեսությունում կամ գումար աշխատելու միջոց. մարդը միշտ պետք է ինչ-որ գործունեությամբ զբաղվի։
-Փաստորեն շատ զգացմունքային եք։
-Կա՞ կին, ով զգացմունքային չէ։ Ես շատ զգացմունքային եմ, ու դա դերասանի մասնագիտության կարևոր բաղադրիչներից մեկն է:
-Ունե՞ք վնասակար սովորություններ, որոնք Ձեզ խանգարում են։
-Իհարկե, շատ։ Առաջինն իմ պոռթկուն լինելն է և օգտակար սովորություն է, դրանից հետո ներողություն խնդրելը, եթե հանկարծ ինչ-որ մեկին պատահաբար նեղացրել եմ։ Վնասակար սովորություն է ամեն ինչի մասին ունենալ քո կարծիքը. հասարակությունը միշտ չէ, որ հաճույքով է ընդունում դա։
-Կա՞ մի վնասակար սովորություն որից հրաժարվել եք ու հպարտանում եք դրանով։
-Դարձել եմ համբերատար։ Վնասակար մյուս սովորությունս՝ 100%-ով մարդկանց վստահելն արդեն բացառում եմ։ Հիմա արդեն շատ վնասակար սովորություն է առաջին հայացքից մարդկաց «scan» անելը և նրանց տեսնելը, որովհետև հաջորդ պահին դու չես ցանկանում շփվել մարդու հետ, որի ներքին ամբողջությունն արդեն տեսել ես։ Ակամայից սկսում ես մեկուսանալ միջավայրում։
-Չի՞ լինում, որ սխալվում եք։
-Շատ հազվադեպ։
-Դրակա՞ն, թե՞ բացասական առումով։
-Որպես կանոն՝ բացասական։ Ի սկզբանե, ես փորձում եմ մարդկանց ընկալել ավելի դրական և, ցավոք, երբեմն ունենում եմ հիասթափություն։ Ես դրանից չեմ նեղվում, որովհետև դա էլ մարդու համար է։ Ի վերջո, բոլորը չեն կարող համապատասխանել իմ ցանկություններին կամ մարդկային որակների սանդղակին։
-Նազենի, հեռուստատեսությունը տալիս է սեր, հարգանք, ճանապարհներ, սակայն խլում է անձնական կյանքի իրավունքը, ազատությունը հանրային վայրերում։ Երբ նժարի վրա եք դնում տվածն ու վերցրածը, ո՞րն է ավելի շատ կշռում:
-Շատ լավ հարց է, որը դժվար պատասխան է ենթադրում։ Եթե կարողանայինք ժամանակի մեքենան հետ պտտել, ես լինեի 15 տարեկան և ունենայի այս ամբողջ հիշողությունը, գուցե կարողանայի ճիշտ, ազնիվ պատասխանել այս հարցին, բայց հիմա, երբ ես շատ վաղ հասակից սովորել եմ հասարակական գործունեությանը, ինձ համար դժվար է ինձ պատկերացնել հասարակության ակտիվ ուշադրությունից դուրս։ Ես փոքր տարիքում էլ եմ հասարակության ուշադրության կենտրոնում եղել, որովհետև Հայաստանում ցանկացած աղջիկ ավելի շատ է արժանանում հասարակության ուշադրությանը, քան տղաները։ Իմ աշխատանքի բերումով դա հազարապատկվում է։ Ես դժվարանում եմ ասել՝ հեռուստատեսությունն առավել խլե՞լ է, թե՞ տալիս է։ Խլել է այն, որ ես կարող էի ավելի շատ շփվել ընտանիքիս հետ:
Երբ ընտրում ես դերասանի մասնագիտությունը, հետդարձի ճանապարհ չկա, որովհետև այս ուղին նման է լարախաղացի պարանին։ Ճանապարհի կեսից դու հետդարձ չունես, այսպես, թե այնպես, նորից պետք է անցնես նույն վտանգների, վախի միջով. կա՛մ առաջ պիտի գնաս, կա՛մ հետ։ Սա մի ճանապարհ է, որը չի ենթադրում հետդարձ. միայն առաջ կամ անկում։ Ո՞րն է հաճելի, առա՞ջ գնալ, թե՞ անկում ապրել. Իհարկե, գնալ առաջ, բայց երբեք չգիտես՝ անկումդ երբ կլինի։
-Այնուամենայնիվ, մտածե՞լ եք հետդարձի մասին։
-Ես մեկ անգամ եմ խորապես մտածել այդ մասին և հասկացել, որ սա մի ասպարեզ է, որը չունի հետդարձի ճանապարհ։ Դու կարող ես հետ դառնալ, բայց քո անունը, արածը, թողածը հետ չես դարձնի։ Դու ժամանակի ու տարածության մեջ թողել ես մի հետք, որը չես կարող ջնջել։ Լավ, թե վատ, դու արդեն կաս այդտեղ։
-Ի՞նչն է Ձեզ ստիպել մտածել այդ մասին։
-Աշխատանքային գերլարվածությունը, որը հեռուստադիտողներն ընկալում են որպես քո ընտրություն։ Հեռուստատեսային աշխատանքը ենթադրում է աշխատանքի որոշակի քանակ. կարող է այնպես պատահել, որ քեզ հաճախ ցուցադրեն։ Ես գիտեմ, որ մարդիկ հաճախ բացասական են վերաբերում սրան, ինչը նորմալ է. ուզում են նոր դեմքերի տեսնել, բայց մոռանում են, որ նոր դեմքերը մարդիկ են և չեն կարող մեկ անգամյա օգտագործման փաթեթի պես հայտնվել ու անհետանալ։ Նրանք պետք է աճեն, զարգանան, սովորեն և ունենան տևական ներկայություն հեուստատեսությունում, որպեսզի վաստակեն հեռուստադիտողին մի բան ասելու իրավունքը։ Երբ դու այդ ամենի մեջ ես, հասկանում ես, որ քո մասնավոր, ներանձնային կյանքի համար շատ քիչ ժամանակ է մնում, և հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար, ինչի՞ ես չեմ կարող ապրել այնպես, ինչպես բոլոր մարդիկ և հասկանում ես՝ ինչու։ Ես չեմ բողոքում, ուղղակի բարձրաձայնում եմ այն խնդիրները, որոնք թաքնված են փայլուն հաջողությունների, գերհայտնի լինելու և «աստղային» կյանքի հետևում։ Ես չգիտեմ՝ «աստղերն» ովքեր են և ինչով են ապրում, բայց իմ այսպես կոչված «աստղային» կյանքը 24-ժամյա աշխատանք է։ Եթե ինչ-որ մեկն ուզում է ապրել իմ կյանքով, կարող եմ սիրով զիջել նրան իմ տեղը։
-Հեռուստատեսային զբաղվածության պատճատռով Ձեր Թատերական գործունեությունը տուժե՞լ է
-Գուցե մի քանի ներկայացում բաց եմ թողել, բայց իմ թատերական կյանքը երբևէ դադար չի առել։ Հեռուստատեսությունը սիրում է ամենօրյա արտադրանք, որով դու ավելի հաճախ ես զբաղվում։ Թատրոնը չի սիրում շտապողականություն։ Գուցե իմ դերերը շատ չեն եղել, բայց նշանակալի են եղել։ Ամեն էտապ ունի իր ներկայացումը, որը հաճելիորեն զուգորդվում է իմ տարիքային հասունացման, դերասանական ձեռագրի փոփոխության հետ։ Դերասանի վարպետություն ասվածը շատ ապստրակտ երևույթ է. կարող ես խաղալ 100 հազար տարի, բայց վարպետությանն անգամ մոտ չլինես։
Վերջին՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ ես անցել եմ ամենադժվար հաղթահարելի փուլը՝ խաղալ 18-ամյա ցինիկ, երիտասարդական ավյունով մի աղջկա։ Ուժեղ կանանց կերպարներ կերտելուց հետո այսպիսի կերպարն ինձ շատ էր անհրաժեշտ։
-Զբաղվածությունը, որ ունեք կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում, բավարարո՞ւմ է Ձեզ։
-Անկեղծ՝ ոչ։
-Ի՞նչն է պակասում։
-Ամեն ինչը. թատրոնը, ընդ որում՝ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլև ֆինանսական այն միջոցները, որոնք կարող են օգնել լավ ներկայացում ստեղծել, դերասանական այն կազմը, որը կարող է քեզ միանալ և ստեղծել հետաքրքիր մի երևույթ։ Լավ դերասանները, որպես կանոն, շատ զբաղված են լինում, մարդիկ փորձում են փող աշխատել, որովհետև ընտանիք են պահում, ինչպես և ես։ Բայց մեր թատերական աշխարհում շատ է պակասել ռոմանտիզմը... Սա այն խնդիրներից է, որն այսօր առկա է 21-րդ դարում։
Ինձ չի բավարարում հեռուստատեսային իմ ներկայությունը, որովհետև քանակը որակ չի ստեղծում։ Ես կուզեի լինել շատ ավելի քիչ, բայց միայն կոնկրետ ու շեշտակի հետաքրքիր հաղորդումներով... Միայն իմ վարելու մասին չեմ խոսում, այլև հյուրերի, տաղավարային պայմանների, որակական չափանիշների։ Ես սիրում եմ «Ամենախելացին», որովհետև որակական առումով նոր է, պրոցես է, որի մեջ ես սիրով մտնել եմ 0-ից ու հայտնաբերել նոր աշխարհ, իսկ նրա պտուղները բոլորս կվայելենք արդեն ապագայում։ Իմ կարծիքով՝ այն բեկումնային էր հայկական հեռուստաշուկայում և ինձ համար։ Ցանկանում եմ՝ 2015 թվականին բեկումնային լինի նաև իմ կյանքը։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի