Վարիկոզային հիվանդությունն առաջանում է երակներում արյան կանգային երևույթների հետևանքով, ինչն էլ հանգեցնում է երակների լայնացման: Եթե վարիկոզին ուղեկցում է  նստակյաց կենսակերպը կամ ընդհակառակը՝  երկար ժամանակ կանգնած վիճակը, հիվանդությունը կարող է խորանալ: Կարող են ի հայտ գալ ավելի բարդ ախտանիշներ՝ ոտքերի անզգայացում, այտուցվածություն, ցավեր, այրոց և ծանրության զգացողություն ոտքերում: Ըստ վիճակագրական տվյալների՝ հիվանդությամբ տառապում է մոլորակի յուրաքանչյուր 5-րդ մարդը:  Հայաստանում վարիկոզային հիվանդությունները նույնպես շատ տարածված են, ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Այս հիվանդության դեպքում չի կարելի օգտագործել աղի, կծու սննդատեսակներ, թունդ սուրճ, ծխախոտ, խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղեն, մրգեր, վիտամին C–ով հարուստ սննդատեսակներ: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին սկսել զբաղվել վարիկոզային հիվանդության  բուժմամբ, որպեսզի կանխվեն բարդությունների առաջացումը, և գործը չհասնի վիրահատության: Խորհուրդ է տրվում առողջ կենսակերպ վարել, ամրացնել անոթներն ու նրանց պատերը, շարժվել, երկար չնստել և չկանգնել, կրել հատուկ զուգագուլպաներ: Բուժման մեթոդները բաժանվում են վիրահատական և ոչ վիրահատական խմբերի։

Ոչ վիրահատական մեթոդներ

1. Տզրուկաբուժություն

Դեռևս հնագույն ժամանակներից տզրուկաբուժությունը հայտնի էր որպես վարիկոզի բուժման արդյունավետ միջոց: Տզրուկը հիվանդի արյան մեջ մտցնում է հիրուդին՝ տզրուկի գեղձային արտազատուկը, որը ջրիկացնում է արյունը՝ կանխարգելով երակային արյան արագ մակարդվելը այն երակներում, որոնք թուլացել են վարիկոզի արդյունքում։ Այս կերպ հնարավոր է լինում խուսափել թրոմբների առաջացումից: Տզրուկաբուժությունն առավել արդյունավետ է վարիկոզի նախնական փուլերում, քանի որ այն կանխում է հիվանդության առաջխաղացումը։

Տզրուկաբուժության տևական կուրսը նպաստում է հյուսվածքների սնուցմանը, ինչի արդյունքում հիվանդության զարգացումը դանդաղում է, անոթային սպազմը՝ վերանում, արյան շրջանառությունը՝ զգալիորեն լավանում: Տզրուկաբուժությունը վայրկենական արդյունք չի տալիս, ցանկալի արդյունքի հասնելու համար ցանկալի է տարեկան 2-3 անգամ անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս: 1 կուրսը կազմում է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, և որոշ ժամանակ անց կուրսը կրկնել:

2. Ժողովրդական բժշկություն

2.1. Եթե վարիկոզի հետևանքով խոցեր են առաջացել, պետք է քերած հում կարտոֆիլի խյուսը 1սմ հաստությամբ տեղադրել խոցի վրա, վրայից պոլիէթիլենային ցելոֆան փաթաթել, ապա վիրակապել վնասված հատվածը: 4-5 ժամ պահելուց հետո կարտոֆիլը փոխեք: 

2.2. Եթե վարիկոզի հետևանքով ոտքի մաշկը չորանում և քոր է գալիս, ապա հավասար քանակությամբ իրար խառնեք ձիթապտղի և չիչխանի յուղերը, ալոեի թարմ քամած հյութը և օրը 2 անգամ քսեք ոտքերին: 

2.3. Որքան կարևոր է վարիկոզային հիվանդության բուժումը, նույնքան էլ կարևոր է պրոֆիլակտիկան: Անոթների մաքրման, ոտքերի անոթային հիվանդությունների կանխարգելման համար անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոց է սխտորը: 250 գրամ ճզմած սխտորի վրա ավելացնել 350 գրամ ոչ պինդ բնական մեղր, խառնել և 5 օր պահել փակ տարայի մեջ: Այնուհետև օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ 1 ճաշի գդալով ուտել: Բուժման 1 ամբողջական կուրսի ընթացքում պետք է նույն խառնուրդից 3 անգամ պատրաստել և օգտագործել: Կուրսը կրկնեք 2 անգամ:

2.4. Թրոմբոֆլեբիտի դեպքում կաղամբի տերևը պետք է տրորել այնքան, որ հյութը սկսի դուրս գցել: Կաղամբի այդ տերևի մի կողմի վրա ձիթապտղի յուղ քսեք և այդ կողմով տեղադրեք վնասված երակների վրա: Այնուհետև կապեք այն բինտով և օրերով այդ փաթաթանը պահեք: Մի քանի օրից հանեք, փոխեք կաղամբը: Բուժման տևողությունը 1 ամիս է:

2.5. Լավ հասած լոլիկը կլորակներով կտրատեք, տեղադրեք լայնացած երակների հատվածում և վիրակապեք: 3-4 ժամ հետո թարմացրեք վիրակապը:  

2.6. Կանթեղախոտի (чистотел) լուծույթից 9 կաթիլ լցրեք 1 ճաշի գդալ կաթի մեջ և խմեք: Կրկնեք օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ: 

Վիրահատական բուժում

1. Սկլերոթերապիա

Բարակ ասեղի օգնությամբ երակ է ներմուծվում սկլերոզանտ պրեպարատը՝ սոսնձելով վնասված երակի պատերը, որոնք արդյունքում ներծծվում են: Արյան մատակարարման համակարգում նրանց կատարած աշխատանքն անցնում է ավելի առողջ երակներին:

2. Լազերոթերապիա

Սա ֆլեբոլոգների ամենասիրելի պատասխանն է «ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը» հարցին: Ապացուցված է, որ ցանկալի արդյունք ստացվում է լազերով բուժման 98% դեպքերում: Ըստ էության՝ լազերը կատարում է նույն աշխատանքը, ինչ սկլերոզանտը, սակայն մաշկի միջով:

3. Վենէկտոմիա

Երակների հեռացման վիրահատությունն է: Առաջ այն կատարվում էր ավելի հաճախ, քանի որ չկային այժմ հայտնի այլընտրանքային մեթոդները: Վիրահատության էությունը վնասված անոթի հեռացումն է: Կոմպրեսիոն ներքնաշորն օգտագործում են վիրահատությունից հետո 2 շաբաթվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել