Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին շուտով հեռուստադիտողը կտեսնի «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալում, իսկ Blognews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է ստացել առաջարկը և ինչ կերպարով է հանդես գալու սերիալում:

«Ներկայանալու եմ հայ ուսուցչուհու կերպարում, լինելու եմ Հրանտի փոքրիկ աղջկա ուսուցչուհին: Մի անգամ ես նրան ծնող եմ կանչում դպրոց, որի ժամանակ էլ ծանոթանում եմ հետը: Նա այդ ժամանակ ինչ-որ կոնֆլիկտի մեջ է լինում կնոջ հետ, և մեզ մոտ սկսվում է ինչ-որ հետաքրքիր արկած: Այս ամենը մի պատմություն է և շարունակական բնույթ չի կրելու, քանի որ սերիալն ամեն անգամ մի նոր պատմության վրա է հիմնված»:

Մեր այն հարցին, որքանով էր Հրանտի դերը մեծ, որ նա նկարահանվեց սերիալում՝ Լուիզան պատասխանեց. «Այնքանով, որ նա կարողացավ այնպես անել, որ սերիալի ռեժիսորը, ով նկարահանում էր մեկ այլ ֆիլմ՝ «Любовь с акцентом», Հրանտի աչքերով նայեց և սիրահարվեց Երևանին: Եկավ Երևան և, տեսնելով մեր քաղաքն իր բոլոր գույներով, հասկացավ, որ այստեղ պետք է նկարահանել ֆիլմ: Այդ ընթացքում ես ծանոթացա ռեժիսորի հետ, նա էլ, իմանալով, որ ես դերասանուհի եմ, թող անհամեստ չթվա, բայց որոշեց որ ինչ-որ ձևով կարող եմ հետաքրքիր նայվել սերիալում»: Վերջում ավելացնենք, որ Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն սեպտեմբերից: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել