Չարժե հետաձգել հեքիաթային արձակուրդը ֆինանսական միջոցների սակավության պատճառով։ Սուղ ֆինանսական միջոցներով կարելի է «от и до» հանգստանալ և դեռ մի բան էլ խնայողություն անել։ Պարզապես պետք է գործի դնել հնարամտությունը և ճանապարհորդությունից առաջ մի լավ ուսումնասիրել զբոսաշրջային ընկերությունների թեժ առաջարկները, բայց մենք դա էլ ենք արել Ձեր փոխարեն։ Այնպես որ, պարզապես հավաքեք ճամպրուկներն ու ճանապարհ ընկեք, դե իհարկե, այս հոդվածն ընթերցելուց հետո։   

1. Կամբոջա

Կամբոջայում հնարավոր է ընդամենը 2 դոլարով երկտեղանոց անկողնով համար վարձել, 50 ցենտով գնել գարեջուր և էժանագին սնունդ։ Անգամ եթե այցելեք այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին է Անգկոր Վատը, միևնույնն է, հազիվ թե օրը 20 դոլարից ավել ծախսեք այս երկրում։

Երբ ճանապարհորդ Վես Ռոջերսը ուղևորություն կատարեց դեպի Կամբոջա, նա 5 դոլար օրավարձով այնպիսի սենյակ վարձեց, որը զինված էր բարձրակարգ հյուրանոցների բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Այստեղ սննդի վրա շատ գումար ծախսելը պարզապես անիմաստ է, քանի որ 1-2 դոլարով հնարավոր է մի կուշտ սնվել։ Ի՞նչ վատ է որ. օրական 10 դոլար ծախսելով՝ կարող ես տեսնել աշխարհի ամենաէկզոտիկ վայրերը։

2. Լաոս

Լաոսը Հարավարևելյան Ասիայի մեկ այլ մատչելի երկիր է։ Լաոսում ճանապարհորդելիս պարզեք, թե որտեղ են հանգրվանում ուսապայուսակով ճամփորդողները՝ այսպես կոչված «backpacker»-ները։ Հենց նրանց կողմից վարձակալվող սենյակներն են ամենամատչելին, սակայն դրանք զարմացնում են ոչ միայն իրենց ցածր գնով, այլև հարմարավետությամբ ու ժամանակակից դիզայնով։ Լաոսն աղքատ երկիր է, և այստեղի ամենաէժան մթերքներից են բրինձն ու հավի միսը։

3. Ջամայկա

Այստեղ պատրաստի ուտեստները համեմատաբար թանկ են, հատկապես եթե դրանք ներկրվել են որևէ արտասահմանյան երկրից։ Ավելի լավ է գումար խնայելու նպատակով գնել անհրաժեշտ բաղադրատարրերը տեղի շուկաներից ու սեփական ձեռքերով պատրաստել Ձեր նախընտրած կերակրատեսակը։

4. Չինաստան

Չինաստանի գյուղական բնությունը կզարմացնի Ձեզ իր անառիկ գեղեցկությամբ։ Այստեղ մեկանգամյա սնունդը 2-5 դոլար արժե, իսկ քաղաքային փոխադրամիջոցներով երթևեկելու վրա 1 դոլարից էլ քիչ գումար կծախսեք։ Բնակարանավարձն այստեղ նույնպես հարմար է միջին խավի մարդկանց համար։ Օրինակ՝ Շենչժեն քաղաքում հնարավոր է կարգին սենյակ վարձել 5 դոլարից էլ քիչ օրավարձով։ Կացարանի վարձը մի փոքր ավելի բարձր է Շանհայում ու Հոնկոնգում։ Ավելի հարմար գնով կացարան կարելի է գտնել Լիցզյան, Դալի, Կունմին և Սիչուան քաղաքներում։ Դուք կարող եք առավելագույնի հասցնել Ձեր խնայողությունները՝ հանգրվանելով ոչ թե հյուրանոցներում, այլ հոսթելներում և ամրագրելով Ձեր տոմսերը ոչ թե չինական ճանապարհորդական կայքերում։ Եթե ուզում եք իսկապես զգալի խնայողություն անել, ապա խուսափեք Չինաստան այցելել Չինաստանի գլխավոր տոների ընթացքում։ Ինչպես և մեզ մոտ, այնտեղ ևս տոների ընթացքում շուկայում թանկություն է տիրում։ Այս երկրում գնումներ կատարելիս  հարկավոր է մի լավ  սակարկել։ Այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք կիսով չափ իջեցնել ապրանքի գինը։ Եթե առևտրականը հրաժարվում է էժանացնել սակարկումից հետո, պարզապես հեռացեք նրանից։ Ամենայն հավանականությամբ նա Ձեզ հետ կկանչի և կվաճառի ապրանքը Ձեր ուզած գնով։

5. Ֆիջի

Ֆիջին համեմատաբար թանկ երկրի անուն է հանել, սակայն մի՛ հավատացեք ամեն կարդացածին։ Ավելի քան 300 կղզիներով հարուստ այս վայրում առկա են ինչպես 1000 դոլար օրավարձով կղզիներ, այնպես էլ 25 դոլար օրավարձով տնակներ։ Դուք կարող եք մուտք գործել այստեղի գեղեցիկ լողափերն առանց մուտքի վարձ մուծելու։ Մատչելի տեսարժան վայրերից են Թավեունիի ջրվեժները, «Nadi» հուշանվերների բացօթյա շուկան։  

6. Արևելյան Եվրոպա

Արևելյան Եվրոպան նույնքան գրավիչ է, որքան Փարիզը և Պրահան, թեպետ իհարկե պետք է ընդունել, որ ճաշակին ընկեր չկա։ Այնուամենայնիվ, Դուք շատ ավելի քիչ գումար կծախսեք՝ ուղևորություն կատարելով դեպի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան կամ Բալկանները։ Թանկարժեք հյուրանոցների վրա գումար չվատնելու համար պարզապես պետք է նախապես հետաքրքրվել, թե որոնք են այս վայրերի մատչելի կացարանները։ Սա նշանակում է, որ պետք է հնարավորինս շատ ուսումնասիրել տարբեր ճանապարհորդական կայքերն ու հարցուփորձ անել ծանոթ-բարեկամներին։ 

7. Նիկարագուա

Նիկարագուան հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են վայելել վայրի բնությունն ու խաղաղ միջավայրը, անկրկնելի գեղեցկություն ունեցող բնապատկերներն ու գաղութային բազմազան մշակույթներն՝ առանց շատ գումար ծախսելու։ 
Նիկարագուայով ճանապարհորդելիս Դուք կարող եք այցելել Գրանադա ու տեսնել գաղութային յուրօրինակ ճարտարապետությունը։ Արժե այցելել նաև Լագունա դե Ապոյո հրաբխային լիճը, որը Գրանադայից 20 րոպե հեռավորության վրա է գտնվում։ Նիկարագուայում հանգստանալու համար շատ գումար հարկավոր չէ։ 7-10 դոլարով կարելի է նորմալ սենյակ վարձել, սակայն երկար մի՛ փակվեք սենյակում։ Դուրս եկեք ու զբեսնեք  լողափերի տաք ավազով, զբաղվեք սերֆինգով ու ճաշակեք ազգային համեղ ուտեստները՝ ծախսելով 5-10 դոլար։    

8. Թաիլանդ

Թաիլանդը հարուստ է կղզիներով ու լողափնյա առողջարաններով: Հատկապես տեսարժան են Պհուկետ կղզին, Պհի-Պհի կղզեխումբը և բուդդայական տաճարները: Անկրկնելի լողափեր, համեղ ուտեստներ, բազմազան մշակույթ ու հյուրընկալ մարդիկ... Ուրիշ էլ ի՞նչ է պետք կատարյալ հանգստի համար: Դե իհարկե գումար, սակայն ոչ շատ։ Թաիլանդում կարելի է հյուրանոցային սենյակ վարձել օրական ընդամենը 5-6 դոլարով, ճաշել 5 դոլարով ու սառը գարեջուր վայելել 2 դոլարով։

9. Բալի

Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միջև ծվարած այս էկզոտիկ ինդոնեզական կղզին ամեն տարի իր հյուրընկալ գիրկն է գրավում բազում զբոսաշրջիկների։ Այստեղ կարելի է օրը 10 դոլարով տուն վարձել, իսկ ուտելիքի վրա ծախսել ընդամենը 1.50-3 դոլար։ Եթե ուզում եք կարգին խնայողություն անել, Բալի ուղևորվելիս ողջ ճանապարհն ինքնաթիռով անցնելու փոխարեն ճանապարհի կեսը հատեք ավտոբուսով։  

10. Վիետնամ

Վիետնամը մշակութային ու պատմական մեծ արժեք է ներկայացնում։ Ճանապարհորդները սիրում են ժամանակ անցկացնել Վիետնամի լողափերում, ազգային արգելոցներում, թանգարաններում ու ռեստորաններում, որտեղ հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալ վիետնամական համեղ ճաշատեսակներին։ Այստեղ կարելի է սենյակ վարձել 5 դոլար օրավարձով։ Գումար խնայելու և տեղացիների հետ շփվելու համար երթևեկեք ոչ թե տաքսիներով, այլ հասարակական ավտոբուսներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել