Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը, Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովին հրաժարվելով ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի վերջնական հռչակագիրը, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց իր ագրեսիվ քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ գագաթնաժողովը լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության խնդիրների մասին և յուրահատուկ աջակցություն ստանալու Եվրամիության անդամ երկրների կողմից:

«Արցախյան հակամարտության հետ կապված հարցում զարգացումներն այնպիսին եղան, որ Ադրբեջանը դուրս մնաց քննարկումներից՝ հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր ագրեսիվ քաղաքականության որոշակի դրվագներ՝ հրաժարվելով ստորագրել վերջնական հռչակագիրը: Որոշակի ճնշումներից հետո, իհարկե, ստորագրեց, բայց Եվրամիության և Ադրբեջանի միջև առաջացավ կոնֆլիկտ, որը հետաքրքիր քննարկումների, զարգացումների տեղիք են տալիս»,-  ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ պատճառը Ադրբեջանի հասցեին Եվրախորհրդարանում մարդու իրավունքների ու ներքաղաքական իրադրության հետ կապված քննադատություններն են, քաղաքագետը նշեց, որ այս տեսանկյունից իսկապես այսօր Ադրբեջանը թիրախավորված է ու դրա մասին խոսվում է ամենաբարձր մակարդակով։

«Բայց ես կարծում եմ, որ միայն այդ քննադատությունը չէր պատճառը, որ Մամեդյարովը լքեց բանակցային ֆորմատը ու հրաժարվեց ստորագրել հռչակագիրը։ Այստեղ երկու կարևոր հանգամանք կա: Առաջին՝ 2009-ից սկսած այս բանակցային մոդելը Ադրբեջանի համար այլևս անընդունելի է ու փորձում է տապալել գործընթացը՝ փորձելով քաղաքական ազդեցությունը չեզոքացնել ու  օրակարգից հանել բոլոր այն հայտարարությունները, որտեղ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների ստորագրությունը: Նրանք իսկապես հասկացան, որ բանակցային գործընթացը հօգուտ Ադրբեջանի չէ և չեն կարող որևէ հարց լուծել»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, տարածքային ամբողջականության սկզբունքի ստորադասման վտանգն է, որը Ադրբեջանը տեսել է հռչակագրում:

«ՀՀ նախագահի խոսքում հնչեց միտքը, որ տարածքային ամբողջականությունը եթե օգտագործվում է ազգերի ինքնորոշման իրավունքի դեմ, չի կարող պարտադիր լինել և օրինակ բերելով ասաց, որ եթե այդպես լիներ հիմա այստեղ շատ երկրների ղեկավարներ նստած չէին լինի։ Հռչակագրի երրորդ կետում գրված է , որ Վրաստանի ու Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ 21-րդ դարում տարածքային ամբողջականության սկզբունքը ինքն իրեն ենթադրվող փաստ չէ։ Այսինքն՝ հենց այստեղ է Ադրբեջանը վտանգ տեսել: Նրանք տեսան, որ ԵՄ-ի քննարկումների տրամաբանությունը տանում է նրան, որ տարածքային ամբողջականությանը չի կարող լինել այն հիմնական գործոնը, որի հիման վրա պետք է լուծվեն հակամարտությունները և պարտադրվում են նաև ազգերին ինքնորոշման սկզբունքը»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել