Վերջին շրջանում մեծ մտավախությամբ եմ գնում ֆիլմի պրեմիերայի, քանի որ շատ գեղեցիկ ու «պրոֆեսիոնալ» ներկայացված ֆիլմերը մի քանի րոպեից ավելի հնարավոր չի լինում դիտել։ Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Սկոտչ & Whiskey» ֆիլմը հաճելի բացառություն էր։ Ռեժիսորական շատ լավ աշխատանք, կադրային գեղեցիկ լուծումներ, պրոֆեսիոնալ դերասանական կազմ և լավ սցենար. Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արփի Գաբրիելյանի, Վիգեն Ստեփանյանի, Սերգեյ Դանիելյանի, Անդրանիկ Հարությունյանի, Գրիշա Աղախանյանի, Իրինա Դանիելյանի, Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ «Սկոտչ & Whiskey» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։

Ֆիլմն ամուսնալուծության շեմին կանգնած զույգի մասին է, որոնց մարմնավորում են Ռաֆայել Երանոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, ակամայից նրանց պատմության ականատեսն է լինում Սոս Ջանիբեկյանի հերոսը, ով զույգի տանը թաքնվում էր ոստիկաններից։ Լուիզան ու Ռաֆոն hաշտվում են կրքոտ համբույրով, Սոսի կերպարն էլ իր երջանկությունը գտնում է Ռաֆոյի սիրուհուն մարմնավորող Արփի Գաբրիելյանի հերոսուհու հետ:)

Ֆիլմը դիտելուց հետո դերասան Սոս Ջանիբեկյանը BlogNews.am-ին ասաց, որ ֆիլմն իր համար հետաքրքիր էր, թեև շատ լարված է դիտել՝ մտածելով, որ կարող էր ավելի լավ ներկայանալ. «Սցենարի և Արշալույս Հարությունյանի շնորհիվ նորովի հանդես գալու հնարավորություն ունեցա»։ Դերասանն այստեղ ներկայանում է նաև կնոջ կերպարով, քանի որ դա ոստիկաններիվց ճողոպրելու միակ ելքն էր:) «Ես խնդիրներ, ամբիցիաներ չունեմ կնոջ հագուստով ներկայանալու համար, եթե դա պատմության մեջ է, համով-հոտով է ու կոնցեպտուալ է։ Ուղղակի մարդկանց  ծիծաղեցնելու համար դա չէի անի, սակայն այս դեպքում դա կերպարի գիծն է»,- նշեց դերասանը։

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն  էլ նշեց, որ իր մասնակցությամբ ֆիլմերն առաջին անգամ դիտելիս իրեն թվում է՝ ինչ-որ բան կիսատ է արել։ «Սպասում եմ հանդիսատեսի արձագանքին, քանի որ իրական գնահատական տվողը ժողովուրդն է։ Շատ ուրախ եմ, որ այսօրվա հանդիսատեսը շատ ջերմ է, բայց նաև հաշվի եմ առնում, որ այսօր այստեղ մեր ընկերներն են»,- նկատեց Արփին։

Ռաֆայել Երանոսյանը, ով խաղացել էր նաև համանուն ներկայացման մեջ, ասաց, որ թատրոնն ու կինոն շատ տարբեր են, իրեն ավելի հոգեհարազատ է թատրոնը, քանի որ կենդանի ջերմություն է ստանում։ «Ֆիլմն իր մեջ արհեստականություն ունի, սակայն կինոն էլ իր առավելություններն ունի. կարողանում ես ցույց տալ շատ նյուանսներ։ Հուսով եմ՝ ֆիլմը չի զիջի ներկայացմանը»,- ասաց Ռաֆոն, ով ֆիլմը դիտելիս գոհ է եղել իր խաղից։ Ինչ վերաբերում է էկրաններին հիմնականում կատակերգական դերերով ներկայանալուց հետո դրամատիկ կերպար խաղալուն՝ նա ասաց. «Ես մասնագիտությամբ դերասան եմ, ուղղակի այսօր ռեժիսորները չեն սիրում աշխատել դերասանների հետ այնպես, որ կոտրեն կարծրատիպերը։ Արշոյի մոտ դա ստացվեց»։

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ նշեց, որ այնքան լարված էր ու այնքան երկար է սպասել այս պրեմիերային, որ ոչինչ չի կարող ասել ֆիլմի մասին։ «Դեռ տաք եմ, մեկ անգամ էլ կգամ, կդիտեմ ու կփորձեմ օբյեկտիվ գնահատական տալ։ Միայն կարող եմ ասել, որ գույները շատ լավն էին, եվրոպական մի բան կար»,- նշեց դերասանուհին։

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել