Հենց հասնենք այն գիտակցությանը, որ կարողանանք հերթ կանգնել, ինչպես աշխարհում բոլոր նորմալ մարդիկ են հերթ կանգնում, մեր գործերը լավ կգնան։
Մտածե՞լ եք երբևիցե, թե ինչ է իրենից ներկայացնում հերթ կանգնելու պրոցեսը։ Իհարկե չեք մտածել ու չեք խորացել այդ հարցի մեջ։ Բացատրեմ։ Հերթ կանգնելը դիմացինիդ իրավունքի հարգանքն է։ Իսկ դիմացինի իրավունքը հավաստագրված է նրանով, որ նա Ձեզանից մի երկու րոպե առաջ է մոտեցել այդ հերթին և հետևաբար Ձեզանից այդ մի փոքր առավելությունն ունի, և Դուք՝ որպես քաղաքակիրթ ու ընտանիքում նորմալ դսաստիարակություն ստացած մարդ, պիտի հարգանքով վերաբերվեք նրա այդ աննշան առավելությանը և այդ առավելությամբ Ձեզանից հերթում առաջ լինելու նրա իրավունքին։ Սա է այս հարցի ողջ փիլիսոփայությունը, և Դուք եթե այս պարզ բանը հասկանաք, մեր հասարակությունը ճիշտ հինգը մղոն առաջընթաց կունենա։ Հիմա բացատրեմ, թե ինչու։
Եթե Դուք այնքան նրբազգաց եք ու այնքան մարդկային մարդ եք, որ հերթում Ձեզանից առաջ կանգնածի այդ աննշան առավելությունը նկատում ու հարգում եք, ուրեմն իրոք Դուք նորմալ մտավոր ընդունակությունների տեր եք, և Ձեզ հետ կարելի է լուրջ հույսեր կապել և Ձեզ կարևոր գործերի մեջ ներգրավել։ 
Ահա այսպես ձևավորվում ու շատանում են երկրի քաղաքացիները, ովքեր հասկանում են, թե ինչ է մարդկային իրավունքը, հարգանք ունեն այդ իրավունքի նկատմամբ և դրանով ապահովում են այն, որ հասարակության մյուս անդամներն էլ իրենց իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերեն։
Մտածե՛ք այս մասին և փորձեք լուրջ հետևություններ կատարել այս ասածիցս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել