«XFactor» նախագծի հաղթող Վահե Մարգարյանն այս տարի ավարտում է հիմնական դպրոցը։ Այսօր նրա վերջին դասն էր, իսկ վաղը կլինի վերջին զանգը։ BlogNews.am-ի հետ զրույցում նա խոսել է զգացողությունների մասին։
«Թեև Վերջին զանգն այսօր է, մենք վաղն ենք նշելու այն։ Այսօր դպրոցում վերջին դաս ենք արել, որը շատ հավես անցավ։ Ուսուցիչներն էլ միացան մեզ, ու սկսեցինք «պանտամիմա» խաղալ»,- ասաց Վահեն ու, խոսելով զգացողությունների մասին, հավելեց,- այնպիսի զգացողություն է, որ ուզում ես լալ ու չես կարողանում։ Մոտ մեկ ամիս առաջ մտածում էի, որ եկել է պահը, երբ ամեն բան պետք է ինքնուրույն անեմ։ Հիմա արդեն լիարժեք գիտակցում եմ դա»։
Ինչ վերաբերում է մեքենաներով, մեծ աղմուկով Վերջին զանգ անելուն, Վահեն ասաց, որ իրենք այդպես չեն անելու։ «Վաղը Վերջին զանգի միջոցառում կանենք դպրոցում, որի ժամանակ ես 3 երգ եմ կատարելու։ Նաև կենդանի կատարում եմ ներկայացնելու և ինքս դաշնամուր եմ նվագելու։ Արդեն երեկոյան դասընկերներով կգնանք Գյումրու ռեստորաններից մեկն ու քեֆ կանենք»,- ասաց նա։
Վահեն մտադիր է տեղափոխվել Երևան ու ընդունվել Կորսերվատորիա՝ Ակադեմիական երգեցողություն, դասական վոկալ բաժին։ Պայքարելու է անվճար տեղի համար։ Ինչ վերաբերում է «XFactor»-ին հաջորդած լռությանը՝ Վահեն ասաց, որ դա պայմանավորված էր քննություններին պատրաստվելով. «Ուզում եմ մարդկանց խոստանալ, որ շուտով արդեն նորություններ կունենամ»։
Հարցին՝ այս փուլում իր հայտնիությունը մարե՞լ է՝ հաշվի առնելով պասիվությունը, երիտասարդ երգիչը պատասխանեց, որ մինչև հիմա էլ զգում է մարդկանց սերը, սակայն մեծ աժիոտաժը նվազել է։ «Կարծում եմ՝ երբ նորություններ ունենամ, կկարողանամ վերականգնել դա»,- եզրափակեց Վահեն։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի