Tert.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհներ է փնտրել, սակայն «Թուրքիայի պարզած ձեռքը միշտ օդում է մնացել», գրում է TRT Haber-ը։

«Հայկական հարցի վերաբերյալ ասացինք, որ բացում ենք արխիվները։ Հետո առաջարկեցինք համատեղ հանձնաժողով ստեղծել, մասնագետները թող աշխատեին։ Դրա համար մեծ խիզախությո՞ւն է հարկավոր։ Հայաստանի հետ հարաբերություններում կարգավորում չի եղել։ Հակառակ կողմը միշտ պատճառաբանություններ է գտնում։ Որպես ժեստ մեր նախագահը վարչապետության տարիներին ցավակցական ուղերձ հղեց, դարձյալ չստացվեց»,-ասել է նա։

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ «1915-ի հարցի» առնչությամբ Թուրքիայի հասցեին վատ բաներ են հնչել։

«Գնացեք Եվրոպա և ասեք՝ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Դրա համար պատիժ է սահմանված։ Դա ի՞նչ ժողովրդավարություն է։ Դա ե՞րբ տաբուի վերածվեց։ Ինչի՞ց եք վախենում»,-ասել է նա՝ պնդելով, թե իրականում ապացույցներ, փաստեր չկան, կան միայն քաղաքական խաղեր ու լոբբիստական աշխատանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել